Բժիշկը` երիկամների համար ամենավնասակար դեղամիջոցների մասին
Շատ ժամանակակից դեղամիջոցներ, եթե սխալ օգտագործվեն, կարող են երիկամներին սուր վնաս պատճառել, «gazeta.ru»-ին ասել է էնդոսկոպիստ, գաստրոէնտերոլոգ և սննդաբան Անաստասիա Չիժիկովան:
Չիժիկովան նշել է այն հիմնական ռիսկային գործոնները, որոնք կարող են հանգեցնել դեղորայքի հետևանքով երիկամների վնասմանը: Մասնավորապես, դա հիվանդի տարիքն է. ռիսկը մեծանում է տարեցների և ծերերի մոտ երիկամների ֆունկցիայի նվազման պատճառով: Դա նաև ուղեկցող հիվանդությունների առկայությունն է, ինչպիսիք են շաքարային դիաբետը, սրտանոթային համակարգի հիվանդությունները, քանի որ ավելի հավանական է, որ նման հիվանդները ստանան նեֆրոտոքսիկ դեղամիջոցներ:
Բժիշկը նաև նշել է, որ որքան շատ դեղամիջոցներ ընդունի հիվանդը միաժամանակ, այնքան մեծ է դեղերի փոխազդեցության հավանականությունը և երիկամների վնասման վտանգը։ Չպետք է մոռանալ գենետիկ գործոնի մասին՝ դեղերի տեղափոխման և նյութափոխանակության համար պատասխանատու գեներում պոլիմորֆիզմների առկայությունը մեծացնում է նեֆրոտոքսիկության ռիսկը:
«Դեղորայքի հետևանքով երիկամների վնասման շատ դեպքեր դժվար է կանխատեսել նախապես, քանի որ օրգանիզմի զգայունության անհատական տատանումներ կան: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքի ելքը կախված է բազմաթիվ գործոններից՝ վնասի աստիճանից ու բնույթից, դեղամիջոցի ժամանակին դադարեցումից, ուղեկցող հիվանդություններից»,- հավելել է Չիժիկովան։
Նա նաև նշել է որոշ հակաբիոտիկների, այդ թվում՝ ամինոգիկոզիդների թունավորությունը երիկամների համար։
Դեղերի շարքում, որոնք սխալ օգտագործման դեպքում կարող են հանգեցնել այնպիսի հիվանդության, ինչպիսին է գլոմերուլոնեֆրիտը, մասնագետը նշել է՝ հիդրալազին, α-ինտերֆերոն, լիթիում, NSAIDs, պրոպիլթիուրացիլ, պամիդրոնատ։
Նրա խոսքով, որոշ հակաբիոտիկներ և հակավիրուսային դեղամիջոցներ, միզամուղներ, NSAID-ներ, ֆենիտոին և պրոտոնային պոմպի ինհիբիտորներ կարող են հանգեցնել սուր ինտերստիցիալ նեֆրիտի:
«Դեղերի որոշ խմբեր (NSAIDs, պրոտոնային պոմպի ինհիբիտորներ) կարող են ընդունվել առանց բժշկի նշանակման, ինչը մեծացնում է դեղամիջոցներից երիկամների վնասման վտանգը: Նույնիսկ NSAID-ների կամ այլ պոտենցիալ նեֆրոտոքսիկ դեղամիջոցների կարճատև օգտագործումը առանց բժշկի հսկողության կարող է հանգեցնել բարդությունների: Ոչ մի դեպքում չպետք է ինքնաբուժությամբ զբաղվեք հիպերտոնիայի, շաքարախտի և այլ քրոնիկ հիվանդությունների դեպքում: Նույնիսկ պրոտոնային պոմպի ինհիբիտորների ընդունման կուրսը պահանջում է երիկամների ֆունկցիայի մոնիտորինգ»,- ըստ shantnews-ի՝ զգուշացրել է Չիժիկովան։
Եզրափակելով՝ նա նշել է, որ թունավորման նշանների ի հայտ գալու դեպքում (սրտխառնոց, փսխում, երիկամների ցավ), անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել դեղամիջոցի ընդունումը և դիմել բժշկի։