«Փաշինյանի հիմնական խաղադրույքը Թուրքիայի ու Ադրբեջանի վրա է. ընդդիմությունը մարդկանց չպետք է փողոց հանի». Քաղաքագետ
Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի Հայաստան կատարած այցի մասին, ասաց, որ անձամբ է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարել կազմակերպել նման հանդիպում։
Երեկ էլ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսելով Հաջիևի այցի մասին, ասել էր՝ «մեր իրադրություններին պետք է արտաքին աչքով նայենք»:
«Արտաքին աշխարհում, և ոչ միայն Ադրբեջանում, կարող է հարց ծագել՝ ՀՀ-ում 500.000 քաղաքացի կա՞, որ մտածում է՝ պետք է ծովից ծով Հայաստանը գնալ վերցնել, կամ՝ Ղարաբաղը հետ բերել, կամ՝ գնալ Ղարաբաղ, վերանայել խաղաղության համաձայնագիրը, և այն, ինչ գրած է համաձայնագրում, ոչինչ, մենք դա չենք անի՞, 500.000 քաղաքացի կա՞:
Եթե ընկալումը լինի այնպես, որ էդքան մարդ կա… Մեզ պետք է սահմանադրական մեծամասնություն, որ մենք բացառենք պատերազմը, եթե մենք հիմա չկառավարենք էս իրավիճակը, և ընկալում ստեղծվի, որ ՀՀ-ում 500.000 մարդ կա, որ ասում է՝ պիտի Ղարաբաղի շարժումը շարունակենք, այսինքն՝ պատերազմի եռագլուխ կուսակցության օգտին արձանագրած ձայների գումարն եմ ասում, դա լրջորեն կսրի ռազմաքաղաքական վիճակը ՀՀ-ում, մանավանդ այն պայմաններում, երբ այսօր ունենք նոր բանակ: Այսինքն, կարող է հարց առաջանա՝ կարող է էդ բանակը հայտնվի էն մարդկանց ձեռքում… Ես սա նկատի ունեմ: Մենք հո գիտենք իրողությունը, որ չկա այդքան մարդ, այլ ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության շարունակությունն է, ըստ որի՝ ասում էր. «Եթե ես չընտրվեմ, ապա պատերազմ է լինելու, և կա ընդդիմություն, որը պատերազմի հրձիգ է, կան ռևանշիստներ», և այլն։
«Սա շանտաժ է և այդ շանտաժի միջոցով նա փորձում է գաղափարական հիմք տալ իր վերընտրվելուն՝ ասելով, որ եթե ինքը չլինի, ապա պատերազմ կլինի։
Հիմա ինքը հայտնի եղանակով վերընտրվել է, և կան փաստարկներ, որ ինքը լեգիտիմ չէ, հարցականի տակ են այս ընտրությունները և իր լեգիտիմությունը։ Պատահական չէ, որ ՀՀ-ում նույնիսկ արևմտյան ազդեցության տակ գտնվող կառույցները նույնպես վիճարկում են ընտրությունների արդյունքները։
Ենթադրվում է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև որոշակի պայմանավորվածություն է եղել նաև Հայաստանի ընտրությունների հետ կապված, որ հասարակությունը ում ընտրի՝ ընտրի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Դանիելյանը։
Ըստ նրա, ակնհայտ խախտումներ կան, հատկապես 3 ընտրատեղամասերի հետ կապված, որտեղ ձայները չեղարկվեցին, ինչն էլ ազդեց ԱԺ կառուցվածքի վրա։
Քաղաքագետը վստահ է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանի առջև խնդիր են դրել, առաջին հերթին՝ նաև Միացյալ Նահանգները, որ այս ընտրությունները պրոբլեմատիկ էին, ինչն էլ փաստացի խնդիրներ է առաջացնում ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների վրա։
«Այս պայմաններում ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, նրա հիմնական խաղադրույքը Թուրքիայի ու Ադրբեջանի վրա է, քանի որ պատերազմի սպառնալիքն այդ երկու երկրներից է, այնտեղից պետք է լեգիտիմություն ստանա, իսկ լեգիտիմությունն այն է, որ ինքը «խաղաղություն է բերում»։
Այս առումով նա ճիշտ է ասում, որ ինքն է հորդորել ԱԽ քարտուղարին, որ Հաջիևին հրավիրի Հայաստան՝ ցույց տալու, թե տեսեք՝ «մենք երկխոսության մեջ ենք», ինքը պետք է որոշակի աջակցություն ստանա Թուրքիայից ու Ադրբեջանից»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարության, որ, «եթե ընտրությունները կեղծված են, ապա ինչո՞ւ է հրապարակը դատարկ», Ստեփան Դանիելյանը նկատեց՝ քանի որ ընտրությունների միջոցով լեգիտիմություն չի ստացել, նա մտածում է՝ որոշակի լեգիտիմություն կարող է ստանալ փողոցում, այսինքն՝ մտածում է, որ ընդդիմությունը փողոց չի կարող լցնել, իսկ ինքն այդ ֆոնին կկարողանա։
«Խախտումներով ընտրությունների գնացած Նիկոլ Փաշինյանը փորձում է փողոցում լեգիտիմություն ստանալ, նրան պետք է, որ ընդդիմությունը մարդկանց փողոց հանի։ Կարծում եմ՝ ընդդիմությունը մարդկանց փողոց չպետք է հանի, և քանի որ ժամանակն աշխատում է Փաշինյանի դեմ, փողոց ավելի ուշ դուրս կբերեն մարդկանց, չպետք է շարժվել Փաշինյանի օրակարգով։
Հաշվի առնելով Փաշինյանի գործելաոճը, փողոցային պայքար կլինի, բայց այն կլինի տնտեսական ծայրահեղ վիճակում, երբ մարդիկ հասկանան, թե այդ մարդն ինչ գոյաբանական խնդիրներ է առաջացրել իրենց ու երկրի համար»,- ընդգծեց Ստեփան Դանիելյանը։

