Թուրքիան փորձում է ԱՄՆ ձեռքերով չեզոքացնել ռուս-իրանական ուղիղ ազդեցությունը. հաջորդ պահին փորձելու է լրիվ ինքնուրույն գծի մեջ հանդես գալ. Շիրազ Խաչատրյան

 Թուրքիան հույս ունի, որ որպես տարածաշրջանի երկրներ, «Զանգեզուրյան միջանցքի հարցում կհասնեն կոնսենսուսի: Արդյո՞ք այստեղ միայն Թուրքիային, Ադրբեջանին և Հայաստանին նկատի ունի, թե՞ տողատակում նաև Իրանին մեսիջ կա:

Այս թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

– Կարծում եմ, որ Էրդողանի օգտագործած «կոնսենսուս» եզրույթն այս համատեքստում իրականում չի խորհրդանշում բազմակողմ համաձայնություն։ Դա ավելի շուտ Թուրքիայի ճնշման օրակարգի դիվանագիտական փաթեթավորում է։ Այսկերպ Էրդողանը միաժամանակ ազդակ է հղում հայաստանյան իշխանություններին՝ եթե հայկական կողմը չի համաձայնում թուրքական նախապայմաններին, ապա հենց ինքն է խախտում այդ կեղծ «կոնսենսուսը»։ Այսպիսով, տեղի է ունենում պատասխանատվության մանիպուլյատիվ «փոխանցում» Երևանին:

Թուրքիայի նախագահը փորձում է նաև տարածաշրջանային ճնշումը վերածել թվացյալ ընդունելի գործարքի։ Նա դրանով ընդգծում է, որ Թուրքիան պահպանում է իր ակտիվ ներգրավվածությունը «Զանգեզուրի միջանցքի»՝ թուրքական պատկերացումներով լուծման հարցում։ Սա արվում է մի պարագայում, երբ հայկական կողմը պնդում է, որ հարցը փակված է։

Կարդացեք նաև

Եվ ամենակարևորը՝ այս ուղերձն ուղղված է նաև Իրանին և Ռուսաստանին։ Իրանը բացահայտ դեմ է միջանցքային տրամաբանությանը, իսկ Ռուսաստանը փորձում է պահել իր շահերն ու ազդեցությունը։ Էրդողանի ասածն այն է, որ հարցը հնարավոր է լուծել տարածաշրջանային կոնսենսուսով, որով իրականում փորձ է արվում խաղից դուրս մղել արևմտյան կարևոր դերակատարներին, խնդիրը պահել «տեղային հարթակում», որտեղ Թուրքիան ձգտում է լինել ամենակարևոր և գերիշխող ուժը։

– Կան տեսակետներ, որ ԱՄՆ-ը Թուրքիայի միջոցով է փորձում միջնորդություն ապահովել Հայաստան-Ադրբեջան խաղաղություն հաստատման հարցում: Անգամ Ադրբեջանից նման ակնարկներ եղան: Մասնավորապես, Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը տեղական լրատվամիջոցներից մեկին հարցազրույցում ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ամերիկյան դիրքորոշումը համընկնում է Թուրքիայի դիրքորոշման հետ, միաժամանակ ընդունելով, որ միջանցքի թեման աշխարհաքաղաքական առևտրի առարկա է դարձել:

– Ես չէի ասի, որ ԱՄՆ-ը փորձում է ամեն ինչ վերահսկել, բայց նաև փորձում է զսպել թուրքական ծավալապաշտական նկրտումները: Սա թուրքական կողմում լավ են հասկանում, բայց այս պահին նրանց ձեռնտու են «Զանգեզուրի միջանցքին» առնչվող ամերիկյան առաջարկները կամ ԱՄՆ հովանավորչությամբ նմանատիպ առաջարկի առաջ մղելը, որպեսզի ԱՄՆ-ի ձեռքերով չեզոքացվի ռուս-իրանական ուղիղ ազդեցությունն իրենց վրա: Բայց հաջորդ պահին Թուրքիան կփորձի լրիվ ինքնուրույն գծի մեջ հանդես գալ:

– Ադրբեջանի նախագահ Ալիևն էլ իր հերթին հայտարարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում իր տարածքում թույլ չի տա օտար օպերատոր և արտաքին վերահսկողություն, ավելին, ըստ նրա, Ադրբեջանի քաղաքացիները չպետք է առնչվեն հայ սահմանապահի հետ: Փաշինյանը վերջին ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ այդօրինակ հանդիպումները ՀՀ սահմանային և մաքսային կետերում կարող են տեղի ունենալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, երբեմն՝ առանց կոնտակտի, կենսաչափական անձնագրերով ու բեռների առցանց հայտարարագրմամբ ու սքանավորմամբ։ Ի դեպ, Ալիևը խոսում է իր տարածքի մասին, ինչպես ԵՄ դիտորդների դեպքում, բայց դա չխանգարեց, որ նրանք տեղակայվեն ՀՀ տարածքում, և այսօր էլ Փաշինյանը, ըստ էության, միջանցքի կառավարման արտապատվիրակման գաղափարին դեմ չէ:

– Ալիևը հետևողականորեն կիրառում է ուժի լեզուն՝ ինչպես դիվանագիտական հարթակում, այնպես էլ՝ տեղեկատվական դաշտում։ Նրա՝ «իմ տարածքում օտար օպերատոր չի լինելու»-ի մասին հայտարարությունն ուղղակի մեսիջ է ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային հանրությանը՝ ընդգծելով, որ նա որևէ արտաքին վերահսկողություն չի հանդուրժում նույնիսկ հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների համատեքստում։

Ալիևի այս վստահությունը բխում է ոչ միայն Թուրքիայի բաց և անթաքույց աջակցությունից, այլ նաև Արևմուտքի՝ որոշ դեպքերում՝ լուռ, իսկ երբեմն՝ գործնական հանդուրժողականությունից։ Այդ հանդուրժողականությունը, որն արտահայտվում է միջազգային հարթակներում Ալիևի հանդեպ չափավոր քննադատության կամ նույնիսկ չեզոքության տեսքով, բնականաբար, ընկալվում է Բաքվում՝ որպես խրախուսում։ Այս ֆոնին Հայաստանի գործող իշխանությունները մշտապես հանդես են գալիս պաշտպանական, ոչ նախաձեռնող հռետորաբանությամբ։

Շատ հաճախ պաշտոնական հայտարարությունները հակասական են ու շփոթեցնող հանրային ընկալման տեսանկյունից։ Օրինակ, Փաշինյանի խոսնակի պնդումը կամ հիշեցումը, թե տեղեկատվական դարում անմիջական շփում պետք չէ՝ մտնող-դուրս եկողին ֆիքսելու համար, բացահայտում է վտանգավոր միտումներ։ Օրինակ, հաստատվում է, որ Հայաստանն ինքնուրույն վերահսկողություն չունի իր սահմանի վրա, և փորձ է արվում այդ վերահսկողության բացակայությունը ներկայացնել որպես նոր նորմ կամ տեխնոլոգիական լուծում, ինչը կեղծ օրակարգ է։ Սա ոչ այլ ինչ է, քան պետական դիրքորոշման փլուզում։

Երբ հայկական կողմը հանդես է գալիս իբր մանևրող, խճճված և անորոշ դիրքերից, իսկ ադրբեջանական կողմը՝ սուր, ուղղակի ու ճնշող ուղերձներով, բնականաբար խաթարվում է միջազգային վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Ալիևը կառուցում է իր իրականությունը՝ հիմնված ուժի, իրավունքի շահարկման և միակողմանի պարտադրանքի վրա։ Իսկ Հայաստանը, խուսանավելով և հակասական ուղերձներով հանդես գալով, ոչ միայն կորցնում է դիվանագիտական հենարանները, այլ նաև ներքին հասարակության մոտ խորացնում է անվստահությունը։

– Իսկ Իրանը շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում առաջ տանել իր կարմիր գծերը, որ այս ծրագիրը չի կարող իրականացվել իրանական շահերի անտեսմամբ, ավելին, որ Հայաստանի՝ այլ երկրների, մասնավորապես՝ եվրոպական երկրների հետ համագործակցության զարգացումը չի կարող տեղի ունենալ ի վնաս Երևանի և Թեհրանի հարաբերությունների:

Այո, Իրանի դիրքորոշումը՝ կապված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման գաղափարի հետ, շարունակում է մնալ հետևողականորեն մերժողական։ Թեհրանն այն դիտարկում է՝ որպես սպառնալիք տարածաշրջանային կայունության և անվտանգության համար, և ընկալում է՝ որպես կարմիր գիծ, որի անցումը կարող է հանգեցնել լուրջ ռազմաքաղաքական հետևանքների։

Իրանի խորքային մտահոգությունները՝ անվտանգային միջավայրի փոփոխության, տարածաշրջանային մեկուսացման հավանականության, Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ռազմավարական անվստահության հարցերի շուրջ, հաստատում են, որ որևէ արտաքին ճնշում կամ ընթացիկ միջազգային վերադասավորում չի կարող փոփոխել Թեհրանի ընկալումները։

Չնայած Իսրայել-Իրան կարճատև պատերազմը լուրջ հետևանքներ է թողնում Իրանի ռեսուրսների և դիվանագիտական կապիտալի վրա, Թեհրանը փորձում է շարունակել գործնականում ամրապնդել իր հարաբերությունները Հայաստանի հետ՝ խորացնելով ենթակառուցվածքային համագործակցությունը, հատկապես՝ Մեղրիի անցակետի, Հյուսիս-Հարավ մայրուղու և տարանցիկ այլ նախագծերի շրջանակում։

Եթե հետևենք մշտադիտարկման արդյունքներին, կտեսնենք, որ Իրանն այսօր էլ պատրաստակամ է կիրառելու բոլոր հնարավոր քաղաքական և տնտեսական խաղաքարտերը՝ «միջանցքային» նախագծի հնարավոր միջազգային լեգիտիմացմանը հակազդելու նպատակով։ Վերջապես հատկանշական է նաև, որ մինչ օրս Իրանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա կամ ռազմական գործիչ հրապարակայնորեն չի ակնարկել որևէ զիջման կամ պայմանավորվածության հնարավորության մասին՝ այս հարցում անշեղ պահելով կարմիր գծի տրամաբանությունը։

Տեսանյութեր

Լրահոս