Բաժիններ՝

Թաիլանդը չեղարկել է փղերի արտահանման արգելքը. The Nation

Փղերը վերստին կարող են արտահանվել Թաիլանդից առեւտրի նախարարության նոր որոշմանը համապատասխան: Ինչպես հայտնել Է The Nation թերթը, կարգադրությունը կարող է հակասություններ ու վեճեր հրահրել այն բանի շուրջ, թե այն խախտում է արդյոք Վայրի ֆաունայի եւ ֆլորայի՝ ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող տեսակների միջազգային առեւտրի մասին կոնվենցիան։

Ազգային բնայգիների, վայրի բնության պահպանության եւ բույսերի պահպանման դեպարտամենտում պնդում են, որ նոր կանոնները բավականին խիստ են լինելու՝ մաքսանենգների կողմից հնարավոր չարաշահումը կանխելու համար: Առեւտրի նախարարությանն առընթեր արտաքին առեւտրի դեպարտամենտի ներկայացուցիչ Ադուլա Չխոտինիսակոռնի խոսքով՝ գերատեսչությունը հանել է 2009 թվականի արգելքը եւ ապրիլի 10-ին հրատարակել նոր կանոններ, որոնք կանոնակարգում են ընտելացված փղերի եւ նրանց հետ կապված մթերքների արտահանումը: Արտահանման կանոնները պետք է հաստատվեն այս տարի եւ համապատասխանեն խիստ պայմաններին, որպեսզի երաշխավորվի, որ դրանք չեն խախտում կոնվենցիան կամ կենդանիների պահպանման վերաբերյալ մյուս օրենքները, հավելել է նա:

«Փղերին ու նրանց հետ կապված մթերքները կարելի է արտահանել միայն հետազոտական եւ դիվանագիտական նպատակներով, ինչպես նաեւ ակադեմիական ինստիտուտների եւ թանգարանների միջեւ փոխանակման համար,-պարզաբանել է Չխոտինիսակոռնը:-Մենք այդ կանոնակարգը մանրամասնորեն մշակել ենք համապատասխան հաստատությունների հետ սերտ համագործակցությամբ եւ կարող ենք երաշխավորել, որ արտասահման արտահանվող թաիլանդական փղերը կգտնվեն փորձագետների լավ հոգածության ներքո»:

Ազգային բնայգիների դեպարտամենտի տվյալներով՝ Թաիլանդի յոթ անտառներում ապրում են մոտավորապես 4 հազար վայրի, ինչպես նաեւ հարյուրավոր ընտանի փղեր, որոնք հիմնականում օգտագործվում են զբոսաշրջության ինդուստրիայի բնագավառում: Վայրի փղերի թվաքանակը վերջին ժամանակներս ավելանում է տարեկան 7 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս