
ԱՄՆ-ն կրկին դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից. Reuters

Միացյալ Նահանգները դուրս է գալիս ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ):
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետների։
Գործակալությունը հիշեցնում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է իր երկիրը դուրս բերել մի շարք միջազգային կառույցներից, որոնք նա բազմիցս քննադատել է։
Այս քայլը մեծ հարված կլինի Փարիզում տեղակայված կազմակերպության համար։
The New York Post-ը նույնպես հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյայի։Թրամփը նման քայլեր էր ձեռնարկել նաև իր նախագահության առաջին ժամկետում և դուրս էր եկել, այդ թվում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և կլիմայի շուրջ համաձայնագրից։ Նրան հաջորդող նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին պաշտոնը ստանձնելուց հետո վերադարձրել էր երկիրը ՅՈՒՆԵՍԿՕ, ԱՀԿ և կլիմայի շուրջ համաձայնագիր։
Այժմ Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ դուրս է բերում երկիրը համաշխարհային կառույցներից։ Նա արդեն որոշում է կայացրել երկիրը դուրս բերել ԱՀԿ-ից, կասեցնել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության ֆինանսավորումը։
ԱՄՆ-ն հատկացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր բյուջեի մոտ 8%-ը։ Մինչև Թրամփի կողմից ԱՄՆ-ն առաջին անգամ կազմակերպությունից դուրս բերելն այդ ֆինանսավորումը կազմում էր 20%:
ԱՄՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ին միացել է 1945 թվականին դրա հիմնադրման ժամանակ և առաջին անգամ կազմակերպությունից դուրս է եկել 1984 թվականին՝ բողոք հայտնելով ֆինանսական ենթադրյալ վատ կառավարման և ԱՄՆ-ի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի պատճառով։ Վաշինգտոնը ՅՈՒՆԵՍԿՕ է վերադարձել գրեթե 20 տարի անց՝ 2003 թվականին, Ջորջ Ու. Բուշի օրոք, որը հայտարարեց, որ կազմակերպությունը համապատասխան բարեփոխումներ է կատարել։