«ՔՕ-ում, չգիտեմ, կա՞ հոդված, որն իրենք «չշալակեն». «ամենամեծ պրոբլեմն այն է, որ սա չդառնա պարտադրանք». փորձագետները՝ կրթօջախների ղեկավարների քաղաքական հայտարարությունների մասին

Պարզվում է՝ Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը չի հետևում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հորդորներին՝ դրսևորել քաղաքական զսպվածություն և կրթական համակարգը զերծ պահել կուսակցականացման և քաղաքականացման ջանքերից։

Դեռևս 2024 թվականին ԱԺ-ում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկելու ժամանակ ԿԳՄՍ նախարարն ասել էր.

«Տնօրենը և համակարգողն իրենց պաշտոնավարման ընթացքում պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն, իրենց պաշտոնեական դիրքն ու աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար: Քաղաքական զսպվածության պահանջը վարքային պահանջ է սահմանում ու նաև համապատասխան պատժամիջոցների հնարավորություն է ընձեռում. եթե որևէ մեկը կխախտի այս դրույթը, ապա համապատասխան հետևանքները կկիրառվեն»։

Այս ամենը անտեսելով, Ռուզաննա Երեմյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավելու վերաբերյալ գրառմամբ, գրելով՝ «պատրաստ է»։ Դրան հետևեցին մի շարք քննադատություններ, սակայն հաջորդ օրը նա ֆեյսբուքյան  ուղիղ եթերում վերահաստատեց իր պնդումը՝ կրկնելով, որ միանում է եկեղեցու դեմ արշավին։

Կարդացեք նաև

Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի խոսքով՝ կրթօջախի տնօրենը նախ պետք է բացի ու կարդա ՀՀ օրենսդրությունը, որ դպրոցն ապաքաղաքական կառույց է և առհասարակ իրավունք չունի մասնակցելու նման քաղաքական գործողությունների։

«Իրավական առումով, այս ամենը դատապարտելի է մեր օրենսդրությամբ, վստահ եմ, որ այդ մարդիկ վաղ թե ուշ իրավական առումով պատասխանատվության են ենթարկվելու, ինչպես իրենց չակերտավոր լիդերը, որն ամեն օր խախտում է ՀՀ Սահմանադրությունը։ Քրեական օրենսգրքում, չգիտեմ, էլ հոդված կա՞, որն իրենք «չշալակեն»։

Ինչ վերաբերում է բարոյական դաշտին, իհարկե, խնդիրը շատ մտահոգիչ է, և մեր ամենամեծ սխալն էլ հենց սա է՝ հայտնվել ենք այնպիսի վիճակում, որ չգիտենք՝ դպրոցում ովքեր են դասավանդում, ղեկավար պաշտոն զբաղեցնում, որոնք հեռու են բարոյականությունից, մի կուշտ փոր հացի համար պատրաստ են վաճառել իրենց սրբությունները»,- 168.am հետ զրույցում նշեց Ցոլակ Ակոպյանը։

Նա խորհուրդ տվեց այն ծնողներին, որոնց երեխաները հաճախում են այդ դպրոց՝ դիմում գրեն և դպրոցից հանեն իրենց երեխաներին։

Հարցին՝ եթե նման հայտարարություն աներ ընդդիմադիր հայացքներ ունեցող մեկը, ապա իշխանությունները նրա նկատմամբ ի՞նչ գործողություններ կիրականացնեին, մեր զրուցակիցը պատասխանեց՝ նման «զոհերից» մեկն էլ ինքն է։

«Երբ ասում էի՝ Արցախը Հայաստան է, կամ ասում էի՝ ապօրինաբար մի բերեք ու ռեկտոր նշանակեք, դրա արդյունքում աշխատանքից ազատվեցի։ Իհարկե, ընդդիմադիր հայացք ունեցողների դեպքում կլիներ աշխատանքից ազատում, քրեական գործերի հարուցում, այսինքն՝ այն ամենը, ինչ արդեն մի քանի տարի է՝ տեսնում ենք։ Նման գործելաոճից արդեն չենք զարմանում։ Մենք բոլորս պետք է մեկ բռունցք դառնանք և այս ամենից ազատվենք, այլ լուծում չեմ տեսնում՝ օրենքի սահմաններում, Սահմանադրական ճանապարհով ազատենք ու ազատագրենք մեր երկիրը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի բնորոշմամբ՝ եթե նման հայտարարություններն ուղղորդված և համակարգված չեն, ապա այդ ամենը կարող են դիտարկել՝ որպես տվյալ մարդու անձնական կարծիքը։

«Այնպես չէ, որ այս ամենը հիմա մասսայական բնույթ է կրում։ Համակարգում աշխատում է 50.000 մարդ, եթե հիմա մի 10 կամ 50 հոգի արտահայտվում են, ապա այդ թվի մեջ այդ 50 հոգին այդքան էլ մեծամասնություն չեն կազմում։ Այստեղ ամենամեծ պրոբլեմն այն է, որ հանկարծ ինչ-որ պարտադրանք, ուղղորդում չարվի։ Հիմա մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որտեղ, ցավոք, չենք կարող ինչ-որ բաներ բացառել։ Միշտ էլ ինչ-որ կողմնակիցներ լինելու են, բայց այստեղ ամենամեծ պրոբլեմն այն է, որ չդառնա պարտադրանք, հարկադրանք։

Եթե ինչ-որ մարդիկ արտահայտվում են, թեկուզ մեզ համար անընդունելի բաներ են ասում՝ նորմալ է, վատն այն կլինի, որ սա չդառնա սիստեմ»,- 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Սերոբ Խաչատրյանը։

Ճշտող հարցին՝ նման հայտարարություն անողը կրթօջախի ղեկավար է, ի՞նչ պետք է երեխաները սովորեն նրանից, կրթության փորձագետը պատասխանեց՝ սա պարադոքսալ հարց է, օրինակ, յուրաքանչյուր մարդ՝ անկախ այն հանգամանքից՝ կրթօջախի տնօրե՞ն է, թե՞ ոչ, իրավունք ունի դիրքորոշում ու քաղաքական կողմնորոշումներ ունենալու։

«Մենք միշտ այդ խնդիրը տեսել ենք, որ ինչ-որ մարդկանց հալածում են ընդդիմադիր հայացքների հետ կապված։ Հիմա այստեղ այս հարցը կա՝ որպես անհատ՝ ինքն իրավունք ունի քաղաքական դիրքորոշում ունենալ, ըստ ժամանակակից արժեքային համակարգի՝ իհարկե, եթե նա դա չի անում դպրոցում կամ դասերի ժամին, կարող է իր քաղաքական կողմնորոշումն ունենալ։

Մյուս կողմից էլ՝ տրամաբանությունն այն է, որ եթե, օրինակ, տվյալ դպրոցում սովորում են տարբեր կողմնորոշումներ ունեցող մարդիկ, աթեիստներ, հավատացյալներ, եկեղեցու կողմնակիցներ և այլն, հիմա եթե տնօրենն ինչ-որ տեսակետ է հայտնում, դա արդյո՞ք խնդիր չէ այն մարդկանց հանդեպ, որոնց կարծիքին հակադիր է։ Ես նորից եմ ասում՝ այստեղ խնդիր չեմ տեսնում, եթե սա դառնա ավելի մասսայական բան, նոր կարող ենք արձանագրել խնդիր»,- հավելեց Սերոբ Խաչատրյանը։

Նա միաժամանակ շեշտեց՝ դպրոցի տնօրենն իր արտահայտությունների մեջ պետք է զգույշ լինի, որովհետև նրա ուսուցիչները, երեխաները, ծնողները հետևում են և դա որևէ կերպ չպետք է արտահայտեն աշխատանքի ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս