Բաժիններ՝

Ինչո՞ւ պետք է ցածր որակի ցեմենտ ներմուծենք մեր երկիր

Կառավարությունն առաջարկում է ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար՝ 22 հազար դրամ։

«ՀՐԱԶԴԱՆ ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերության 16 տարվա նախկին տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի խոսքով՝ ցեմենտ արտադրողները գոհ չեն որոշումից, քանի որ սա կարող է շուկան կարգավորել կարճ ժամանակով:

«Որովհետև  կսկսեն կլինկեր՝ ցեմենտի հումք ներմուծել: Կլինկերը կիսաֆաբրիկատ է, որից  հետո ստանում ենք ցեմենտը: Եվ հետո, ինչո՞ւ պետք է ցածր որակի ցեմենտ ներմուծենք մեր երկիր, այն դեպքում, որ ավելի բարձր որակի ցեմենտ ունենք: Որակական չափանիշերից ելնելով՝ տեղացիները նախընտրում են հայկականը, թեկուզ մի քիչ թանկ լինի: Ես չեմ կարծում, որ իրանականը որակով ավելի բարձր է: Իրենց ցեմենտի դեպքում հետագայում շինությունների ամրությունն իջնում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նաիրա Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ եթե ցեմենտի արտադրության ծավալները նվազեն, ապա աշխատող չի մնա, մարդիկ կթողնեն և կգնան:

«Շատ դեպքերում անգամ արտադրություն չկա, բայց գործարանները գնում են այն քայլին, որ աշխատողներին պահեն, որովհետև ցեմենտի արտադրության մեջ մասնագետ պատրաստելու համար ամենաքիչը 10 տարի է պետք: Շուկան կորցնելն ու հետո վերականգնելը շատ դժվար կլինի»,- նշեց Նաիրա Մարտիրոսյանը:

Նա առաջարկեց ստուգել կլինկերի որակական ցուցանիշները, և եթե չհամապատասխանի, ցածր լինեն, ապա ներմուծումը պետք է արգելվի:

«Եթե սկսեն ներմուծել ցեմենտի հումք, ապա գործարանների աշխատակազմը կկրճատվի, և մենք չենք կարող երաշխավորել, որ մեր երկրում որակյալ ցեմենտ կարող  է լինել: Նախկինում կար գների կոմիտե, որը  միշտ կարգավորում էր գները: Մտահոգված ենք, որ կարող է՝ ՀՀ-ում արտադրողները գները բարձրացնեն: Պետք է  գները հսկողության տակ պահեն, որ չկարողանան արտադրողները դրանք շատ բարձրացնել»,- նկատեց Նաիրա Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ապրիլի 12-ին դրական եզրակացություն ստացավ պետական տուրքի և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը պաշտպանում է տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների շահերը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ իրանական ցեմենտի ցածր գինը ճնշող ազդեցություն է թողնում շուկայի վրա, քանի որ պատրաստի ցեմենտը սահմանին վաճառվում է 17-18 ԱՄՆ դոլարով։

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս