
Ադրբեջանը Խաղաղության համաձայնագրի ստորագրումը վերածել է Հայաստանի նկատմամբ լծակի

Ադրբեջանի իշխանություններն այլևս ուղիղ տեքստով հայտարարում են, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիր չի ստորագրվելու։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թբիլիսիում վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է․
«Ես մանրամասն տեղեկացրի իմ գործընկերոջը Հայաստանի և Ադրբեջանի միջև հետհակամարտային շրջանում, ինչպես նաև ներկա փուլում տեղի ունեցող գործընթացների մասին։ Այս համատեքստում ես հայտնել եմ հուլիսի 10-ին Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցությունների և առկա դրական դինամիկայի մասին: Մենք կարծում ենք, որ խաղաղության ճանապարհին կան լավ հեռանկարներ: Մենք իրատեսական ենք համարում այդ ճանապարհն ավարտելը։ Կան կոնկրետ քայլեր այս գործընթացն ավարտելու համար, բայց հայկական կողմը դրանք դեռևս չի ձեռնարկել։ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համար անհրաժեշտ է Հայաստանում անցկացնել հանրաքվե, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառել նրա Սահմանադրությունից և վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։
Բայրամովը նաև հայտնել է, որ մանրամասն քննարկել են Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը՝ կարևորելով ադրբեջանական և հայկական հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցառումների անցկացումը։ «Ընդհանուր առմամբ, խոսելով հետհակամարտային կարգավորման մասին, բոլորս հասկանում ենք, որ սա գործընթաց է։ Սա մի ճանապարհ է, որը չի կարող ավարտվել մեկ օրում կամ կարճ ժամանակահատվածում։ Հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցառումների պլանավորումն ու իրականացումը, հանդիպումների անցկացումը չափազանց կարևոր են»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Օրերս էլ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն էր հայտարարել, թե կարծիք կա, որ Աբու Դաբիում կայացած հանդիպում նադրբեջանական կողմից անցկացվել է կառուցողական հիմքի վրա և գնահատվել է համապատասխան ձևով:
Ըստ նրա, այս հանդիպման մեկ այլ բնորոշ առանձնահատկությունը՝ բանակցային գործընթացում որևէ միջնորդի կամ երրորդ կողմի բացակայությունն էր, և սա ցույց է տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն իրականացվում է բացառապես երկկողմանի հիմքի վրա, և երկու երկրների միջև բանակցություններն այս հիմքի վրա են տարվում են ավելի քան երկու տարի։ Ալիևի օգնականի խոսքով՝ երկկողմ մակարդակով խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում զգալի առաջընթաց է գրանցվել։
«Սա ներառում է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցում, սահմանների սահմանազատում և տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատում, հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգից ռազմական բախման տարրի բացառում և տարբեր վեճերի մակարդակի տեղափոխում։ Մենք կարծում ենք, որ սա կարևոր է նաև տարածաշրջանային խաղաղության օրակարգի տեսանկյունից։ Հանդիպմանը քննարկված թեմաներից մեկը խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերն էին, և ինչպես նշել է նախագահը, Ադրբեջանն առաջարկեց նախաստորագրել փաստաթուղթը որպես ժամանակավոր անցումային միջոց՝ հիմնվելով նաև ստեղծագործական դիվանագիտական մոտեցման վրա։
Այսպիսով, փաստաթղթի նախաստորագրումը որպես անցումային քայլ՝ այս համատեքստում քննարկման առարկա է՝ մինչև Հայաստանի Սահմանադրությանը վերաբերող հարցերի, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման հետ կապված քայլերի իրականացումը»,- ասել էր Հաջիևը՝ ակնարկելով, որ ՀՀ-ում հնարավոր սահմանադրական հանրաքվեից հետո միայն կարող է կնքվել Խաղաղության համաձայնագիր, թեև պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է, և ՀՀ իշխանությունները տևական ժամանակ քարոզում էին, թե միայն մեկ փաստաթուղթը չի կարող լուծել կողմերի միջև առկա բոլոր խնդիրները, ուստի մնացած խնդիրները կարող են լուծվել համաձայնագրի ստորագրումից և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Ադրբեջանը գնում է ճիշտ հակառակ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման ճանապարհով, սահմանների բացման հարցը թողնելով՝ որպես հնարավոր ամենավերջին փուլ։
Ըստ նրա, սակայն, մինչ այդ փուլը, ինչպես նաև Խաղաղության համաձայնագրի ստորագրումը, Ադրբեջանը փորձում է լուծել իրեն անհանգստացնող բոլոր հարցերը։
«Ադրբեջանը չի շտապում, Ադրբեջանը նույնիսկ հայտարարել է, որ իրեն այդ համաձայնագիրն այդքան պետք էլ չէ, առանց դրա ևս Ադրբեջանը կարողանում է իրականացնել իր ներքին ու արտաքին քաղաքականությունը, իսկ հայկական կողմին, ինչպես երևում է, դա ավելի է պետք՝ որպես գոնե փաստաթղթով խաղաղության ամրագրում։ Սակայն Ադրբեջանը սահմանադրական փոփոխությունների իր պահանջով էականորեն հետաձգում է դրա ստորագրումը, իսկ նախաստորագրումն այդքան էլ լուրջ օրակարգ չէ։ Աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում դժվար չէ հասկանալ, թե համաձայնագրի հետաձգումը նման ժամկետով որքան անորոշ է դարձնում դրա ստորագրման հեռանկարը, սակայն որոշում կայացնողը կողմերն են»,- նկատեց վերլուծաբանը։
Չնայած տարաձայնություններին՝ Տարասովը համարում է, որ կողմերը կիսում են նաև որոշ ընդհանուր քաղաքական կողմնորոշումներ, ինչպես, օրինակ, Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը։
«Այս ամենը մեկ ընդհանուր օրակարգի մաս է։ Չնայած Ռուսաստանը կանգնեցրեց պատերազմը, երկար միջնորդական ջանքեր ներդրեց, ներկայումս չի մասնակցում բանակցային գործընթացին։ Ավելին՝ այս երկրների ու Ռուսաստանի երկկողմ հարաբերություններն իրենց ամենալավ փուլում չեն։ Եվ Ալիևը, ձգտելով Հարավային Կովկասում առաջնորդության, դա տարածում է արտաքին բոլոր ոլորտներ՝ և՛ բանակցություններ, և՛ երկկողմ հարաբերություններ։
Չնայած կողմերը բանակցում են, ներկայումս ՀՀ տարածքով անցնող երթուղու հետ կապված հնարավոր տարբերակներն են քննարկում, այդ թվում՝ ամերիկյան առաջարկը, Ադրբեջանն այնուամենայնիվ իր օրակարգն է առաջ մղում՝ հակված չլինելով շուտ ստորագրել համաձայնագիրը, դրա միջոցով նպատակ ունենալով լուծել բոլոր հարցերը։ Իսկ խաղաղության համաձայնագրի ստորագրման հետաձգումը խաղաղության հետաձգում է և ռիսկեր ռեգիոնում։ Համաձայնագիրը կարելի էր շատ ավելի վաղ ստորագրել, ես այդ մասին հաճախ եմ ասել»,- ասաց նա։