«Բրոնզագույն և բոսորագույն տերևներ». Գայ Դավենփորթ

Նա քնում է երկաթյա մահճակալի վրա, եւ նրա միակ եկամուտը այն հոնորարներն են, որ նրան է վճարում Պետությունն այն բանի համար, որ օգտվում է նրա դիմանկարից մեր փոստային դրոշմանիշներում: Ասում են, նա կարող է ժամերով նստել եւ հայել Նիցշեի կիսանդրին: Նրան դուր է գալիս ընկերների հետ հեռախոսով ճամարտակելը: Նա մեն միակ զարդ է կրում` Երկաթյա Խաչը: Դա եւ մեկ էլ Կուսակցության թեւկապը` ահա այն ամենը, որ ինչ-որ ձեւով այլազանություն է մտցնում նրա համազգեստի տաղտկալի պարզության մեջ:

Նրա սիրելի կոմպոզիտորը Անտոն Բրուկներն է, ում սիմֆոնիաների կտրուկ ներգործությունն ու հարմոնիկ պրոգրեսիաները նրան հիշեցնում են հին Գերմանիայի, լեռների ու անտառների, իրենց թերթերով, շախմատներով, բնազանցության շուրջ զրույցներով եւ գիտական ամսագրերով սրճարանների մասին, պարզկա աշնան ու միգաքուլամների Գերմանիայի մասին, երբ գյուղակների միջեւ փռված արահետները ուրվագծված են ծառերով, որոնց տերեւները, բրոնզագույն եւ բոսորագույն, այրվում են ինչ-որ հիացքով, արեւի շողերի տակ, օրվա վերջում: Այդպիսի մի օր նա մեկից այցելեց Վագների այրուն եւ Նիցշեի քրոջը:

Ճանապարհին նրան հաճախ էին կանգնեցնում գեղջուկները, որ կամենում էին արտահայտել իրենց հիացմունքը: Նրանք գիտեն, որ նա քաղցրակեր է, պաշտում է նշաբլիթը, այդ պատճառով հյուրասիրության համար նրան ափսեներով նշաբլիթ են բերում: Նա կատակում է, թե կազմվածքը կփչացնի, նա` այդչափ վտիտ ու նիհար: Այդուհանդերձ, թխվածքը վերցնում է, ծամում է այն, իսկ պառավները ծափ են զարկում եւ ափերը սեղմում այտերին: Նա հատկապես սիրում է երեխաներին: Նրա հայացքը բոցկլտում է բաց գույնի մազերով փոքրիկ կապուտաչյա աղջնակ տեսնելիս:

Վագների այրու հետ նա քննարկում է Նիբելունգների մատանին, Նիցշեի քրոջ հետ` հրեաների քաղաքական հարցը: Նա փիլիսոփայի գրասեղանը, նրա պարզունակ գրամեքենան, ուսանողական տարիների մենամարտի սուսերը, իտալական թիկնոցը դիտելու թույլտվություն է խնդրում: Նրան ցուցադրում են փիլիսոփայի թեյի գավաթը, եւ պատշաճ հարգանքով նա պատասխանում է, որ չի խմում ոչ թեյ, ոչ սուրճ, ալկոհոլ չի օգտագործում, եթե չհաշվենք Կուսակցության յուրայինների շրջանում ժամանակ առ ժամանակ պարպած մի քանի գավաթ գարեջուրը:

Կարդացեք նաև

Նրա կյանքը խստաշունչ է: Ինչպես հաստատում են ոմանք, նրա հոգու ընկերն էր մի հիասքանչ դերասանուհի, ում զվարթ ծիծաղը եւ հաճելի շարժուձեւը զարդարում են նրա պետական հոգսերը բավարական աշխատանքային գումարտակները հսկելու ողջ օրից հետո, դիվանագետների, գեներալների եւ ճարտարապետների հետ հանդիպումներից հետո, զննելով սպառազինման մոդելները, օրինակելի կոմունաներն ու զորանոցները: Նրան ամեն ինչ հայտնի է: Նա խորապես հետազոտել է բոլշեւիզմը, պետական ֆինանսները, պաշտպանությունը, ցեղային մաքրությունը, ճակատագիրը, գերմանական ոգին, երաժշտությունը, քաղաքային նախագծումը, ռազմական պատմությունը եւ դիետետիկան:

Նա խոսում է միայն գերմաներեն: Մենք բոլորս դյութիչ ենք համարում, որ միակ օտարամուտ բառը, որ նա գիտի, դա անգլերեն ջենթլմեն բառն է: Նա հարգում է գիտունությունն այլոց մեջ: Ֆրիդրիխ Մեծի ժամանակներից սկսած մենք այդպիսի ինտելիգենտ առաջնորդ չենք ունեցել: Նրան հիացնում է Մուսոլինիի լեզուների հանդեպ շնորհը, նրա գրական տաղանդը, կազմակերպչական հանճարը, առ հաղթական շքահանդեսներն ու հռոմեական արժանապատվությունը նրա դասական հակվածությունը:

Նա հիանալի հումոր ունի: Մի անգամ, իր «Մերսեդեսով», օդաչուի սաղավարտով, որպեսզի սանրվածքը չխաթարվի, նա ընդամենը մի քանի մղոն արագությունը գերազանցեց, եւ մոտոցիկլով ոստիկանը ստիպեց նրան դուրս գալ մայթեզր:

– Հետեւեք ինձ, ասաց ոստիկանը, մինչեւ հաջորդ քաղաքի Մագիստրատը, որտեղ ձեզ ցույց կտան:
– Հետեւեք նրան,- հրահանգեց նա իր կապրալ-վարորդին:

Ոստիկանը, դու մի ասա, չէր ճանաչել «Մերսեդեսի» մարդուն, քանի որ նա օդաչուի սաղավարտով էր, սակայն Մագիստրատի հսկիչը միանգամից հասկացավ, թե ով է շինություն մտնում, եւ պատվի կանգնեց, եւ ինքը՝ ոստիկան դատավորն էլ պատիվ բռնեց, եւ բոլորը քարացան:

– Ինձ բռնել են արագությունը գերազանցելու համար, եւ քանի որ ես սպիդոմետրին ուշք չէի դարձրել, ես չեմ սկսի մեղադրել իմ վարորդին, այլ ողջ պատասխանատվությունը ինձ վրա կվերցնեմ, ինչպես եւ պատշաճ է ճշմարիտ քաղաքացուն: Գերմանացիք օրինապահ ժողովուրդ են, այդպես չէ՞:

– Այո,- գոչեցին բոլորը:
– Զիգ,- գոչեց նա:
– Հայլ,- արձագանքեցին մյուսները:

Եվ նա տուգանքը վճարեց: Մեքենային մոտենալիս նրան կանգնեցրեց մի փոքրիկ կապուտաչյա, բաց գույնի մազերով աղջնակ, որը նրան ափսեով նշաբլիթ մեկնեց: Նա կերավ այն, գրկեց աղջնակին ու համբուրեց: Նրա մայրն ու բոլոր մյուսները լիակատար հիացմունքով նայում էին նրանց: Հեռանալով, նա մարդկանց ձեռքով արեց, եւ ետ դեպի Բեռլին` առ պատասխանատվության անագորույն բեռը:

Նա նրբաճաշակ արվեստների գիտակ է եւ հաճախ էր ապշեցնում գեղագիտության պրոֆեսորներին: Նրան դուր են գալիս հեկեկացող ծաղրածուներով նկարները` այդ սյուժեում մեծ հաջողության կհասներ Ռեմբրանդտը, եթե նա մինչեւ մեր օրերը ապրեր: Նա գարեջրի կավե գավաթներով եւ խաղողով, որի տերեւները փառակալել են, սեղանի շուրջ ընտանիք պատկերող ժանրային տեսարաններ է հավաքում: Նրան չեն գրավում այլասերվածների ցինիկ խզբզոցները, որ այդքան ճանաչված էին հետպատերազմյան ճգնաժամի տարիներին: Լավ գծանկարը նա միշտ կտարբերի, ինչպես նաեւ՝ գույնն ու համաչափությունը: Նրա վիեննական ճաշակի դյութիչ գիծը` նրա թուլությունը օպերետաների եւ ռոմանտիկական թեմաներով ֆիլմերի հանդեպ:

Նրա խոսքը էներգիայով է լիցքավորում: Մանրուքների հանդեպ նրա ուշադրությունը լարվածության մեջ է պահում ճարտարագետներին ու տակտիկներին: Արդյունաբերողներն ու բանկիրները խորհրդակցություններից դուրս են գալիս՝ ախ քաշելով նրա խորը գիտելիքներից հենց իրենց գործունեության ոլորտներում:

Սեղանի շուրջ նա փայլում է: Նրան դուր է գալիս իր հյուրերին զբաղեցնել պատմությամբ եւ փիլիսոփայությամբ, որոնք նա կարող է հասանելի եւ գրավիչ դարձնել նույնիսկ ամենաթերզարգացած մտքի համար: Դրա հետ մեկտեղ, ինչպես բանաստեղծ՝ նա կարող է խոսել լեռնային բնանկարների մասին, դերասանների ու խմբավարների մասին, գորգի զարդանախշի, սալաթային ուտեստների բաղադրիչների մասին:

Նա բուսակեր է, եւ խուսափում է սպանության դաժանությունից: Թոշակի անցնելուց հետո նա պատրաստվում է դառնալ առ գեղանկարչությունը, մի քանի լավ աշխատանքներ թողնել Պետության թանգարաններին, որպես իր ժառանգություն: Զվարճալի է, այդպես չէ՞ արդյոք, որ ըստ էության՝ նրա հոգին բոհեմական է, գեղարվեստական, երազային: Նա ասում է, որ լիովին երջանիկ կլիներ՝ ծածկապատշգամբում համեստ կյանք վարելով, սրճրանում իր եղբայրակից արվեստագետներին հանդիպելով, անվերջորեն խորհրդածելով լույս ու ստվերի գաղտնիքների մասին: Սակայն, հենց այդ բանականությունն էր ճակատագիրն ընտրել այն բանի համար, որպեսզի նա կարողանա տեսնել պատմության ճշմարտությունը ամենապարզ հեռանկարով, եւ նա Պարտքից երես չթեքեց, երբ Նա նրան կանչեց շեփորով ու դրոշով, այն պահին, երբ Գերմանիան իր տեղն էր գրավել բոլոր ազգերի գլխին կանգնած: Գերմանիան ամենից վեր է:

Նրա ամաչկոտությունը շատերին էր իր կողմը գրավում: Մի անգամ, երբ նա դեռ սկսնակ քաղաքագետ էր, նրա վրա ուշադրություն դարձրեց մի բարձրաշխարհիկ տիկին եւ նրան հրավիրեց երեկոն անցկացնելու իր առանձնատանը: Նա եկավ պաշտոնական կոստյումով` գուցե թե, ի զարմանս իր որոշ չարախոսների: Ձեռքերը նա համեստ դրել էր ծնկների վրա, ստիպված հրաժարվելով ըմպելիքներից ու նիկոտինից, որ ժամանակ առ ժամանակ նրան էին առաջարկում շքազգեստներով ծառաները: Եթե չհաշվենք ինչ-որ անիմաստ բլբլոցը զանազան բարձրաշխարհիկ անբանների հետ, նա ողջ երեկո ոչինչ չասաց, եւ միայն երբ հյուրերը սկսեցին ցրվել, նա կանգնեց դռան մոտ եւ մի հիասքանչ խոսք ասաց հրեության, կոմունիզմի, աթեիզմի, մամուլում տիրող կեղծիքի եւ զվարճանքների ու արվեստի աղաղակող անբարոյության մասին: Թեթեւամիտ տոնայնությունը, որով ներթափանցված էին այդ երեկոյի բոլոր զվարճանքները, մեկից ավելի սթափ դարձավ: Դեմքերը, որ մի քանի վայրկյան առաջ անհոգ ու տխմար էին, համակվեցին մտահոգ արտահայտությամբ: Դա հիասքանչ հանդիսանք էր:

Կան բազում վկայություններ առ այն, որ կասկածամիտները հանուն զվարճանքի գալիս էին Առաջնորդի մոտ խմբակային պարապմունքների եւ լքում էին դրանք՝ վերափոխված, նոր մարդ դարձած: Նա երբեք չի շվարում: Ամբիոն բարձրանալով, որպեսզի Հինդենբուրգի հիշատակին ներբողյան կարդա, այդ մեծ մարդու թաղման օրը, եւ թղթապանակը բանալով՝ պարզեց, որ ինչ-որ անփույթ ծառայող իր մանրակրկիտ ընտրած բառերի փոխարեն այնտեղ էր դրել, հավանաբար, Վայմարի Գալյատերի ֆինանսական հաշվետվությունը: Նա անցավ իմպրովիզացիայի, եւ հազարավոր ունկնդիրներից ոչ մեկը ոչինչ չկասկածեց: Նա կարող է, զորքերը տեսչական ստուգման անցկացնելիս, ժամերով ձեռքը ողջույնի պարզած պահել: Նրա առողջությունն ապշեցուցիչ է, եւ նա երբեք բժիշկներին չի այցելում, դե միայն այն բանի համար, որպեսզի քննարկի իր ժողովրդի առողջությունը: Նա ու բժիշկը սովորաբար ուրախ ծիծաղում են: Գերմանական ազգն այնքան առողջ է, որ ո՞ւմ են պետք բժիշկները:

Նա օրինակելի հանդուրժողականության նմուշ է: Երբ մի անգամ տեղակալը նրան հարցրեց, թե արդյո՞ք հարկ է ֆրանսիական արվեստը համապատասխանեցնել նացիոնալ-սոցիալիստական գաղափարներին, նրա պատասխանն այսպիսին էր.

– Մտածել անգամ չեմ ուզում այն մասին, որ այդքան սրամիտ ու ճարտար ժողովրդին ճաշակ թելադրենք:

Փարիզյան Օպերան նա աշխարհում ամենահիասքանչ կառույցն է համարում: Նրան դուր են գալիս տրանսօվկիանոսյան շոգեքարշների եւ ինքնաթիռների արդի ձեւերը: Իր գրասենյակի սեղանի վրա նրան դուր է գալիս քրիզանթեմներով ծաղկաման ունենալ, որ փայլփլում է պատուհանից ներս թափանցող լույսի ներքո:

Մեր բանականությունը անդրադարձվում է նրա կարծիքներով: Իսպանիան Ֆրանկոյի տակ կփրկի կաթոլիկ արեւմուտքը, ինչպես դա արդեն եղել է Ֆիլիպ 2-րդի ժամանակներում: Ռուս գյուղացու տոկունությունը կարելի է որոշել նրա հացով: Հոգեվերլուծությունը` հրեական գարշելիություն է, որ լկտիաբար փորձում է գիտության տեղ անցնել: Իտալացիները` ռոմանտիկ են ու փքուն: Գերմանական ոգին ամենից լավ արտահայտել է Վագները: Գերմանացիներին բնութագրում է պատասխանատվությունն ու աչալրջությունը, հրեաներին` ուխտադրժությունն ու կեղծավորությունը, ռուսական ինտելիգենցիային` բթությունն ու անհամությունը, ամերիկացիներին` ծուլությունն ու տխմարությունը, անգլիացիներին` մեծամտությունն ու մանրապճեղությունը, լեհերին` տգիտությունն ու ծախվածությունը:

Դոկտոր Գեբելսը որսում է նրա յուրաքանչյուր խոսքը, Գերինգը նրան եղբոր պես է սիրում: Նրա հավատարիմ աշխատակիցները ուրախ են նրա ներկայության համար:

Ճիշտ չէ, որ իր քառակուսի բեղերը ընդօրինակված են Չապլինից, կամ որ Կուսակցության միտինգները փոխառում են ամերիկյան ֆուտբոլային խաղի գոչյուններն ու ողջույնի ճիչերը: Առաջնորդի նախասիրություններն են` արձակուրդները լեռներում, ձայնասկավառակները, բատոմոբիլով ճամփորդությունները, տնային կինոֆիլմերը եւ նեոդասական շինությունների նախագծումը: Խորհրդակցությունների ժամանակ ամենայն ուշադրությամբ լսելով իր մինիստրներին, նա մի ձեռքով նոթատետրի մեջ հաղթակամարներ է գծում: Նա լսողություն ունի Գյոթեի հուժկու տողի համար: Նա սիրում է շներին:

Շպենգլերը նկատում է, որ գերմանացիների բնորոշ առանձնահատկությունն է` գիտակցել պատմական պահը հենց այն ժամանակ, երբ նա վրա է հասնում: Հենց այդպես: Արդյո՞ք արտաբերվել են ավելի անկեղծ խոսքեր: Այդ հոկտեմբերին օդի մեջ ծավալվում է էլեկտրական հուզմունքը, ամենուր` ինչ-որ քաղցրավետություն է: Մենք, ինչպես հայտնի է, գիտական բնույթի սթափ ժողովուրդ ենք, մեր խմորագնդիկներով, գարեջրով եւ յուղոտ արնաշաղախ պուդինգով, մեր լարային նվագախմբերով, որոնք նույնիսկ համեստագույն գյուղակներում ունակ են կազմակերպելու Բրամսի եւ Բեթհովենի երաժշտության երեկոներ, մեր անզուգական դպրոցներով եւ համալսարաններով, մեր երիտասարդությամբ, այնքան ուժեղ, առողջ եւ գեղեցիկ: Եվ այդ ամենը` հանուն նպատակի, նպատակի, նպատակի, հնարավոր է առավել մեծ, քան այն ամենը, որ ձեռնարկվել է աշխարհարարման սկզբից ի վեր:

Եվ ինչ-որ տեղ ընդմեջ այդ շողշողուն աշնան, բրոնզագույն եւ բոսորագույն տերեւներով բոցկլտացող ոլորուն ճանապարհներով, մեր առաջնորդին է տանում նրա հպարտ կապրալ-վարորդը: Նա սիրում է Գերմանիան եւ գիտի, որ Գերմանիան էլ իրեն է սիրում: Նա կանգ է առնում զրուցելու երեխաների,

ֆերմերների, սիրող տատիկների, կարմրատակած այտերով աղջիկների հետ, որոնց պարտավորեցնում է հայրենիքի համար առողջ երեխաներ ծնել: Գուցե թե նա կանգ է առել, որ այցելի ֆրաու Էլիզաբեթ Ֆյորստեր-Նիցշեին, ում կիրքն առ ամենայն տեւտոնականը նույնքան զորեղ է, որքան եւ իրենը: Նրանք նստած են աշնանային ծառերի տակ, հիասքանչ օդին, նշաբլիթով եւ Զելտերյան ջրով: Հայտնի քույրը Ֆրիցին մտաբերելով՝ թաշկինակով սրբում է աչքերը: Առաջնորդը նստած է, հարմարավետ ոտքը ոտքին գցած` այս դիրքը նա իրեն թույլ է տալիս միմիայն ընկերների եւ հավասարների շրջապատում: Նա կանանց հետ սովորաբար երկչոտ է (Մի խորաթափանց գրող նկատել է, որ նրա կինը` Գերմանիայի անդրանցական գաղափարն է), բայց Նիցշեի քրոջ հետ նա իրեն անկաշկանդ է զգում:

Նրանք զգում են, որ նրա ոգին, ինչ-որ տեղ նրանց կողքին է, միմյանց ընդհատելով՝ մեջբերում են հուժկու ասույթները, որոնք ֆրաու Ֆյորստեր-Նիցշեն ժողովել է «Կամք առ իշխանություն» երկում: Նրանք այդ գործն անգիր գիտեն: Նրանք, ում բախտ է վիճակվել նրանց միասին տեսնել, պնդում են, որ նրանց ձայները միաձուլվելով՝ վերածվում էին ինչ-որ երաժշտության: Վսեմ ուղեղներ, վսեմ բառեր, վսեմ սրտեր: Սակայն այդ հովվերգությունը բանաստեղծի համար, այդ պատմական նշանակության ժանրային տեսարանը գեղանկարչի համար միայն վսեմ չի մնում: Ինչպես եւ բոլոր քաղաքակիրթ մարդիկ, նրանք սիրալիրություններ են փոխանակում, եւ Առաջնորդի հմայիչ ծիծաղը հիշեցնում է այն զվարթ ֆրազները ժողովրդական պարերից ու գեղջկական երգերից, որոնք Բեթհովենը իր բերկրանքի մեջ չէր կարողանում խեղդել նույնիսկ ամենալուրջ կոմպոզիցիաներում:

Այդպես, մենք չենք կարող, ջանալով Առաջնորդի բնավորության էությունը հասցնելով երեխաներին եւ սովորողներին, ձգտել եւ պահպանել նրանց համար այդ աշնանային օրվա կախարդանքը, ծառերի տակ կայացած զրույցի վեմագույն լրջությունը, այնքան քնարական ու հիասքանչ, դե, նաեւ հենց Առաջնորդի մարդկային կայտառությունը այն պահին, երբ Նիցշեի քույրը փորձում է նրան գայթակղել եւս մի փքաբլիթո՞վ:

ԽԱՅԼԵ ՍԵԼԱՍԻԵՅԻ ԹԱՂՄԱՆ ԳՆԱՑՔԸ

Խայլե Սելասիեյի թաղման գնացքը դուրս եկավ Դովիլից ուղիղ ժամը 15։00-ին, այնքան դանդաղ, որ մենք լուռ լողացինք կառամատույցի կողքով, որի վրա հովանոցների տակ համր շարվել էին երկարափեշ սերթուկներով պարոնները, շքեղազարդ գլխարկներով տիկնայք թաշկինակները սեղմում էին շուրթերին, իսկ կապույտ աշխատանքային խալաթներով բեռնակիրները զգաստ կանգնած էին: Փողային նվագախումբը «լյա»-ով Ստենֆորդ էր նվագում:

Մենք թափ հավաքեցինք գազամբարների մոտ, եւ վագոնավարը հսկիչների հետ գնացին վագոնով մեկ, տոմսերը դակելով եւ անձնագրերը ստուգելով: Մեծամասնությունը մեզանից ձեռքերը ծնկներին դրած նստած էր: Ես մտածեցի Ադիս Աբեբայի զովաշունչ թզարմավների մասին, մերկ ոտքերի վրա ճերմակ գետրիներ նկարած ոստիկանների մասին, զանգուլակով ծավալվող ուղտի մասին, որը տանում էր արեւից այրված եւ չալմայով փաթաթված Ռեմբոյին Դենակիլի միջով:

Մենք անցնում էինք մաքուր ֆերմաներն ու խոզանոցները, ձիթապտղի պուրակներն ու խաղողանոցները: Հենց որ վագոնավարն ու հսկիչներն անցան կողքի վագոն, մենք սկսեցինք ավելի հարմար տեղավորվել եւ միմյանց հետ զրուցել:

– Բաց աչքերով քառասուն տարի քնեցի,- իր ուղեկցին ասաց մեջքիս հետեւում կանգնած կինը, իսկ նա պատասխանեց, որ դա իրենց մոտ ընտանեկան բան է:

– Հրեաներ են,- արտահայտվեց մի գեր մարդ վագոնով մեկ:

Շատ տարիներ անց, երբ ես պատմեցի այդ հանդիսավոր ուղեւորության մասին Խայլե Սելասիեյի թաղման գնացքով Ջեյմս Ջոնսոն Սուինիին, նա ապշեց այն բանից, որ ես էլ եմ այնտեղ եղել:

– Աստված իմ, ինչ գնացք էր: Ինչ ժամանակներ էին: Անհավանական է այսօր հիշել նրանց, ովքեր գնում էին նրանով: Այնտեղ էր Ջեյմս Ջոյսը, ես էլ այնտեղ էի, Սորբոնի եւ Օքսֆորդի պրոֆեսորները, ամենաքիչը մի չինացի ֆելդմարշալ եւ «Լա Պրենսիի» ողջ նահանգը:

Ես ու Ջեյմս Ջոյսը նրան չտեսանք: Աշխարհը 1936 թվականին խիստ տարբերվում էր նրանից, ինչ որ է այժմ: Ես գիտեի, ինչ-որ տեղ գնացքում է նաեւ Ապոլիները: Ես տեսել էի նրան ճմրթած լեյտենանտական համազգեստով, գլուխն ամբողջովին բինտով է փաթաթված, փոքրիկ մարտական սխրանքների համար տրված խաչը կապել էր սուսերակապին: Նա նստած էր լարված, լայն ափերը հանգչել էին ծնկների վրա, դունչը հպարտ ցցած էր:

Պենսնեով մորուքավոր մարդը, երեւի թե, նկատել էր, թե ինչ պատկառանքով եմ ես զննում Ապոլիներին, քանզի տեղից ելավ, մոտեցավ ու ձեռքն ուսիս դրեց:

– Այդ մարդուց հեռու մնացեք,- դանդաղ արտաբերեց նա ականջիս,- նա պնդում է, թե կայսր է:

Կարեկցանքը, որ ապրում էի վիրավոր բանաստեղծի նկատմամբ, արտացոլվում էր կողքանց թարթող տրտում ֆերմաներում: Մենք տեսնում էինք, թե ինչպես էին կովերին արոտավայրերից տուն քշում, թե ինչպես են իրենց երեկոյան խարույկների շուրջ նստած գնչուները, թե ինչպես են դրոշի եւ բերանը բացած թմբկահարի ետեւից երթի ելել զինվորները:

Մի անգամ մենք լսեցինք, թե ինչպես շրթհարմոն են նվագում, բայց տեսանք միայն անկյունի հանքահորի պատը:

Ժամանակ առ ժամանակ Ապոլիները իսկական գերմանացու տեսք էր առնում, այնպես, որ նրա բինտով փաթաթված գլխի վրա հեշտ էր տեւտոնական սաղավարտ պատկերացնելը, սկուտեղով` բեղերի ծիծառային թեւերը, իսկ քնքուշ աչքերում` կարգուկանոնային ապուշության փայլը: Նա Գիլյոմ էր, Վիլհելմ: Ձեւերը հնանում են, փոխակերպումը` ոչ միշտ է աճ, ստվերներում միշտ պատանդ կա` լույսը, իսկ ամայի միջօրեում` թափառական ստվերներ, ալ կարմիրը` որթի կանաչում, կանաչը` ամենաալ գինու մեջ:

Մենք անցանք քաղաքը, ուր, ինչպես Ռիչմոնդում, փայտյա տների մոտ, որոնց կարնիզներից կախված էին թիթեռնածաղիկները, աճում էր պարսկական եղրեւանին, իսկ բակերում կանգնած էին այգու մկրատներով ու կողովներով կանայք: Ես տեսա, թե ինչպես է պատուհանի մոտ կանգնած լուսամփոփով մի աղջիկ, թե ինչպես տարեց մի նեգր բանջոյի նվագակցության տակ ոտքերն էր տարուբերում, տեսա ծղոտե գլխարկով մի ջորի:

Ջոյսը նստած էր աջից առաջին կուպեի խոհանոցային սեղանիկի մոտ, մրոտված մի կացարան, եթե մտնես չորրորդ քնավագոնը, լոկոմոտիվից ու տենդերից հաշված: Նրա աչքերը, ակնոցով խոշորացած, ոսկե ձկնիկներ էին թվում, որ կլոր ակվարիումի մեջ ետ ու առաջ են լողում: Նրա մեջքի ետեւում տեղադրված էր լվացարանակոնքը, ծորակի մոտ` օճառի մի կտոր, ժամանակի ընթացքում դեղնած ժանեկաձեւ վարագույրներով պատուհանը: Վագոնիկով առանձնացած կանաչ պատի վրա կախված էր մանուշակագույն եւ վարդագույն տոներով ոսկեջրած Սուրբ Սիրտը, ութսունականների գեղեցկուհիներից մեկի լուսանկարով բացիկը` մի ձեռքը բռնել է մազերի հյուսքը, մյուսը մեկնած է թմբլիկ ծնկի ուղղությամբ, եւ կանոնավոր կտրած թերթի վերնագիրը` Միացյալ Իռլանդիան եւ Տրիեստը պատկանում են Իտալիային, խոսում է Քաղաքագլուխ Մերլին Ֆետում:

Նա խոսում էր գազաններին քարոզող Օրփեոսի մասին:

– Հնչեց վայրի քնարը, լսեցի ես ձայնը նրա, եւ արքայական քայլքով մոտեցավ որմզդեղնին, իր եղջյուրների հիասքանչ սաղարթապսակի տակ, եւ աչքերում նրա` դրուիդի հայացքը:

Նա նկարագրում էր Օրփեոսին՝ Բազմած Աշանտի սրբազան կովի վրա, եւ Էվրիդիկան նրա ներքո, հողի տակ ճեղքում-անցնում էի ծառերի արմատների միջով:

Ապոլիները թութունով է լցրել կավե ծխամորճը եւ վառում է այն ալ տուփով իտալական լուցկով, որի վրա ձիթենու ճյուղերի պսակի տեսքով ուրվագծված էր Ումբերտո արքայի դիմանկարը, նա մատները ծնկին էր խփում: Աչքերն էր թարթում, Ումբերտո արքան նման էր Ռեյ Ֆիլիպե Վելասկեսին:

– Իմ կինը,- ասում է Ջոյսը,- Փարիզում անընդհատ Գոլուեյին է փնտրում: Կես ամիսը մեկ մենք տեղափոխվում ենք:

Եվ եկան Օրփեոսի մոտ կարմիր մուկը ողջ իր սերնդով, ճանկխոտի տերեւը ծամելով, հորանջող ընձառյուծը, եւ մեկ էլ կոյտերը զույգ թաթիկների վրա:

Ջոյսի բոլոր մատները պատված էին մատանիներով, խոշորացված աչքի գունդը տարուբերվում էր իր լինզայի մեջ: Նա խոսում էր փերու մասին, որ ողջ գիշեր երկրի երեսին խառնշկում էր լաստենու տերեւները, որպեսզի դրանք նայեն Չինաստանի կողմը: Արարչության մասին նա ասաց, որ դույզն-ինչ պատկերացում չունի` քանզի այնքան նրբին է կարը: Լուի ականջը, թիթեռնիկի թեւերի վրայի օձախավը, ծովանապաստակի նյարդային վերջույթները, ամենակարող Աստված, դե մորեխի անատոմիայի կողքին՝ Շարտրը` կեղտից սարքած ինչ-որ թխվածք է, իսկ Լուվրի բոլոր շքեղ նկարներն իրենց շրջանակներով` հավի չանչերի հետքեր:

Ապոլիները հսկիչի հետ մոտեցող վագոնավարին անձնագիրն էր ցույց տալիս: Նրանք գլուխները մոտ բերած փսփսացին` վագոնավարն ու հսկիչը: Ապոլիները դարակի վրայից վերցրեց գլխարկն ու դրեց գլխին: Գլխակապը չէր թույլատրում, որ այն լավ նստի:

– Կետաձուկը,- ասում էր, Ջոյսը,- լսում է ծովից, դելֆինները, մեդուզաները, փոկերը, խխունջներն ու խոզակաղինները: Բուն ձիթենու ճյուղից ականջ է դնում, աղավնին` խնձորենուց: Եվ բոլորին նա ասում է` սրիկաներ չկան:

Ինչ-որ տեղ այս գնացքում պառկած էր Հուդայի առյուծը, Ռաս Թաֆարին, Ռաս Մաքոնենի որդին: Նրա գեղարդակիրները հարձակվել էին իտալացոց աֆրիկյան կորպուսի զրահապատ մեքենաների վրա:

Նրա ընձառյուծներին առանձին վագոն էին հատկացրել:

Երբ մենք գլխավոր շրջադարձն էինք կատարում, ես նկատեցի, որ լոկոմոտիվը իր վրա տանում է Եթովպիայի Կայսերական Շտանդարտը` թագակիր առյուծը, դրոշով զարդարված խաչը։ Կայսերական դրոշի վրա ղպտիերեն ինչ-որ բան էր գրված:

Մենք անցանք դոլմաթյան ափի ծվատված ու քամահալած, բլուրներով բաժանված հեղեղատներով: Մեզանից ոչ մեկը չնայեց այդ բլուրների ավերվածքներին, չմտածելով Դանկիլի պարապուտների մասին, Էդոմի կարմրաքար հեռաստանների մասին, Բոն-Թաամիրի սեւ ավազե անցումների մասին:

Ժամանակ առ ժամանակ, Խայլե Սելասիեյին տանող վագոնից մեզ էին հասնում նախնադարյան փողի նոտաներն եւ զանգուլակի կտրուկ զնգոցը:

Թիթեռները թրթռում էին փոշոտ ապակիների վրա: Եվ, օ՜, այգիները, որ մենք կարող էինք նշմարել պատերի եւ ցանկապատերի ետեւում: Բարսելոնայի ետքից, ասես երազում, մենք տեսանք հենց Հիասքանչ պարտիզպանուհուն, իր աղավնյակներով ու իշամեղուներով:

– Րյու Վավան,- բավական հստակ արտաբերեց Ապոլիները, ասես դիմելով ողջ վագոնին: Հենց այդտեղից Լա-Լորանսանը ուղեւորվեց Իսպանիա գլխարկի վրայի թռչնով եւ ատամների արանքում ցորնահատը բռնած: Հենց այն ժամանակ, երբ նրա գնացքը հեռանում էր Սեն-Լազարի կայարանից, տանելով նրան եւ Օտտո վան Վատիենին Դովիլի Բուդենի մերձափնյա բնանկարներով, եւ ուր մենք բոլորս նստեցինք ահա այս գնացքը, եւ բոլորս մեկ մարդու պես մոտ էինք Պրուստի հովանոցներին, սկսվել էր Մեծ Պատերազմը: Լուվենում այրել էին գրադարանը: Ի՞նչ կարող է դառնալ մարդկությունը, եթե մարդը նրա նմուշն է:

Մենք Գենուայում էինք, երկաթգծերի վրա, որոնցով տրամվայներ էին գնում: Պատերը` երկար եւ ասես ճորտատիրական, ինչպես Պեկինի պատերը, ցցված էին ամենուր` վեր, փակցված կորսետների, Չինզանոյի, Մուսոլինիի, կոշիկի մածուկի, ֆաշիստական կացնիկի, տղաների ու աղջիկների պլակատներով: Այդ բարձր պատերից վեր ծառերը ցուցանում էին իրենց կատարները, եւ մեզնից շատերը ջանում էին պատկերացնել այդ պատերի հովանու ներքո՝ քանդակներով ու դիտանոցներով մեկուսի այգիները:

Նա պառկած էր ինչ-որ տեղ գնացքում, ձեռքերը խաչած սրերի կոթին, Առյուծ-Աշխարհակալը: Թիկնոցավոր չորս գեղարդակիր բոկոտն կանգնած էին շուրջը, երկուսը՝ գլխավերեւում, երկուսը` ոտքերի մոտ: Ոսկե հանդերձանքով քահանան գրքով ինչ-որ բան էր կարդում: Եթե միայն հնարավոր լիներ խոսքերը լսել, ապա դրանք խոսում էին Սաաբի մասին փղոսկրե գահի վրա, բարձերի վրա, խորը, ինչպես լոգարանը, փայլուն բանականությամբ եւ ալ արյամբ կնոջ մասին: Դրանք խոսում էին Շուլամանի մասին քարե անապատի, որը կարելի է անցնել միայն քառասուն տարում, ետեւում ընկած մայրիներից պատրաստված տանը: Քահանայի բառերը մեղուների պես բզզում էին այգում, զրնգում էին հանց սուրբ քաղաքի զանգեր: Մեղեդային գվվոցով նա բարձրաձայն կարդում էր սրբերի, վիշապների, տարտարոսի, ամեն տերեւի մեջ աչքերով թավուտների, Մարիեմների, իտալական աերոպլանների մասին:

– Չհերկված այգի,- ասում էր Ջոյսը,- ահա թե հանուն ինչի ներշնչված բանաստեղծը զիգզագով հատեց գետը, որպեսզի այն մեզ ներկայացնի: Նրա աչքերի աղջկա մեջ ապրում է դոդոշը, իսկ թարթիչների վրա` եղյամը, եղյամի հայելում` խնձորը: Գոնե ինչ-որ մեկն այս գրողի տարած գնացքում գիտի՞, թե ինչ է մեքենավարի անունը:

– Ջոունի Արքայական Խորհրդատուն,- գոչեց Ջեյմս Ջոնսոն Սուինին:

Նա անցավ Քաղաքացիական Գվարդիայի ֆեդերալների, Գոմինդանի սերժանտների բամբակով պատված խցանե սաղավարտներով ու զինվորական բլուզներով եթովպացի հետեւակայինների միջով:

Ես մտածեցի Էլրոդ Սինգբելի մասին, ով, պատահում էր, մի կերպ անցնում էր Ստամ-Հաուս լեռան զառիվերով, որ կապույտ լեռնաշղթայի վրա էր, փչելով «Աստծո զարմանահրաշ երանությունը» շոգեքարշի սուլիչով: Ես հիշեցի պարսկական եղրեւանու քաղցր բույրը հենց գարնան սկզբին:

Ջոյսը խոսում էր դեղին հագած Օրփեոսի մասին, ով պարում էր ընդմեջ բամբուկի մացառուտների, իսկ նրա ետեւից գալիս էին վագրակատուները, դեղձանիկները, վագրերը: Եվ կիրճերի Օրփեոսի մասին, ծովի հատակին, ուր նա իր ետեւից էր գրավում հիդրաների դոնդողանյութը, ծովաստղերի սվաստիկաները, ալ խեցգետիններին եւ շողշողացող սկումբրիային, որ հին էր, ինչպես լուսինը:

– Նոե,- արտաբերեց Ապոլիները խորը մտածմունքի մեջ:

– Հիասքանչ պարտիզպանուհին: Մենք տեսանք, թե ինչպես է նա Մադրիդում ծաղիկ վաճառում` դաշտային մետաքսաթել ծաղիկները, սուրբ տատասկափուշը, վիթխարի արծաթավուն տերեփուկները եւ վայրի ճերմակ հովտաշուշանները: Օդեսայում նա թռչկոտում էր ճնճուղների շրջապտույտում: Նա լեռնավարդերի մեջ էր, երբ մենք անցնում էինք Ատլանտան` դաստակների բոցն էր թափ տալիս:

Հովիվները,- գոչեց Ապոլիները վագոնով մեկ` մեզ բոլորիս վախեցնելով: Մեզ մոտ` Իպրում հովիվներ չկային: Դե հիմա էլ չկան:

Մենք հատում էինք Նորմանդիայի այգիները՝ Դովիլ վերադառնալով:

Ինչ-որ տեղ գնացքում, մեր ետեւում, մեր առաջ, իր թաղման կողափայտերի վրա պառկած էր Խայլե Սելասիեն եւ բաց աչքերով նայում էր իր կայսերական վագոնի առաստաղին, Եռանկյունու համաստեղության Գամմայի երկակի աստղին` կրկնակի արեւներ, մեկը՝ նարնջագույն, մյուսը` կանաչ:

Թարգմանությունը՝ Վարդան Ֆերեշեթյանի
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս