Բաժիններ՝

ԱՄՆ-ում Շնոբելյան մրցանակներ են հանձնել

Հետազոտողները, որոնք ուսումնասիրել են երեխաների մոտ թքարտադրությունը եւ մանրէների տարածումը թղթադրամների միջոցով, մտել են Շնոբելյան մրցանակի (Ig Nobel Prize) դափնեկիրների շարքը, որը շնորհվում է ոչ ստանդատ գաղափարների եւ անհեթեթ գիտական նվաճումների համար: Դափնեկիրների պարգեւատրման 29-րդ արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին Հարվարդի համալսարանում։

Ճապոնացի հետազոտողների խումբը քիմիայի բնագավառում մրցանակի է արժանացել՝ պազելով, որ հնգամյա երեխայի մոտ օրվա ընթացքում արտադրվում է միջին հաշով շուրջ կես լիտր թուք: Տնտեսագիտության ոլորտում պարգեւն ստացել են գիտնականներ Թուրքիայից, Նիդեռլանդներից եւ Գերմանիայից, որոնք փորձել են պարզել, թե որ թղթադրամների միջոցով են ամենից հեշտ փոխանցվում մանրէները: Նրանք հանգել են այն եզրակացության, որ այդ տեսակետից առավել վտանգավոր են ամերիկյան դոլարն ու ռումինական լեյը: Տեխնիկայի բնագավառում մրցանակի է արժանացել գյուտարարն Իրանից: Նա մշակել է սարք երեխաների ոտնալաթերի փոխարինման համար:

Բժշկագիտության բնագավառում մրցանակն ստացել է իտալացի Սիլվանո Գալուսը: Նա եւ իր գործընկերները պարզել են, որ պիցցայի գործածումը կարող օրգանիզմին օգնել հաղթահարելու որոշ հիվանդություններ: Գիտնականների կարծիքով, կարեւոր է, որ պիցցան պատրաստված լինի Իտալիայում: Խաղաղության Շնոբելյան մրցանակի են արժանցել մի խումբ գիտնականներ Մեծ Բրիտանիայից, Սաուդյան Արաբիայից, ԱՄՆ-ից եւ Սինգապուրից: Նրանք փորձել են պարզել, թե մարդուն հաճելի զգացողություններ պատճառում են արդյոք խուտուտն ու քորելը: Այս պարգեւը, որը նաեւ կոչվում է Հականոբելյան մրցանակ, հանձնվում է «նվաճումների համար, որոնք նախ ստիպում են ծիծաղել, իսկ այնուհետեւ՝ խորհել»:

Այն սահմանվել է 1991 թվականին «Անհավանական հետազոտությունների տարեգերք» հանդեսի կողմից: 1999 թվականից մրցանակը հանձնվում է 10 բնագավառում, անվանակարգերի մի մասը համընկնում է Նոբելյանների հետ, մնացածները սահմանվում են ամեն տարի առանձին: Պարգեւները հաղթողները սովորաբար ստանում են տարբեր տարիների նոբելյան դափնեկիրների ձեռքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս