Թուրքիայում 1 շնչին հասնող ՀՆԱ-ն 33%-ով ցածր է եվրոպական միջին ցուցանիշից
Եվրոպական միության վիճակագրական ծառայության (Eurostat) կողմից հրապարակված մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ինդեքսների համաձայն՝ Թուրքիան զգալիորեն զիջում է եվրոպական չափանիշներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եթե Եվրամիության (ԵՄ) անդամ, թեկնածու և համագործակցող երկրների ՀՆԱ-ի միջին ինդեքսը 100 է, ապա Թուրքիայի համար այն կազմել է ընդամենը 67։ Սա փաստում է, որ Թուրքիայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Եվրամիության երկրների միջին մակարդակից ցածր է 33%-ով։
Այս վիճակագրական համեմատությունն իրականացվել է ընդհանուր առմամբ 36 երկրի միջև, որոնց թվում է՝ ԵՄ-ի անդամ 27 երկիր, «Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի» (EFTA) 3 երկիր (Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա) և անդամակցության թեկնածու 6 երկիր (Թուրքիա, Հյուսիսային Մակեդոնիա, Չեռնոգորիա, Սերբիա, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա)։
Հետազոտված 36 երկրի շարքում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լյուքսեմբուրգում՝ 239 (ինչը 139%-ով բարձր է ԵՄ միջինից)։ Ամենացածր ցուցանիշն էլ արձանագրվել է թեկնածու երկրների թվին դասվող Բոսնիա և Հերցեգովինայում. ՀՆԱ-ի միջին ինդեքսն այդ երկրում ԵՄ միջին մակարդակից ցածր է եղել 64 %-ով:

