«Պարզապես պարոն Փաշինյանը զգուշացրեց». Անդրանիկ Քոչարյան
«Մենք մասնակցել ենք Արցախի եռատոնին, տեսել ենք նաև հասարակության տրամադրությունները՝ ինչպիսի փոփոխություններ իրենք էլ կակնկալեին տեսնել ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում: Պարոն Փաշինյանի հայտարարությունը բխել է նրանից, որ որևէ մեկի մտքով չի անցնի Հայաստանի ու Արցախի անվտանգության թուլացմանը որևէ գործողություն: Որ Արցախը կարող է շատ ուժեր փորձեն դիտել որպես քաղաքական գործընթացների իրենց համար պլատֆորմ, դա հնարավոր է:
Պարզապես պարոն Փաշինյանը զգուշացրեց, որ դա անթույլատրելի է, և եթե որևէ մեկի մտքով այդպիսի բան անցնի, նա ոչ միայն թուլացնում է Հայաստանի և Արցախի միջև զարգացող դրական համագործակցությունը, այլ նաև փորձ կլինի թուլացնել մեր անվտանգության միասնական համակարգը, որովհետև դա իրոք միասնական է: Նման միտումներ, եթե լինեն Արցախի բնակչությունն ինքը բնօրրանում կխեղդի, չկասկածեք»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե Արցախը դարձնեն հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ:
Ըստ նրա՝ մարդկանց մտքերում ամեն ինչ կարող է լինել, իսկ իրենց խնդիրը անվտանգության միասնական համակարգն ուժեղացնելն է և բոլոր գործողությունները, որ ուղղված կլինեն դրա դեմ, կստանան հակահարվածներ Արցախի հասարակության կողմից, ՀՀ ճիշտ քաղաքական մտածողության արդյունքում:
Ա.Քոչարյանի կարծիքով՝ Հայաստանում ընտրությունների ժամանակ անհաջողության մատնված որոշ ուժեր կփորձեն Արցախում տեղի ունեցող ընտրությունների ժամանակ ինչ-որ դիվիդենտներ շահել, բայց ՀՀ-ում ժողովրդավարական պրոցեսների ընթացքում տեղի ունեցող գործընթացների հանդեպ տրամադրություններ փոխելը ոչ միայն անթույլատրելի է, այլև կստանա հակահարված հասարակության կողմից, որովհետև տրամադրությունները իրոք փոխված են և միասնական զինական ուժն ավելի ուժեղ դարձնելու հարցում:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանի ու Արցախի ժողովուրդները նույն կերպ են մտածում, ունեն նույն նպատակները և չկա որևէ գործիչ կամ ուժ, որ կարող է այս երևույթը փոխել: Ըստ նրա, բնական է, որ Արցախում սպասվող ընտրությունները կարող են դրական կամ բացասական ազդել տարբեր մարդկանց հայտարարությունների տրամաբանության վրա, բայց մտահոգվելու որևէ առիթ չկա, որովհետև հակահեղափոխության կենտրոն դարձնելու բոլոր փորձերը, բնականաբար, կվերջանան հեղափոխությամբ.
«Պետք է ուղղակի խելագար լինել սա չհասկանալու համար: Իսկ ես չեմ կարծում, որ Արցախում կամ Հայաստանում խելագարներ կան այս առումով»:
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի և Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի փոխադարձ գրեթե վիրավորական հայտարարությունները Ռ.Ռուբինյանի համար ոչ թե մտահոգիչ է, այլ՝ ցավալի. «Ցավալի է պարոն Բալասանյանի համար»:
Ա.Քոչարյանը շեշտեց, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Բալասանյանի կողմից, անկախ իր նախկին ծառայություններից, որևէ գործողություն, որ կթուլացնի անվտանգությունը, անթույլատրելի է.
«Իրավունք չունի որևէ պաշտոնյա նման հայտարարություններով հանդես գա, որը թուլացնում է մեր երկու պետությունների անվտանգության մակարդակը»:
Ըստ նրա՝ Վ.Կարապետյանի հակադարձն այն էր, որ եթե դուք այդ պաշտոնն եք զբաղեցնում, անցանկալի է նման պահվածքը, ինչը շատ ճիշտ գնահատական է.
«Եթե նկատել եք, վերջին երկու օրը, այդ պահվածքը նաև մեր հանրության վրա որոշակի բացասական ազդեցություն է թողել, և դա ոչ միայն վտանգել է այդ պաշտոնատար անձի հայտարարությունը մեր անվտանգության համակարգին, այլ նաև մեր հանրային ինքնասիրությանն է վտանգել: Չի կարելի»: