«Ադրբեջանական կողմից բարձրացված վայնասունին պետք է կարողանալ հակադարձել կոնկրետ օրինակներով». Արման Նավասարդյան

«Պաշտոնապես գրեթե ասվեց, որ երեխայի մահը բոլոր դեպքերում ցավալի լուր է։ Սա հատկապես ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանք է, անգամ բացատրելու կարիք չկա։ Նրանք օգտագործում են կենդանի վահան տրյուկը, որը վաղուց և շատ բանակների կողմից ընդունված բան է։ Քիչ թե շատ տրամաբանող մարդը պետք է հասկանա դրա հետևանքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղաադրբեջանական սահմանի վեջին զարգացումներից՝ ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Նրա կարծիքով՝ ադրբեջանական կողմից բարձրացված «վայնասունին» պետք է կարողանալ հակադարձել կոնկրետ օրինակներով։

«Ապրիլյան դեպքերի ժամանակ մեզ մոտ նույնպես եղավ երեխայի զոհ։ Ադրբեջանը երբեք պարզերես դուրս գալ չի կարող. կոնկրետ փաստեր կան, թե ինչպես են գերիների վզերը կտրում, ինչպես են մեր զինվորականին քնած ժամանակ սպանում, և այլն։ Ըստ երևույթին պետք է  ուժեղացնել դիվանագիտական գործունեությունը՝ ապացուցելու համար, որ Ադրբեջանն այսօր ոչ թե պատերազմական գործողություններ է մղում, այլ Թուրքիայի հետ միասին կանգնած է հայության ոչնչացման քաղաքական, ռազմական, դիվանագիտական ճանապարհի վրա»,- հավելեց պարոն Նավասարդյանը՝ նշելով, որ սա 1915 թվականի տրամաբանական շարունակությունն է։

168.am-ի հարցին, թե՝ կիսո՞ւմ եք քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքը, որ պատերազմի վերսկսման վտանգ չկա, քանի որ այսպես պատերազմի չեն պատրաստվում, Արման Նավասարդյանը պատասխանեց, որ ուժերի հարաբերակցությունը խոսում է այն մասին, որ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների Ադրբեջանը չի գնա՝ չնայած նրա քաղաքականությունը զավթողական է, մերը՝ հակառակը։

«Միանգամայն համաձայն եմ այդ գնահատականի հետ՝ չնայած պատահականությունը չի բացառվում, որովհետև կախած զենքը կարող է կրակել։ Այսօր ոչ ոք չի կարող տալ այն հարցի պատասխանը, թե ի՞նչ պետք է անել, որովհետև Ադրբեջանը չի գնում բանակցային գործողությունների։ Ես համաձայն չեմ, որ չպետք է բանակցենք, անգամ, եթե զուգընթաց կան ռազմական գործողություններ»,- նկատեց բանախոսը։

Ըստ արտակարգ և լիազար դեսպանի՝ Մամեդյարով-Նալբանդյան առաջիկա հանդիպումից մեծ սպասելիքներ չպետք է ունենալ։
Խոսելով G20-ի գագաթաժողովի մասին, նա ասաց, որ այն համարում է շատ կարևոր միջազգային իրադարձություն, և այն կարևոր է նրանով, որ լինելու է Պուտին-Թրամփ հանդիպումը։

«Այն իր հետ կարող է բերել, եթե չասենք՝ անակնկալներ, ապա՝ որոշակի արդյունքներ, որի մասին և՛ ամերիկացիները, և՛ ռուսները վերջին շաբաթվա ընթացքում շատ են խոսում։ Հետաքրքիր է Թիլերսոնի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ը ուզում է կանոնակարգել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ պահելով որոշակի պայմաններ։ ՌԴ-ն իր հերթին՝ նույնպես ձգտում է լավացնել իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ՝ նպատակ ունենալով քննարկել պատժամիջոցների հարցը, սակայն հանդիպման համար մեկ խնդիրը սիրիական հարցն է, որի շուրջ կողմերը պիտի բանակցեն»,- ասաց պարոն Նավասարդյանը։

Ըստ նրա՝ ամերիկացիները և, կարծես թե, ռուսները ևս, հակված են ստեղծելու վտանգից ազատ գոտի, որը բավական մեծ հեռանկարներ է իր մեջ պարունակում, և, եթե դա հաջողվի, ապա, նրա կարծիքով՝ սիրիական հարցը կարող  է մեռյալ կետից շարժվել։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս