Մենք չենք ընդունում Հայաստանում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակենք աշխատել նրա հետ. Զատուլին
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Московский комсомолец»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան պետք է «սկզբունքային դիրքորոշում» որդեգրի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ միևնույն ժամանակ շարունակելով փոխգործակցությունը գործող իշխանության հետ դե ֆակտո մակարդակով։
Զատուլինը նշել է, որ ռուսական կողմը չի կարող անցած ընտրություններն ամբողջությամբ ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխանող ճանաչել։
Նա նշել է, որ ընտրական գործընթացում բացակայել են քաղաքական մրցակցության հավասար պայմանները, ինչպես նաև ճնշման միջոցներ են կիրառվել ընդդիմության նկատմամբ։
Զատուլինն ընդգծել է, որ, իր գնահատմամբ, նման միտումները պահպանվել են ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ քվեարկությունից հետո։
«Մենք ոչ մի դեպքում չենք կարող անցած ընտրությունները համարել ժողովրդավարական, ընդհանուր ընդունված չափանիշներին համապատասխանող։ Չենք կարող, որովհետև չեն պահպանվել հավասար ընտրական պայքարի պայմանները»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա միաժամանակ հայտարարել է քվեարկության ընթացքում արձանագրված խախտումների և առանձին տեղամասերում վիճահարույց որոշումների մասին, որոնք, քաղաքական գործչի համոզմամբ, կարող էին ազդել ձայների վերջնական բաշխման վրա։
Միաժամանակ, պատգամավորն ընդգծել է Հայաստանի հետ գործնական փոխգործակցության պահպանման անհրաժեշտությունը՝ չնայած քաղաքական տարաձայնություններին։
«Մենք հայտարարում ենք, որ չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները որպես ազնիվ և օբյեկտիվ։ Սակայն, քանի որ մենք Հայաստանի հետ գտնվում ենք դաշինքներում և ավանդաբար զարգացնում ենք կապերը, այսուհետ էլ կաշխատենք նրա հետ՝ ելնելով այն բանից, որ այսօր այն գլխավորում են մարդիկ, որոնք իշխանության ղեկին են մնացել անարդար, ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում»,- ասել է ռուսաստանցի քաղաքական գործիչը։
Նա հավելել է, որ Մոսկվան փաստացի կշարունակի համագործակցությունը Հայաստանի գործող իշխանությունների հետ՝ միաժամանակ արձանագրելով արդյունքները դե յուրե չճանաչելու քաղաքական դիրքորոշումը։
Զատուլինը մեկնաբանել է նաև երկրների միջև տնտեսական և ինտեգրացիոն հարաբերությունների հեռանկարները, ներառյալ հայկական ապրանքների ներմուծման հնարավոր սահմանափակումների պահպանումը և Հայաստանի հետագա մասնակցությունը եվրասիական կառույցներին։ Նրա համոզմամբ՝ Երևանի քաղաքական կուրսի փոփոխությունը դեպի ԵՄ կարող է հանգեցնել համագործակցության պայմանների վերանայման։
Էներգակիրների գների առնչությամբ նա նշել է, որ այդ հարցը պետք է լուծվի՝ կախված Հայաստանի ռազմավարական ընտրությունից և երկկողմ հարաբերությունների ձևաչափից։
Զատուլինն անդրադարձել է նաև ռազմաքաղաքական փոխգործակցության թեմային, ներառյալ՝ տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայությանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի նախաձեռնի դրա վերանայումը, սակայն կարձագանքի հայկական կողմի հնարավոր քայլերին։
Ի վերջո, նա կարծիք է հայտնել, որ Մոսկվայի և Երևանի միջև քաղաքական շփումների մակարդակը կարող է նվազեցվել, իսկ այցելությունների ակտիվությունը՝ վերանայվել ավելի մեծ զսպվածության ուղղությամբ։

