Խաղաղապահները մինչև մայիս լիովին կլքե՞ն Արցախը․ ո՞ր թեման է դառնալու Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հերթական կռվախնձորը

Ռուսական գրեթե ողջ խաղաղապահ զորախումբն արդեն լքել է Լեռնային Ղարաբաղը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության աղբյուրին։

Աղբյուրի խոսքով, մնացած խաղաղապահները պետք է լքեն տարածաշրջանը մինչև մայիսի վերջ։ Աղբյուրը հայտնել է նաև զորախմբի բոլոր զրահատեխնիկայի, այդ թվում՝ 90 BTR 82A զրահափոխադրիչների և 380 այլ մեքենաների դուրսբերման մասին։

Ապրիլի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին։ Նրանց խոսքով՝ խաղաղապահները լքել են Դադիվանքի հայկական վանական համալիրի տարածքը։ Ապրիլի 17-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկը։ Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020 թվականից, ասվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Նրանց առաքելությունն այնտեղ, ըստ հայտարարության, լրանում էր 2025 թվականին։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այս ամենից հետո տեղեկացրել էր, որ ռուս խաղաղապահների՝ Արցախի Հանրապետությունից վաղաժամ դուրսբերման որոշումը կայացվել է երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։ «Երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հռչակագրի հիման վրա «Ադրբեջանի Հանրապետության տարածքում» ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների «մեր երկրի տարածքից» վաղաժամկետ դուրսբերման մասին։ Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել էր Հաջիևը։

Կարդացեք նաև

Ուշագրավ է այն հանգամանքը, որ չնայած արդեն երկու կողմից էլ հաստատվել է  խաղաղապահների ելքը, սակայն ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանում տեղի ունեցածը։ Թեև հարկ է նաև նշել, որ օրերս ՌԴ ԱԳՆ-ում ԱԳ նախարար Լավրովի գլխավորությամբ խորհրդակցություն տեղի ունեցավ Հարավային Կովկասում ՌԴ քաղաքականության թեմայով, կարևորելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության լիարժեք իրագործումը։

168.amի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր էր մնալ և երկարաձգել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունը։

Դա, նրա խոսքով, ակնհայտ էր՝ ինչպես այս զորախմբի տեղակայման սկզբում, այնպես էլ՝ հենց վերջերս։

Սակայն, ըստ նրա, ինչ-որ փուլում, ամենայն հավանականությամբ, չհաջողվեց Ադրբեջանի հետ այս հարցում պայմանավորվել, քանի որ նրանց մնալը կնշանակեր հույս, որ բնակչությունը վերադառնալու է, որը, բնականաբար, Ադրբեջանում երևի թե չեն ցանկանում, ուստի իրենց քաղաքականությունն այս ուղղությամբ տարան։

«Տեղեկությունը, որ մինչև մայիս կլքեն, արդեն այսօր հավանական է թվում, քանի որ այլ բան չհաջողվեց պայմանավորվել։ Ի սկզբանե Ադրբեջանը խաղաղապահների ներկայությունը, ինչպես հիշում եք, չէր ողջունում և այս մասով Ադրբեջանի քաղաքականությունը հաստատուն էր։ Ռուսաստանի համար ոմանք սա համարում են պարտություն, ոմանք՝ որպես բնական զարգացում, քանի որ կա մեծ պատերազմ, կա ակնհայտ նահանջ այլ գոտիներից։ Կան կարծիքներ նաև, որ այն ներկայությունը, որն ունի Ռուսաստանը Օսիայում և Աբխազիայում, այս փուլում բավարար է Ռուսաստանի համար և հարակից այլ գոտիներում խաղաղապահներ ունենալու հեռանկարն Ադրբեջանի հետ խնդիրների ու Հայաստանի հետ խորացող բացասական հարաբերությունների հետ մեկտեղ, գրավիչ չէ Ռուսաստանի համար»,- ասաց նա։ Նրա խոսքով, գուցե մի տեղ զիջում է գրանցվում, մյուս տեղում՝ ձեռքբերում։

Ինչ վերաբերում է ՌԴ հարավկովկասյան քաղաքականությանը՝ վերլուծաբանը գտնում է, որ որոշ փոփոխություններով, սակայն, ընդհանուր առմամբ ՌԴ-ն այս փուլում չի փոխելու իր քաղաքականությունը Հարավային Կովկասում։

Ֆելգենգաուերի խոսքով, ինչ-որ բաներ արդեն փոխվել են, ՌԴ դիրքերը թուլացել են, Հարավային Կովկասում ՌԴ հարաբերությունների ճարտարապետությունը փոխվել է, այս փուլում ղարաբաղյան գործոնը կարծես չկա, ՀՀ-ն ապագան փորձում է տեսնել Արևմուտքում։

«Ռեգիոնալ գլխավոր հարցը, որն աշխարհաքաղաքական մրցակցության առաջիկա ամենասուր թեման է դառնալու՝ ճանապարհների հարցն է։ Աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոններն են մասնակցելու համաձայնեցման գործընթացներին, ի՞նչ երթուղիներ, ի՞նչ կարգավիճակով են համաձայնեցվելու, և ո՞վ է դրանց նկատմամբ լուրջ վերահսկողություն ունենալու։ Սրանք առաջիկա գլխավոր հարցերն են և, կարծում եմ՝ Ռուսաստանը ևս պետք է որ փորձի մասնակցել։

Ինչպես տեսնում ենք, ակտիվ է նաև Իրանը, Թուրքիան Ադրբեջանի հետ, թերևս, կցանկանան շարունակել այն քաղաքականությունը, որը վարում են՝ ստանալով հավելյալ ազդեցություն, անընդհատ մանևրելով»,- ասաց Ֆելգենգաուերը։

Տեսանյութեր

Լրահոս