Բաժիններ՝

«Նոան» նոր փորձության առաջ է, մրցակիցը` «Ֆերենցվարոշը»

Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» պատրաստվում է հերթական փորձությանը. թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում դիմակայելու է Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշին»։ Թիմը լավ տրամադրությամբ է մոտենում խաղին․ առաջին փուլում «Նոան» պայքարից դուրս թողեց Չեռնոգորիայի «Բուդուչնոստին»՝ սեփական հարկի տակ հաղթելով 1:0, իսկ արտագնա խաղում գրանցելով մարտական ոչ-ոքի՝ 2:2։

Հայկական թիմն անցած առաջնությունում դարձավ երկրի չեմպիոն և ստացավ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում խաղալու իրավունք։ Վերջին շրջանում թիմը շարունակում է ցուցադրել կայուն և վստահ խաղ՝ հատկապես սեփական դաշտում, որտեղ չի պարտվել վերջին 10 խաղերում։

Մրցակիցը՝ «Ֆերենցվարոշը», ևս գերազանց մարզավիճակում է։ Նախապատրաստական փուլում հունգարական թիմը երեք հաղթանակ է տարել ընկերական խաղերում։ Վերջին այդպիսի խաղում նրանք 2:1 հաշվով առավելության հասան Գերմանիայի «Կարլսրուեի» նկատմամբ՝ գոլեր խփելով երկու կեսերում էլ։ Մինչ այդ, 1:0 հաշվով հաղթել էին չեխական «Զլինին»։

Անհամեմատ ավելի փորձառու մրցակցի դեմ խաղից առաջ «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ընդգծել է թիմի մարտական տրամադրվածությունը։

«Մենք մեծ մարտահրավեր ունենք մեր առջև։ Խաղադաշտում կանենք առավելագունը, որպեսզի լինենք մրցակցային և լավ արդյունք գրանցենք։ Շատ ոգևորված ենք այստեղ լինելու համար, և ես հույս ունեմ, որ մեր երկրպագուների օգնությամբ մենք ունակ կլինենք լավ խաղ ցուցադրել», – նշել է Պերկովիչը։

Թիմի ձախ եզրային պաշտպան Գուդմունդուր Թորարինսոնը ևս վստահ է, որ թիմը պատրաստ է բարձր մակարդակով հանդես գալ։

«Ես ինձ շատ լավ և ուժեղ եմ զգում։ Լավ մարզումներ եմ անցկացրել անցող շաբաթների ընթացքում։ Շատ ոգևորված եմ։ Սա այն հանդիպումն է, որտեղ բոլորը ցանկանում են խաղալ։ Ամեն ինչ ըստ պլանավորվածի է», – ասել է ֆուտբոլիստը։

Խաղը տեղի կունենա այսօր` 20:00-ին, Աբովյանում:

Չնայած նրան, որ «Ֆերենցվարոշը» ֆավորիտ է համարվում, «Նոան» տուն է վերադառնում լավ տրամադրվածությամբ։ Չմոռանանք, որ նախորդ տնային խաղում թիմը հաղթեց ու կփորձի կրկնել հաջողությունը նաև այս անգամ։ Մրցակիցը շատ բարդ է, բայց «Նոան» արդեն ապացուցել է, որ կարող է անակնկալներ մատուցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս