Բաժիններ՝

Ինչպե՞ս կարող են քաղաքացիները ստուգել՝ արդյոք աշխատանքային գրքույկը թվայնացվա՞ծ է, թե՞ ոչ

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել երկարաձգել քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնելու ժամկետը: Դրա համար ժամկետ է սահմանվել ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը:

«Եթե ներկայումս չաշխատող անձն ունի աշխատանքային գրքույկ որևէ  ժամանակաշրջանի, և այն թվայնացված չէ, ապա անձը անձնագիրն ու աշխատանքային գրքույկը  ներկայացնում է  իր բնակության վայր կամ իրեն հարմար սոցապծառայության տարածքային որևէ բաժին:

Իսկ եթե աշխատող անձն ունի չթվայնացված գրքույկ, որը, ասենք, նախորդ գործատուն չի ներկայացրել և նույնիսկ 2017թ. հունվարի 1-ից հետո աշխատանքի է անցել և այս վերջին գործատուի մոտ չի ներկայացրել գրքույկը, որովհետև գրքույկ վարելու կարգի ուժը կորցրած է, պետք է իմանա, որ գործատուները ՊԵԿ էլեկտրոնային կարգով են ներկայացնում աշխատանքի ընդունվելու մասին փաստը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սոցիալական ապահովության ծառայության կազմակերպությունների և քաղաքացիների հետ  համագործակցության բաժնի պետ Նոնա Սարգսյանը:

Նրա խոսքով՝  եթե անձը, ով աշխատել է, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ չի կարողացել աշխատանքային գրքույկը ներկայացնել, որպեսզի թվայնացվի, անգամ այս դեպքում աշխատանքային ստաժը չի վտանգվում, պարզապես հիմա համընդհանուր ընթացակարգով պետք է ներկայացնեն բոլորը:

«Հայկական բնավորության համաձայն՝  քաղաքացիներին, հատկապես՝ գործատուներին, կխնդրեի՝ գործը չթողնել վերջին օրվան, որպեսզի արհեստական կուտակումներ չստեղծվեն, գործընթացն ավելի չբարդանա, առանց այդ էլ երկար ժամանակ չունենք, ցանկալի կլինի, որ հիմիկվանից ներկայացնեն թվայնացման»,- հորդորեց Սոցիալական ապահովության ծառայության կազմակերպությունների և քաղաքացիների հետ  համագործակցության բաժնի պետը:

Հարցին՝ ինչպե՞ս կարող են քաղաքացիները ստուգել՝ արդյո՞ք աշխատանքային գրքույկը թվայնացված է, թե՞ ոչ, Նոնա Սարգսյանը պատասխանեց.

«Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ քաղաքացին, ով ուզում է տեղեկանալ՝ իր աշխատանքային գրքույկը թվայնացվա՞ծ է, թե՞ ոչ, կարող է էլեկտրոնային կամ առձեռն դիմում ներկայացնել: Պարտադիր է, որ դիմումում  նշվի այն էլեկտրոնային հասցեն, որին ծառայությունը կարող է թվայնացման մասին տեղեկատվությունը փոխանցել: Եթե թվայնացված է՝ լուսապատճենն ուղարկում ենք, եթե ոչ՝ տեղեկացնում ենք, որ թվայնացված չէ»:

Հիշեցնենք, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունն աշխատանքային հարաբերություններում: Գործատուն, կառավարության սահմանած կարգով, 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները հանձնում է լիազոր մարմնին՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով, ապա վերադարձնում է աշխատողներին:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս