Տարվա սիրելի հատվածը

Սկսվեց տարվա սիրելի հատվածը: Երկրի տնտեսական իշխանությունների, վիճակագիրների և նույնիսկ (կամ՝ առաջին հերթին) Կենտրոնական Բանկի սիրելի հատվածը: Մայիս ամսից սկսյալ Հայաստանում կարելի է գնանկում արձանագրել: Անկախ տնտեսության վիճակից: Որովհետև սկսվում է գյուղատնտեսական ակտիվ տարին: Պարզ ասած՝ բանջարեղենի օր օրի էժանացման սեզոնը: Վիճկոմի «Սպառողական գների ինդեքս. 2019թ. հունվար-մայիսին» վերջին հրապարակման մեջ բառացի այդպես էլ գրված է:

Կարող եք համոզվել՝ ընթերցելով սննդամթերքի գների հատվածում «2019թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սնդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.5 տոկոս գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 7.8 տոկոս գնանկումը»:

Կարելի է, իհարկե, ավելացնել, որ, բացի բանջարեղենից, ոչ ալկոհոլային խմիչքների գնանկման վրա ազդեցություն թողեց նաև այն փաստը, որ Առողջապահության նախարարությունը չհաջողեց թանկացնել գազավորված ու ոչ ալկոհոլային խմիչքները: Բայց հիմա (ու առաջիկա երկու-երեք ամիսը) գնանկման վրա ամենամեծ ազդեցությունը թողնելու է բանջարեղենը: Հետո հերթը կհասնի մրգին:

Իսկ հիմա արձանագրվում է, որ սպառման ապրանքների գնաճը կազմել է 2.8 տոկոս, ինչը լիովին տեղավորվում է օրենքով «թույլատրելի» սահմաններում: Ճիշտ է՝ 2018թ. հունվար-մայիսի համեմատ՝ սննդամթերքի գնաճը 3.4 տոկոս է, բայց դեռ հույսեր կան, որ առաջիկայում ավելի քաղաքակիրթ թվեր կլինեն: Բանջարեղենի ընդհանուր 13-5.4 տոկոս գնանկման ֆոնին «իրենց լավ չեն պահել» առանձին սննդամթերքներ:

Օրինակ, մսամթերքի՝ անցած տարվա և այս մայիսի համեմատ՝ գնաճը 2.4 տոկոս է: Նույն ժամանակահատվածում պաշտոնապես ընդունվում է՝ թռչնամիսը թանկացել է 13.6 տոկոսով: Մեր վիճակագիրները սովորաբար նման նախադասությունները միանգամից չեն հրապարակում: Նման փաստի արձանագրումից առաջ սովորաբար նախապատրաստող տեքստ է դրվում: Տվյալ պարագային՝ այդ տեքստն այսպիսին է (մեջբերենք ամբողջությամբ).

«Չնայած 2019թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում թռչնամսի գինը նվազել է 1.0 տոկոսով, 2018թ. մայիսի համեմատ արձանագրվել է 13.6 տոկոս գնաճ»:

Նման մանր, համարյա աննկատ հնարքները հնարավորություն են տալիս մսամթերքի նշված չափով թանկացման, կաթնամթերքի՝ 3.5 տոկոսանոց, ձվի՝ 26.9 տոկոսանոց գնաճի պարագային սննդամթերքի ընդհանուր գնաճը տեղավորել ընդհանուր 3.4 տոկոս ցուցանիշի մեջ: Անցած տարվա համեմատ ծխախոտն ու ալկոհոլային խմիչքները ևս գնաճ են արձանագրել` 4.5 տոկոս: Կարծում եմ, հարմար պահ է՝ որպես մխիթարություն հիշելու հին խորհրդային անեկդոտը: Քյավառցուն ասում են. «Իմացե՞լ ես՝ օղին թանկացրել են»: «Չեն թանկացրել` գնահատել են»,- պատասխանում է նա:

Շարունակենք դիտարկել, թե ինչ այլ ապրանքատեսակներ են գնահատվել նախորդ տարվա համեմատ: Առաջինը հավանաբար արժե նշել բենզինի ու դիզվառելիքի թվերը (ի վերջո, գյուղատնտեսական գարնանային աշխատանքները նոր են ավարտվել): Բենզինն ապրիլի համեմատ՝ մայիսին թանկացել է՝ 2.7, դիզվառելիքը՝ 3.1 տոկոսով: Իսկ անցած տարվա համեմատ բենզինը էժանացել է 2.2 տոկոսով, դիզվառելիքը թանկացել է 1.9 տոկոսով: Հիմա նույնիսկ մեր իշխանություններն են համաձայնում, որ անցած տարվա տնտեսական աճի ցուցանիշներն իրական աղերս չունեն տնտեսական իրական հատվածի հետ: Այն հիմնականում պայմանավորվել է ծառայությունների ոլորտի աճով:

Ծառայությունների ոլորտ ասածում էլ մեծ մասնաբաժին ունեն խաղադրույք-վիճակախաղերը: Հետևաբար՝ որևէ իմաստ չունի դիտարկելը, թե ինչ գործընթացներ են արձանագրվել այս ոլորտում` գնա՞ճ, թե՞ գնանկում: Ի վերջո, կարելի է հրապարակել բանջարեղենի առանձին տեսակների գնաճի թվերը: Նախ՝ հիշեցնենք, որ հենց բանջարեղենի սեզոնային գնանկումն է հնարավորություն տվել գնաճի ցուցանիշը պահել օրենքով արձանագրված սանդղակում: Բայց սպառողական գների հաշվետվության վերջում Վիճկոմը հրապարակել է «բանջարեղենի առանձին տեսակների գների տոկոսային փոփոխությունը ՀՀ-ում 2019թ.»:

Նախորդ տարվա մայիսի համեմատ՝ կաղամբի գնաճը 78.6 տոկոս է, լոլիկինը` 18.4, վարունգինը՝ 36.3, գազարինը՝ 33.4, գլուխ սոխինը՝ 65.7, իսկ կարտոֆիլինը՝ 38.6: Իհարկե, կարելի է պնդել, որ ընտրողաբար ներկայացվել են առավել շատ թանկացած բանջարեղենները:

Բայց այդ դեպքում հարկավոր կլինի նշել, թե (սեզոնի ու անհրաժեշտ ու շատ օգտագործվող սննդի տեսակից) բանջարեղենի որ տեսակն է գնանկում արձանագրել: Կամ՝ թանկացել գոնե սննդամթերքի պաշտոնապես ընդունվող 5.5 տոկոսանոց թանկացմանը մոտիկ գործակցով: Ի վերջո, մարդկային ճանաչողության բնույթն է այդպիսին` ամեն ինչ ճանաչել համեմատության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս