«Վահագն վիշապաքաղ»-ին տեղափոխում են Ռուսաստանի հրապարակ․ անհրաժեշտությո՞ւն, թե՞ մշակութային ակնարկ

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց նաև Տարածքային կառավարման նախարարության առաջարկը՝ «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղափոխելու թույլտվություն տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին։

Ի դեպ, հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից: Ասվում է նաև, որ «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես հանրապետական նշանակության հուշարձան, իսկ հուշարձանի տեղադրման վայր հանդիսանում է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածը:

«Հուշարձանը ներկայումս տեղակայված է Երևան քաղաքի խոշոր տրանսպորտային հանգույցներից մեկում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածում, որտեղ տրանսպորտային ինտենսիվ հոսքերի, ճանապարհային ենթակառուցվածքների և տարածքի կազմակերպման առանձնահատկությունների պատճառով հուշարձանը լիարժեք տեսանելի և ընկալելի չէ քաղաքացիների ու այցելուների համար։ Ներկայիս տեղադրությունը չի ապահովում հուշարձանի գեղարվեստական և գաղափարական ամբողջական ընկալումը, ինչպես նաև սահմանափակում է դրա շուրջ մշակութային և հանրային միջավայրի ձևավորման հնարավորությունը։

Կարդացեք նաև

Հուշարձանի տեղափոխումը դեպի ավելի համապատասխան քաղաքաշինական միջավայր հնարավորություն կտա ապահովել դրա առավել լայն հանրային հասանելիությունը, բարելավել տեսանելիությունը, ընդգծել հուշարձանի մշակութային և խորհրդանշական նշանակությունը, ինչպես նաև ստեղծել պայմաններ դրա պահպանության և պատշաճ ներկայացման համար։ Միաժամանակ տեղափոխումը չի հանգեցնում հուշարձանի արժեքի կորստի, քանի որ պահպանվում են դրա նյութական, գեղարվեստական և պատմամշակութային հատկանիշները։ Ստեղծված իրավիճակում հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել այլ, հանրության համար առավել տեսանելի, հուշարձանի պահպանության և անխաթարության տեսակյունից առավել բարենպաստ վայր, որը հանդիսանում է Երևան քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակի հարևանությամբ՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակը»,- մանրամասնել են հիմնավորման մեջ։

Ինչ խոսք, հատկապես հայ-ռուսական հարաբերությունների՝ մեղմ ասած, ոչ այնքան բարվոք փուլում հայկական դիցարանի պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն Աստծու արձանի տեղափոխությունը Ռուսաստանի հրապարակ հետաքրքիր է։

Վահագն Վիշապաքաղի հուշարձանը տեղադրվել է 1969 թվականին, ներկայիս վայր տեղափոխվել է 2004 թվականին։ Հեղինակներն են՝ քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյանը, դրվագող՝ Ներսես Չարխչյանը։ Վահագնի հուշարձանը 1969 թվականին տեղադրվել է Լենինի (այժմ՝ Մաշտոցի) պողոտայում, 1970-ականների կեսերին որոշ ժամանակ արձանը գտնվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ՝ Հայաստանի նկարիչների միության շենքի հարևանությամբ, իսկ 1980-ականների սկզբներին՝ Էջմիածնի խճուղու մոտ։ Վերականգնված և ներսից ամրացված արձանը 2004 թվականի դեկտեմբերի 19-ին տեղադրվեց Երևան-Էջմիածին մայրուղու կամրջի մոտ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930