«Նույնիսկ Հիտլեր-Ստալին հակամարտության պարագայում Հայաստանն այլընտրանք ուներ, հիմա չպե՞տք է ունենա». Էդվարդ Անտինյան

Հայաստանյան քաղաքական դաշտում կրկին քննարկվում է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը. որոշ քաղաքական գործիչներ իրենց հարցազրույցներում, ելույթներում ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջ են ներկայացնում։ Որքանո՞վ է իրատեսական քաղաքական գործիչների կողմից արվող այդ պահանջ-առաջարկը:
168.am-ը հարց է ուղղել քաղաքագետ Էդվարդ Անտինյանին։

– Պարոն Անտինյան, հայաստանյան որոշ քաղաքական ուժեր հանդես են գալիս ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջով: «Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պիտի սկսի». այս մասին հայտարարել է «Ելք» դաշինքի առաջնորդներից մեկը: «Ելք» խմբակցության պատգամավորներից մեկն էլ նշել էր, որ ԵԱՏՄին միանալը քաղաքական սխալ էր և պետք է սկսել Եվրամիության հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման գործընթացը: Նա նաև մի շարք պատճառներ է թվարկել, թե ինչո՞ւ ՀՀն պետք է լքի ԵԱՏՄն: Դրանք են՝  Եվրասիական միությունը դրական ազդեցություն չունեցավ Հայաստանի տնտեսության վրա, Ռուսաստանը, որը նաև Հայաստանի ռազմավարական գործընկերն է, չդադարեց Ադրբեջանին զենք վաճառել, ԵԱՏՄին միանալը կոտրեց Հայաստանի՝ ազատ և անկախ պետություն լինելու մասին պատկերացումները: Որքանո՞վ է նպատակահարմար այսօր նման հարց քննարկելը, ԵԱՏՄ-ից դուրս գալն այս պահին ի՞նչ կտա Հայաստանին:

– Այս օրերին լայն թափով քննարկվում է, թե Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ կոշտ հակադարձում են ընդդիմախոսներին, ու պնդում, թե Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ճիշտ է ու այլընտրանք չունի:

Ժամանակին նման մի առիթով ասել եմ, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ խոսք էր գնում, որ, եթե Նացիստական Գերմանիային հաջողվեր գրավել Ստալինգրադը, ապա Թուրքիան կմտներ պատերազմի մեջ ու անմիջապես կօկուպացներ Հայաստանը: Իհարկե, սարսափելի է պատկերացնել, որ հազարամյակների քաղաքակրթություն ունեցող, քաղաքակրթական բնօրրաներից մեկը հանդիսացող մեր Ավետյաց երկրի բախտը կախված էր նրանից, թե Սովետական բանակի լեյտենանտ Աֆանասևին կհաջողվե՞ր արդյոք իր զորքով պահել «Սերժանտ Պավլովի» անունը ստացած ու ստրատեգիական նշանակություն ձեռք բերած տունը: Բայց այն ժամանակ Վերմախտի կազմում գործող Հայկական լեգեոն ունեինք՝ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ, որի նպատակն էր Հայաստանի Հանրապետության վերականգնումը՝ որպես Խորհրդային Միությունից անկախ պետություն, էլ չեմ խոսում, որ, եթե Թուրքիան համարեր, որ արդեն պահն է Հայաստանի վրա հարձակվելու, Հայկական լեգեոնը, Հիտլերի հետ համաձայնեցած, կմտներ Հայաստան՝ դրանով իսկ կանխելով Թուրքիայի առաջխաղացումը:

Ստալինգրադը չընկավ, Թուրքիան էլ չհարձակվեց, ու մենք չգիտենք՝ այդ երկրորդ սցենարը կաշխատե՞ր, թե՞ ոչ, կամ որքանո՞վ ավելի արդյունավետ կլիներ մեզ համար, քան այն, ինչը տեղի ունեցավ հետագայում: Բայց մի բան ակնհայտորեն անհասկանալի է, որ մենք այն ժամանակ, չունենալով անկախ պետականություն, Ստալին-Հիտլեր հակամարտության պարագայում, ունեինք այլընտրանք, իսկ հիմա, լինելով սուվերեն երկիր, այս հարափոփոխ աշխարհում,  այլընտրանք չունենա՞նք:

Ինչ խոսք, այս բարդ տարածաշրջանում գտնվող մեր փոքր երկիրը, երբ աշխարհի ուժի կենտրոնները հստակ շահեր ունեն մեր տարածաշրջանում ու ոչ մի կերպ համաձայնության չեն գալիս իրար մեջ, չափազանց կարևոր է, որ, եթե իշխանությունները ռազմաքաղաքական ու տնտեսական ՀԱՊԿ-ԵԱՏՄ տիրույթի կողմնակիցն են, ապա որպես հակակշիռ՝ ունենանք ազդեցիկ ընդդիմություն, առավել ևս՝ խորհրդարանում ներկայացված, որի արտաքին քաղաքական կողմնորոշումը լինի ԵՄ-ՆԱՏՕ տիրույթում: Դա մեզ հնարավորություն կտա մանևրելու, իսկ անվիճելի է, որ փոքր երկիրը մեծ հնարավորություն ունի, ճկուն քաղաքականություն վարելու արդյունքում՝ օգտվելու մեծերի հակամարտությունից, իսկ սխալի դեպքում՝ ոտնատակ ընկնելու: Մեր պարագայում, ցավոք, «Ելք» դաշինքին դեռևս ոչ մի կերպ չի հաջողվում համոզել մեզ ու «դրսին», որ իրենք իշխանությունների պրոյեկտը չեն, ու այս դեպքում ոչ թե սա դառնում է ճկուն քաղաքականություն, այլ իշխանությունները «դրսից» կարող են մեղադրվել «խաղեր տալու» մեջ:

Ժամանակին, երբ մեր հյուսիսային հարևան Վրաստանը բռնել էր եվրաատլանտյան ինտեգրացիայի ճանապարհը, մենք շանս ունեինք նրա հետ համաքայլ անցնել այն՝ չարեցիք: Այդ տարիներին ես տասնյակ հրապարակային ելույթներ եմ ունեցել, որոնցում հանգամանորեն հիմնավորել եմ, որ մեր երկրի համար առավել շահավետ է ռազմաքաղաքական ու տնտեսական ՆԱՏՕ-ԵՄ տիրույթը, առավելևս, որ մեր հյուսիսային հարևան Վրաստանը, ստանձնելով դրոշակակրի ֆունկցիան, բացում էր մեզ համար այդ ճանապարհը: Բայց 2008-ին Վրաստանը, որն օգտվում էր Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունից, կորցրեց Աբխազիան ու Հարավային Օսիան:

Արդյունքում՝ մեր հարևանի օրինակի վրա համոզվեցինք, որ Արևմուտքի աջակցությունը գերագնահատված է, ու Արցախը վտանգելու կամ կորստի գնով Արևմուտքի ճամփեն բռնելն ընդունելի չէ: Իսկ հիմա առավել ևս, երբ փախստականների մեծ հոսք կա դեպի ԵՄ, ու դա իրականացվում է հիմնականում Թուրքիայի հետ պայմանավորված, ուստի մեր կողմից ԵՄ-ի հետ անդամակցության հարց դնելով՝ կարող է Թուրքիան այդ առիթն օգտագործել, և փախստականների մի ստվար զանգված՝ «պատահաբար» հայտնվել մեր տարածքում, դրանով իսկ ուրիշների ձեռքերով մեր հարցը վերջնականապես իր համար լուծել: ԵՄ-ին անդամակցելու մեր պատրաստակամության պարագայում նրանք իրենց գլխացավանքից սիրահոժար մի քիչ էլ մեզ բաժին կհանեն, իսկ մենք մեր նախաձեռնողականության ճանապարհին ստիպված կորցրած կլինենք մեր դիմադրողականությունը:

Էլ չեմ խոսում, որ ԵԱՏՄ-ից անմիջապես դուրս գալն անհնարին է, քանի որ կոնսենսուսը բացառվում է, լավագույն դեպքում կարող է տեղի ունենալ մեկ տարի հետո: Իսկ թե ի՞նչ խնդիրների առաջ կկանգնենք, երբ մեր մտադրությունը դիմումի տեսքով հայտնում ենք հիմա, դուրս ենք գալիս մի տարի հետո, իսկ այդ ընթացքում որևէ այլ կառույցի հետ ինտեգրվել չենք կարողանում, որպեսզի մեր շահերը չոտնահարվեն, դժվար չէ պատկերացնել:

Բայց ասածս չի նշանակում, որ փաստարկված ու կշռադատված ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամագրվելու քաղաքական ծրագիր ու այն ներկայացնող ուժ չպետք է լինի մեզանում: Ուղղակի այս պարագայում դա բացակայում է, քանի որ գաղափարական արևմտամետներն այդքան ուժեղ ու կազմակերպված չեն, որ մեր երկրին մանևրելու հնարավորություն տան: Դեռ Արևմուտք-ՌԴ հակամարտությունն ենք դիտարկում, իսկ եթե դրան էլ գումարենք տարածաշրջանի այլ «խաղացողների» շահերը, հատկապես՝ Իրանի, ու նոր իրավիճակը նրա շուրջ, ապա կարող եմ ասել, որ «խաղեր տալու» այնքան էլ լավ ժամանակ չի ընտրված:

Բայց եթե ԵԱՏՄ-ին՝ որպես տնտեսական տիրույթի, մեր անդամակցությունը տեղի ունեցավ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, Արցախի անվտանգությունը որպես գերակա խնդիր կարևորելով, կյանքը ցույց տվեց, որ այդքան էլ անվտանգ չէ Արցախն այժմ, որքան կցանկանայինք, իսկ ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունը չզսպեց մեր թշնամուն սահմանային լարվածությունը 2016-ի ապրիլին աննախադեպ ագրեսիայի վերածելու հարցում: Բացի այդ, չենք կարող չնկատել, որ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն աշխարհի մի շարք երկրների իր հանդեպ ունեցած միլիոնավոր, իսկ որոշ դեպքերում՝ միլիարդավոր դոլարների պարտքը զիջում է, իսկ մեր նկատմամբ նման վերաբերմունք ոնց որ չենք նկատել: Անդամակցում ենք ԵԱՏՄ-ին՝ որպես հավասար գործընկերներ, սակայն կառավարման խորհրդում մեր ձայներով զիջում անդամ երկրներին: Էլ չեմ խոսում, որ մեր ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ-ԵԱՏՄ կառույցների «լոկոմոտիվ» հանդիսացող Ռուսաստանը մեր թշնամուն հարձակողական բավական մեծ կործանարար ուժով զենքեր է վաճառում:

Ուրեմն, մի բան այն չէ, ու, կարծում եմ, առաջին հերթին՝ սխալը մեր մեջ պիտի փնտրենք. չափազանց նվիրվա՞ծ ենք, ու դիմացինի կողմից դա չարաշահվում է, մեր երկրի շահերը ստորադասում ենք դիմացինի շահերի՞ն, ու մեր այդ որակը առիթ է տալիս մեր հանդեպ անհարգալի՞ց լինելու, թե՞ Արևմուտք-ՌԴ հակամարտության արանքում «խաղեր ենք տվել», ու մեր դաշնակիցն ուզում է այդ կերպ մեզ բան հասկացնել:

Պետք է գտնել պրոբլեմի պատասխանը, սակայն, եթե անգամ պարզենք, որ մենք ենք մեղավորը, միևնույն է, առիթից պետք է օգտվենք, որ, եթե մեր ռազմավարական դաշնակիցը մահաբեր զենք է վաճառում մեր թշնամուն ու դա ներկայացնում՝ որպես ընդամենը բիզնես, ապա մենք էլ կարող ենք մեր երկրի շահերից ելնելով՝ բիզնես անել այլ երկրների ու տնտեսական կառույցների հետ, անգամ չկաշկանդվելով, որ դա ՌԴ-ին դուր չի գա: Չէ՞ որ, ինչպիսի վնասներ էլ հասցնենք ՌԴ-ի տնտեսական շահերին, հաստատ այն նրա համար մահաբեր չի լինի՝ համեմատելով մեր երկրի կշիռն ու մեծությունը ՌԴ-ի հետ:

Այս պարագայում մենք պետք է փորձենք ցանկացած իրավիճակից շահած դուրս գալ, իսկ սրա համար արտաքին քաղաքական կողմնորոշման այլընտրանք պետք է ունենա պետությունը, ոչ թե իշխանությունը, իսկ վերջինս պետք է փորձի նման այլընտրանքի առկայությունը ծառայեցնել մեր պետության շահերին, այլ ոչ թե իշխանությունները կառավարելի արևմտամետներ պահեն ու կարծեն, որ ով էլ հաղթի՝ արդյունքում իրենք են շահած դուրս գալու: Պետք է գիտակցել, որ աշխարհի մեծերին թերագնահատելը հղի է անկանխատեսելի հետևանքներով, իսկ գավառական ճարպկությամբ նրանց խաբել փորձելը՝ խիստ կանխատեսելի հետևանքներով:

Ժամանակին ասել եմ ու պնդում եմ, որ, եթե բաց ենք թողել Վրաստանի հետ համահունչ արևմտյան ուղղությամբ շարժվելու պատմական շանսը, ուրեմն դրանից հետո, որպեսզի կարողանանք արդյունավետ «և-և»-ի քաղաքականություն վարել, մեզ պետք էր առաջին հերթին՝ կյանքի կոչել «ոչ-ոչ»-ը, այն է՝ ոչ պետք է ԵՄ-ի հետ ստորագրենք «Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը», ոչ էլ այդ առիթով շուրջ չորս տարի բանակցեինք Արևմուտքի հետ ու կտրուկ թեքվեինք դեպի անդամակցություն Մաքսային միությանը: Այդ պարագայում և՛ Արևմուտքի հետ նորմալ կհարաբերվեինք, և՛ ԵԱՏՄ անդամ երկրների, ու հատկապես՝ ՌԴ-ի: Բայց չի կարելի պարզունակ կերպով ասել, որ, եթե ԵԱՏՄ-ին անդամակցությունը սխալ էր ու չկշռադատված, կնշանակի՝ այնտեղից դուրս գալը ճիշտ է: Եթե դուրս գալու կշռադատված ծրագիր չունենանք, ապա այդպիսի գործընթաց սկսելու պարագայում ավելի վատ վիճակում կհայտնվենք, քան անդամակցության ժամանակ:

Միայն թե շատ զավեշտալի է, երբ մեր երկրի աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական ընտրության արևմտյան վեկտորը պրոպագանդողների մեջ այնպիսի ջղագրգիռ ակտիվիստներ են հանդիպում, իրենց հետ չհամաձայնողներին հայհոյախառն քննադատում ու պիտակավորում, որ նրանց վարքուբարքից, տեսքուշնորհքից հասկանում ես, որ, եթե իրենք բարեկեցիկ Արևմուտքի քաղաքակրթական արժեքների կրող են իրենց համարում, ապա հազիվ կարող են պահել Արևմուտքի միջնադարի մակարդակը, ու իրենք 21-րդ դարում են հայտնվել թյուրիմացաբար: Անգամ հպանցիկ լսելով նրանց ասելիքը, ակամայից այն անեկդոտն ես հիշում. «Մեկը ռեստորանում պատվիրում է մոր մասին երգ, վերջում երգչին ասում է՝ տնաշեն, այնքան վատ երգեցիր, մայրս աչքիցս ընկավ»: Հիմա սրանք են, եթե դուք եք արևմտյան արժեքների կրողն ու քարոզողը, այդ Արևմուտքը մեր ինչի՞ն է պետք:

Տեսանյութեր

Լրահոս