Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է. ժամանակը գալու է. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ անդամների հետ մասնակցում է Ջահերով երթին։

Լրագրողների հետ զրույցում խոսելով Հայոց ցեղասպանության և դրա վերաբերյալ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների  կասկածելի տարբեր շահակումներից, նա ասաց.

«Որևէ մեկն իրավունք չունի կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանությունը։ Վաղը կտեսնեք իմ հայտարարությունը, այնտեղ ամեն ինչ ասված է»։

Սերժ Սարգսյանը նաև անդրադարձավ Տավուշում ընթացող գործընթացներին և պատասխանեց հարցին, թե հնարավո՞ր է՝ դրանով սկիզբ առնի հանրային ընդվզում։

Կարդացեք նաև

«Դժվարանում եմ կանխատեսումներ անել, ես Տավուշի մասին խոսել եմ, բացի խոսելուց, մենք ունեցել ենք ԳՄ հայտարարությունը, այնտեղ ամեն ինչ ասված է։

Իշխանությունն ինչ ուզում է, կարող է ասել, իրենց ի՞նչ կա, այսօր մի բան կասեն, վաղը՝ մի ուրիշ բան, վաղը չէ մյուս օրն էլ՝ բոլորովին այլ բան»,- նշեց Սերժ Սարգսյանը և ընդգծեց՝ տրամաբանություն չի տեսնում իշխանությունների այն հայտարարությունների մեջ, թե տարածքներ զիջելով՝ նվազեցնում են թշնամու հարձակման ռիսկերը։

«Տրամաբանության նշույլ անգամ չկա, մենք այդ մասով էլ ենք հայտարարություն արել, այնտեղ հստակ ամեն ինչ ասված է»,- հավելեց Սերժ Սարգսյանը։

Իսկ Հանրապետության երրորդ նախագահն իրատեսական համարո՞ւմ է  Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը և ի՞նչ տարբերակով, լրագրողների այս հարցին Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Ես բազմիցս ասել եմ, այո՝ իրատեսական եմ համարում, ամենաճիշտ, ամենամատչելի ու հասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է։ Դրա ժամանակն էլ է գալու»։

Հաջորդ հարցին՝ ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը չի գնում նման քայլի, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ դրա մասին էլ բազմիցս ասել են:

«Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմը» կամ երկու խմբակցությունները միասին կարո՞ղ են դա անել։ Ապահովեք հասարակական ճնշումը, նման սուր հարցեր իրենց տվեք, տեսեք՝ իրենք ի՞նչ են պատասխանելու»,- շեշտեց Երրորդ նախագահը։

Ի պատասխան լրագրողի դիտարկման՝ այն շրջանակները, որոնք ժամանակին մերժում էին իրեն, այսօր հենց իրենից են ակնկալում լսել լուծումներ, Սերժ Սարգսյանը նկատեց.

«Երբ ես տեսնեմ՝ շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակներն ասելու եմ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս