
Լեհաստանի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանի տարածքը

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել հանրապետության քաղաքացիներին խուսափել դեպի Ռուսաստան ուղևորություններից և հեռանալ այնտեղից՝ Ուկրաինայում պատերազմի և Ռուսաստանի Դաշնության կողմից Լեհաստանը ոչ բարեկամական պետություն ճանաչելու պատճառով։
Այս մասին հայտնում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Մենք խորհուրդ ենք տալիս Ռուսաստանում գտնվող Լեհաստանի քաղաքացիներին լքել նրա տարածքը, եթե անձնական, ընտանեկան կամ մասնագիտական հանգամանքները չեն պահանջում նրանցից մնալ երկրում», – ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Ռուսաստանում լեհական դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմի շարունակական կրճատման պատճառով Լեհաստանի քաղաքացիներին անմիջական հյուպատոսական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը գնալով սահմանափակվում է, և այն ստանալու համար կարող է պահանջվել շատ հեռավոր հյուպատոսական գրասենյակներ մեկնել»:
«Անվտանգության կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ անկանխատեսելի հանգամանքների դեպքում տարհանումը կարող է զգալիորեն ավելի դժվար կամ նույնիսկ անհնար լինել», – նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ՝ հուլիսի 18-ին, Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ էր արել հանրապետության քաղաքացիներին չմեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ որպես պատճառ նշելով Վարշավայի առկայությունը ոչ բարեկամական երկրների ցանկում և հյուպատոսական անձնակազմի կրճատումը։
Հուլիսի 22-ի X-ի միկրոբլոգում նախարարության գրառման մեջ նշվել է, որ «Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Լեհաստանի Հանրապետության քաղաքացիները Ռուսաստանի օրենսդրության համաձայն համարվում են միայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ»։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանի իշխանություններին տեղեկացրել էր Կալինինգրադում հանրապետության հյուպատոսության փակման մասին՝ ի պատասխան Վարշավայի կողմից Կրակովում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության գործունեության թույլտվությունը չեղյալ հայտարարելու որոշման: