Բաժիններ՝

«Ես պնդում եմ իմ ներկայացրած տվյալները, և, եթե անհրաժեշտ լինի, ապացույցները կներկայացնեմ». Հայկ Գևորգյանը՝ Գագիկ Ծառուկյանին

Ազգային ժողովը երեկ բուռն քննարկումներից հետո հաստատեց ներկրվող ցեմենտի 1 տոննայի համար 22.000 դրամ տուրք սահմանելու նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին առաջարկված նախագծին: «Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր մերժել նախագիծը և նախաձեռնել նոր քննարկումներ ու լսումներ: «Բարգավաճ Հայաստանը» դեմ էր ցեմենտի հումք հանդիսացող կլինկերը տուրքից ազատելուն:

Հիմնական վեճն իշխանական և բարգավաճական պատգամավորների միջև էր: Հանուն սեփական գործարանի ապագայի՝ ԱԺ էր եկել խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքական թիվ մեկ ամբիոնից ցեմենտի տուրքի փոփոխության վերաբերյալ ելույթ ունենալու: Նա լրագրողներին ասաց, թե թողել է իր գործերը Հոկտեմբերյանում ու եկել ԱԺ, իսկ այնտեղ բամբակի արտադրություն են հիմնում, Արմավիրում տեքստիլի գործարան պետք է կառուցեն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպման մանրամասները նա չներկայացրեց:

«168 Ժամի» հարցին՝ վարչապետն ընդունե՞լ է ձեր փաստարկները, Գ.Ծառուկյանը պատասխանեց. «Վարչապետն ասել ա՝ քննարկեք, որը ճիշտ ա իմ ժողովրդի համար, իմ տնտեսության համար, այդպես էլ կլինի: Վարչապետը ասում ա՝ ես կողմ եմ, որ տեղական արտադրանքի վիճակն էլ լավ ըլնի, ժողովուրդն էլ աշխատի»:

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ հարցը կարևոր է ոչ միայն՝ ցեմենտի առումով, այլ՝ պետության ընդհանուր տնտեսական մոտեցումների, թե ինչպես են առաջ գնալու։ Նա նշեց, որ բոլորն էլ ընդունում են, որ ցեմենտի շուկայում խնդիր կա, բայց այլ հարց է՝ այս տարբերակով խնդիրը լուծո՞ւմ են, թե՞ կողքից այլ խնդիրներ են առաջացնում. «Ես համաձայն եմ Սերգեյ Բագրատյանի այն դիտարկման հետ, որ որոշումները պետք է կայացվեն՝ պետության շահերից ելնելով, բայց արագ որոշումներն են միշտ վնաս տալիս։ Դրա համար ասել ենք՝ բերեք 1 տարով պետտուրքը սահմանենք, ոչ թե ռեալ փոփոխություն անեք, հնարավորություն տանք, որ քննարկենք ու արմատապես խնդիրը լուծենք»։

Անդրադառնալով ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի դիտարկումներին, թե՝ «հանձնաժողովում «պլինտուսից» ցածր մակարդակի, կիսագրագետ, ցածր գիտելիքներով մարդիկ են հավաքված», Թունյանն առաջարկեց. «Կա՛մ հայտարարեք, որ պահի տակ եք այդպիսի բան արտահայտել, կա՛մ էլ IQ թեստ անցկացնենք և բոլոր պատգամավորների մակարդակը ստուգենք»։

Բ.Թունյանը տեղեկացրեց, որ որոշել են հանձնաժողովում ենթահանձնաժողով ստեղծել և բոլոր շահագրգիռ կողմերի, փորձագետների մասնակցությամբ 1 ամսվա ընթացքում փորձել օպտիմալ լուծում գտնել։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը «ժանրի կանոններով» հիշեցրեց, որ 17 տարի առաջ «Ռոբերտո» ընկերությունն «Արարատցեմենտ գործարանը» ձեռք է բերել 200 հազար դոլարով, այն դեպքում, երբ կային 35 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվեցին: «Ժանրի կանոններով ես հիմա պետք է ներկայացնեի «Արարատցեմենտի» վճարած հարկերն անցած տարիներին: 2017 թ. վճարել է 800 մլն դրամից քիչ ավելի հարկ, իսկ 2018թ. հանկարծ վճարեց 2.1-2.2 մլրդ դրամ:

Հիմա ժանրի կանոններով՝ պետք է հարցնեի, թե 60%-անոց ստվե՞ր էր դա, թե՞ ստվեր չէր: Հետո ժանրի կանոններով՝ պետք է հարցնեի՝ ինչպե՞ս ստացվեց, որ «Արարատցեմենտի» արտադրանքը Վրաստան էր արտահանվում 23-26.000 դրամով, բայց Հայաստանի շուկայում վաճառվում էր 50-60.000 դրամով: Վրաստանում հնարավոր չէ չհիմնավորված գին սահմանել, որովհետև այնտեղ մրցակցություն կար և այնտեղ վաճառվում էր երկու անգամ էժան, քան Հայաստանում: Ու ժանրի կանոններով պետք է հարցնեի, թե իրականում ո՞վ է ժողովրդի թշնամին»,- ասաց Հ.Գևորգյանը՝ հավելելով, որ սպառողները տարեկան 2-4-6 մլրդ դրամ չհիմնավորված գումար են վճարել ցեմենտի համար:

Գևորգյանն առաջարկեց ստեղծել հանձնաժողով, որն աուդիտ կիրականացնի «Արարատցեմենտ» գործարանում:

Գ. Ծառուկյանն իր ելույթում համաձայնեց հանձնաժողովի ստեղծմանն ու ստուգումներին, սակայն ցեմենտի տուրքի փոփոխման հետևանքների պատասխանատու հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությանը: Ըստ նրա՝ «Արարատցեմենտը» կարող է ցեմենտ չարտադրել, ինքը միայն կլինկեր կներմուծի:

Հակադարձելով Հ.Գևորգյանի հայտարարությանը՝ Գ. Ծառուկյանը հայտարարեց. «Ձեր ցավը տանեմ, եթե 200.000-ով ձեռք ա բերել, ես նվեր տամ տվյալ հայտարարողին, թող նայի: Բայց եթե չէ, մյուսը օրն ինքը պետք է դրա համար պատասխան տա: 200.000 եթե լինի, ես նվեր եմ տալիս՝ որպես Ծառուկյան»:

Լրագրողների հետ զրույցում նա հրաժարվեց բացահայտել, թե 17 տարի առաջ ի՞նչ գնով է ձեռք բերել «Արարատցեմենտ» գործարանը: Ի պատասխան հարցի, թե ինչքանո՞վ է գնել գործարանը, Ծառուկյանն ասաց. «Քո ի՞նչ գործն ա: Եթե ինքը ասեց՝ 200.000, իրա ասածի համար պետք է պատասխան տա, շանտաժով, ստախոսությամբ… էսօր քննարկում ենք հարց՝ ցեմենտի խնդիր, տնտեսության, աշխատողի, ստրատեգիական վիճակ, նա ցեմենտի գնելու կամ չգնելու մասին է խոսում: Սա առողջ մթնոլորտ չի, չի կարա լավ բան լինի, կապրենք, կտեսնենք»:

Մեր հարցին, թե ինչպե՞ս է, որ Վրաստան ավելի էժան է արտահանել ցեմենտը, Ծառուկյանը պատասխանեց, որ վնասով են արտահանել, որպեսզի Վրաստանից ներմուծմանը խոչընդոտեն. «Մենք ցույց ենք տվել, որ կարող ենք մինուսով աշխատենք, բայց ձեզ վնասենք»:

Ծառուկյանի այս հայտարարությունը Հ.Գևորգյանը մեզ հետ զրույցում աբսուրդ որակեց:

Ըստ նրա՝ «Արարատցեմենտը» ոչ թե կարճ ժամանակաշրջան, այլ տարիներ շարունակ ՀՀ-ից ցեմենտ է արտահանել Վրաստան, որի մաքսային արժեքը սահմանին տատանվել է 23-27.000 դրամի շրջանակներում՝ ներառյալ՝ տրանսպորտային ծախսը.

«Եթե ինչ-որ մեկը կարող է ասել, որ տարիներ շարունակ վնասով է աշխատել, ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում: Ցեմենտն արտահանում ես էժան գնով Վրաստան, որպեսզի վրացական էժան ցեմենտը չմտնի՞ Հայաստան: Դա ո՞նց եք պատկերացնում: Այդ սխեման աբսուրդ է»:

Կրկին անդրադառնալով մասնավորեցման հարցին՝ Գևորգյանը շեշտեց. «2002թ. «Ռոբերտո» ընկերությունը գնել է «Արարատցեմենտն» ուղիղ վաճառքի ձևով, 200.000 դոլարով: Այդ ժամանակ չէր հայտարարվում, որ Գ. Ծառուկյանը փայատեր է, որովհետև «Ռոբերտոն» օֆշորային ընկերություն էր: Չեմ հասկանում՝ ինքն ինչո՞ւ է անհանգստանում դրա կապակցությամբ: Ես պնդում եմ իմ ներկայացրած տվյալները, և, եթե անհրաժեշտ լինի, ապացույցները կներկայացնեմ: Թե ինչպե՞ս է «Ռոբերտոյից» անցել նրան, ես չգիտեմ: Ես հիմա էլ չգիտեմ՝ «Արարատցեմենտի» իրական բենեֆիցիարներն ովքեր են»:

Հարցին՝ «Արարատցեմենտը» կանցնի՞ ձեզ, Գևորգյանը ծիծաղով պատասխանեց. «Գործարանից կհրաժարվեմ, ամենայն հավանականությամբ»:

Գայանե Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս