ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է Իրանի բալիստիկ հրթիռների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման մեղմացման մասին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր՝ հունիսի 18-ին, ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնցում պաշտպանել է Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը Իրանի նկատմամբ փոփոխվող քաղաքականության վերաբերյալ՝ ներառյալ հրթիռային ծրագրի, համաձայնագրի իրագործման և Կոնգրեսի արձագանքի հարցերը։
Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն իսկ զգալի վնաս է հասցրել իրանական ռազմական կարողություններին, դրանց թվում՝ հրթիռային ենթակառուցվածքին։
«Մենք ոչնչացրել ենք նրանց բալիստիկ հրթիռների և հենց արձակման կայանքների զգալի քանակություն։ Դրանք ոչ միայն «փամփուշտներն» են, այլև հենց «զենքը», և այս հարցում մենք չափազանց արդյունավետ ենք եղել»,- ասել է նա Սպիտակ տանը անցկացված ճեպազրույցում։
Նա հավելել է, որ համաձայնագրի շրջանակում Վաշինգտոնը ելնում է այն կանխավարկածից, որ Իրանը չի կարողանա ստեղծել հրթիռներ, որոնք ունակ են սպառնալ համաշխարհային անվտանգությանը։
«Մենք ակնկալում ենք, որ Իրանն ունակ չի լինի արտադրել հրթիռներ, որոնք կարող են լայնորեն սպառնալ ամբողջ աշխարհին»,- նշել է Վենսը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ն ներկայիս մոտեցումը դիտարկում է որպես տարածաշրջանային ապակայունացումը սահմանափակելու փորձ։
«Մենք ցանկանում ենք, որ Իրանը չֆինանսավորի տարածաշրջանային անկայունությունը, չաջակցի ահաբեկչությանը և, իհարկե, չփորձի վերականգնել իր միջուկային ծրագիրը»,- ասել է նա։
Վենսը մեկնաբանել է նաև համաձայնագրի շուրջ քաղաքական քննարկումները, ներառյալ Թրամփի կատակային հայտարարությունը գործարքի ձախողման դեպքում հնարավոր պատասխանատվության մասին։
«Ո՛չ, ամենևին,- պատասխանել է նա այն հարցին՝ արդյոք իրեն մտահոգո՞ւմ է մեղադրանքների հնարավորությունը։-Կարծում եմ՝ նախագահը կատակում էր, ինչպես նա հաճախ է անում»։

