Բոլորը լարված սպասում են, թե ինչ է լինելու վաղը
Չնայած Նիկոլ Փաշինյանին դեռևս հաջողվում է պահպանել բարձր վարկանիշը, այնուհանդերձ ժամանակն ակնհայտորեն դադարել է աշխատել քաղաքական իշխանության օգտին։ Կառավարությունը չի կարողանում գտնել այն խնդիրների լուծումը, որոնք ծառացած են երկրի ու հասարակության առջև։ Իշխանության եկած քաղաքական թիմը 11 ամսում ոչ մի ոլորտում շոշափելի արդյունքի չի հասել։ Ժամանակն անիմաստ անցնում է, իսկ խնդիրները շարունակում են թակել մարդկանց դռները։
Հավանաբար, դրա համար էլ վերջին շրջանում վերստին ակտիվացել է շոուների բեմադրումը։
Կառավարությանը ոչ մի կերպ չի հաջողվում տեր կանգնել տրված խոստումներին։ Տնտեսության մեջ լուրջ վերափոխումներ և տեղաշարժեր չկան, իսկ սոցիալական իրավիճակն օր օրի սրվում է։ Մարդկանց եկամուտները չեն ավելանում, բայց կյանքը շարունակում է թանկանալ։ Հռչակված տնտեսական հեղափոխությունը չի մտնում մարդկանց տները։
Որքան էլ թվում էր, թե իշխանափոխությունից, առավել ևս՝ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական իշխանությունը հասարակության շրջանում ունեցած իր բարձր վստահությունը կներդնի երկրում կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու, առկա սոցիալական խնդիրները հնարավորինս արագ լուծելու, տնտեսության համար խթաններ ստեղծելու համար, այնուհանդերձ դա տեղի չի ունենում։
Գործընթացները չափազանց դանդաղ են տեղից շարժվում։ Այնինչ` երկիրն այնպիսի վիճակում չէ, որ իրեն նման շռայլություն թույլ տա։
10 ամիս պահանջվեց, որպեսզի Հարկային օրենսգրքի փոփոխությունները հասնեն խորհրդարան։ Ակնկալվում է այն կիրառության մեջ դնել միայն հաջորդ տարի։
Ու դեռ հարց է՝ այսքանից հետո դրանով լուծվելո՞ւ, թե՞ խորանալու են տնտեսական խնդիրները։
Սոցիալական իրավիճակի առումով ամեն ինչ այլևս պարզ է. Միանշանակ է, որ Հարկային օրենսգիրքը, անկախ նրանից՝ խորհրդարանում ինչ փոփոխությունների կենթարկվի, էապես ավելացնելու է գնաճային ճնշումը։ Սպառողներն են վճարելու պետական բյուջեի հնարավոր կորուստները, որոնց ձևավորումը որևէ կերպ հիմնավորված չէ։
Չնայած տնտեսական ու սոցիալական խնդիրները հրատապ լուծում են պահանջում, այնուհանդերձ կառավարության գործունեությունը բարի ցանկություններից ու դատարկ հայտարարություններից այն կողմ չի անցնում։ Դժվար չէ հիշել, թե այս ընթացքում ինչքան խոստումներ են տրվել, այդ թվում` տնտեսական հատվածում. է՛լ ներդրումներ, է՛լ թռիչքային աճ, է՛լ հեղափոխություն։ Գուցե ցանկությունն իսկապես շատ մեծ է, բայց փաստն այն է, որ չկա մի ոլորտ, որտեղ հաջողվել է լուրջ արդյունք ապահովել։
Ընդհակառակը` աստիճանաբար ի հայտ են գալիս նոր խնդիրներ, որոնք առաջիկայում ավելի են լարելու, առանց այն էլ՝ լարված սոցիալական իրավիճակը։
Թեև այսօր էլ կառավարության գործունեությունից դժգոհությունների պակաս չկա։ Բոլորը լարված սպասում են, թե ինչ է լինելու վաղը։
Անցած գրեթե 11 ամսվա ընթացքում դժվար է խոսել որևէ կոնկրետ բարեփոխման մասին, որին կառավարությունը գնացել է։ Տնտեսական միջավայրը բարելավելու, մենաշնորհները վերացնելու, ստվերային տնտեսությունը կրճատելու կամ կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ արտաքուստ արված որոշ քայլերը բավարար չեն երկարատև արդյունք տալու համար։ Անհրաժեշտ են ենթակառուցվածքներ և օրենսդրական հիմքեր, որոնք այս ընթացքում այդպես էլ չստեղծվեցին։
Ու դեռ հայտնի չէ, թե ընդհանրապես երբ կարող են ստեղծվել։ Չկա խնդիրները լուծելու վճռականություն։
Մինչդեռ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ձևավորած թե՛ առաջին, և թե՛ երկրորդ կառավարությունն ունեցել է անհրաժեշտ բոլոր լծակները տարբեր ոլորտներում, այդ թվում` տնտեսության մեջ ու սոցիալական հատվածում արդյունքներ ապահովելու համար։ Սակայն դա չի արվել։ Պատճառը պետք է փնտրել կառավարության գործունեության մեջ, որի մոտ շատ ավելի լավ է ստացվում խոսելը, քան գործ անելը։
Օրինակները բազմաթիվ են. ժամանակին խոսվում էր իշխանափոխությունից հետո բյուջեն աննախադեպ ավելացնելու մասին, որը պիտի թույլ տար լուծել հասարակության շրջանում կուտակված սոցիալական խնդիրները։ Բայց կառավարությունը դա չարեց՝ ինչպես իշխանափոխությունից հետո, այնպես էլ՝ չի պատրաստվում անել այս տարվա ընթացքում։
Խոսքն ինչ-որ 40 մլրդ դրամով բյուջեն գերակատարելու մասին չէ։ Խոսքը բյուջեի եկամուտներն առնվազն 400 մլրդ դրամով կամ 800 մլն դոլարով ավելացնելու մասին է, որը ժամանակին խոստանում էր Նիկոլ Փաշինյանը։
Ո՞վ էր խանգարում կառավարությանը բարձրացնել աշխատավարձերը կամ նվազեցնել հանրային ծառայությունների սակագները, որոնք ժամանակին համարվում էին ուռճացված ու չհիմնավորված։ Այսօր էլ կառավարությունը շարունակում է բանակցել գազամատակարար ընկերության հետ` սակագները ոչ թե նվազեցնելու, այլ չբարձրացնելու ակնկալիքով։
Ո՞վ էր խանգարում կառավարությանը, որպեսզի ազատվեր հասարակությանը կեղեքող կարմիր գծերից կամ արագաչափերից ու տեսանկարահանող սարքերից։
Հիշենք, թե անցած տարվա մայիսին իր վարչապետական ելույթում Նիկոլ Փաշինյանն ինչեր էր ասում ժողովրդին տուգանքի օբյեկտ դիտարկելու արատավոր երևույթի մասին. «Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե մարդու գործառույթը Հայաստանի Հանրապետությունում ոչ թե ապրելը, ստեղծագործելն ու երջանիկ լինելն է, այլ տուգանվելը, տուգանվելը, ապա՝ նորից տուգանվելը, հետո նորից տուգանվելը` տուգանքը ժամանակին չվճարելու համար։ Արատավոր այս երևույթը տարածված է մի քանի ոլորտներում, բայց հատկապես զգալի է երթևեկությանը հետևող արագաչափերի և տեսախցիկների գործունեության դաշտում»։
Նիկոլ Փաշինյանը վճռականորեն հայտարարում էր, որ «քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պետք է վերջ դնել ժամ առաջ»։
Վաղուց ժամը ժամից անցել է, ի՞նչ է փոխվել այս ընթացքում։ Կարմիր գծե՞րն են վերացել, թե՞ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերն են հանվել։ Ո՛չ մեկը, և ո՛չ էլ մյուսը։ Ընդհակառակը` մտադրություն կա բարձրացնել կարմիր գծերի վճարները, իսկ արագաչափերի ու տեսախցիկների թիվն ավելացել։ Կառավարությունը շարժվում է նույն տրամաբանությամբ, ինչպես հին-բարի ժամանակներում էր։
Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում շատ բան չի փոխվել։ Ինչ էլ փորձ է արվում անել, չափազանց երկար է ձգվում։ Կառավարությունն առանց շտապելու, իներցիայով շարունակում է աշխատել։ Մի տեսակ տպավորություն է, որ այդ գործելաոճը գնալով սովորություն է դառնում։
Մինչդեռ հռչակած տնտեսական հեղափոխությունը պահանջում է աշխատել հեղափոխական տեմպերով, որը պետք է երևա, առաջին հերթին՝ կառավարության գործողություններում։ Այդ տեմպը չկար ինչպես՝ երեկ, այնպես էլ՝ չկա այսօր։ Ի՞նչ սպասել մի իշխանությունից, որը չորս ամիս շարունակ չի կարողանում նույնիսկ կառավարության կառուցվածք հաստատել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ