
Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից և կյանքն իրենց ձեռքը վերցնել

Հռոմի պապը Ֆրանցիսկոսը Վենետիկ կատարած այցի ժամանակ երիտասարդներին կոչ է արել նվազագույնի հասցնել բջջային հեռախոսների օգտագործումը, հրաժարվել հեռուստացույց շատ դիտելուց և ավելի ակտիվ շփվել միմյանց հետ:
Վենետիկի Սանտա Մարիա դելլա Սալյուտե բազիլիկի մոտ իր քարոզում, որը հեռարձակվել է Vatican News հարթակում, նա կարևորել է անձնական շփումը:
«Մի փակվեք ձեր մեջ, ընկերակցություն փնտրեք, միասին ապրեք Աստծո ներկայությունը, անխոնջ հետևեք այդ ուղուն։ Հնարավոր է՝ ձեզ թվա, որ ձեր շրջապատում բոլորը կլանված են իրենց սարքերով, կախվածություն ունեն սոցիալական ցանցերից և տեսախաղերից», — ասել է նա՝ դիմելով երիտասարդներին։
«Վերցրեք կյանքը ձեր ձեռքը, ռիսկի դիմեք, անջատեք հեռուստացույցը և բացեք Ավետարանը, թողեք ձեր բջջային հեռախոսը և սկսեք ծանոթանալ մարդկանց հետ»։
Նա նաև նշել է, որ թեև հեռախոսը հաղորդակցության օգտակար միջոց է, կարևոր է հիշել դրա հնարավոր բացասական ազդեցությունը միջանձնային հարաբերությունների վրա։
«Գիտեք, թե ինչ է գրկախառնությունը, համբույրը, ձեռքսեղմումը, իրական շփումը: Մի մոռացեք դրա մասին», – ընդգծել է Հռոմի պապը:
Նա հորդորել է բաց չթողել մարդկանց հետ ծանոթանալու հնարավորությունը։