«Երբ դու թուրքին սկուտեղի վրա տարածք ես մատուցում, դրան հաջորդում է նրա հարվածը. հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը». Դավիթ Ջամալյան
Ապրիլի 26-ին Կառավարությունից հերթական պաշտոնական հաղորդագրությունը տարածեցին, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման արդյունքում սահմանին արդեն հայտնվել է 28 սյուն։ Առաջին սյան հայտնվելու լուրն «ավետեց» Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով լուսանկար։
Այս գործընթացը տեղի է ունենում Տավուշի մարզի բնակիչների համընդհանուր բողոքի ակցիաներին զուգահեռ՝ գործընթացը դադարեցնելու և իշխանությունների հրաժարականի հստակ պահանջով, քանի որ, ըստ բնակիչների, սա ոչ թե սահմանազատում է, այլ միակողմանի զիջում Հայաստանի կողմից։ Մեկ շաբաթից ավելի է, բնակիչները փակ են պահում Ոսկեպար-Կիրանց ճանապարհը։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը խոսելով իշխանությունների սկսած այս գործընթացի վտանգների, Ադրբեջանի նկրտումների ու թշնամուց եկող սպառնալիքների մասին, ասաց՝ ցանկացած գործընթաց ՀՀ իշխանությունները կարող են այնպես այլասերել, որ դրա բուն բովանդակությունից որևէ բան չմնա։ Ըստ նրա՝ նույն կերպ իշխանությունն անում է նաև սահմանազատման գործընթացը, որը տվյալ պահին սահմանազատում չէ, այլ միակողմանի զիջում։
«Եթե Հայաստանում լիներ պետականակենտրոն իշխանություն, ապա այս լոկալ սահմանազատումը, ինչն ի սկզբանե անտրամաբանական ու անհեթեթ է՝ ուղղակի տեղի չէր ունենա։ Այլ ամբողջ պետական սահմանի հետ կապված՝ նախ ձեռք կբերվեին համապատասխան պայմանավորվածություններ, որից հետո այն կյանքի կկոչվեր։ Հիմա մենք այստեղ գործ ունենք ՀՀ ինքնիշխան տարածքը հանձնելու հակասահմանադրական գործողության հետ։
Նախ, Խորհրդային Միության ներքին վարչական սահմանները չեն կարող պարզապես ինքաբերաբար համարվել միջպետական։ Եթե մենք հղում ենք անում այդ տարիների վարչական սահմաններին, ապա պետք է հաշվի առնել հետևյալը, որ 1991 թվականից սկսած, այսինքն՝ Խորհրդային Միության կազմաքանդումից հետո Ադրբեջանն ագրեսիայի է դիմել Հայաստանի ու Արցախի հանդեպ։ Դրանով էլ պայմանավորված՝ պետական սահմանի վերաբերյալ նախկինում եղած բոլոր պայմանավորվորվածությունները, ընդունված սահմանները զրոյացել են ու կորցրել իրենց լեգիտիմությունը։ Այսինքն՝ օրվա բաժանարար գիծը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այդ հատվածում՝ հյուսիս-արևելքում, ձևավորվել է Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու հետևանքով»,- նշեց Դավիթ Ջամալյանը։
Շարունակելով միտքը՝ մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ բանակցություններում այս հանգամանքն անտեսելը և իբրև հիմք խորհրդային տարիների վարչական սահմանի հանգամանքն ընդունելը, հղում անելն Ալմա Աթայի հռչակագրին, որտեղ կոնկրետ պայմանավորվածություններ չեն էլ եղել՝ հակաօրինական է։
«Այն տարածքները, որոնք այսօր ՀՀ իշխանությունը սկուտեղի վրա մատուցում է թշնամուն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ներառվել է Հայաստանի իրավասության ներքո։ Օրինակ, կադաստրի վկայական են տվել մարդկանց, հետևաբար՝ այդ տարածքները ոչ միայն ինտեգրված են եղել ՀՀ-ին, այլև պետական մարմիններն իրենց լիազորություններն իրականացրել են այդ տարածքներում։ Կրկնում եմ՝ այս գործընթացը սահմանազատում չէ, այլ սահմանազատման անվան տակ ՀՀ տարածքը հանձնելու գործընթաց է»,- շեշտեց ռազմական փորձագետը։
Խնդիրը ռազմաքաղաքական տեսանկյունից մեկնաբանելով՝ Դավիթ Ջամալյանը նկատեց՝ եթե անգամ Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ այս հարցին մոտենա, ապա փաստն այն է, որ, եթե օրվա իշխանությունը կարողանար հասնել այն բանին, որ Ադրբեջանն իր զորքը հետ քաշեր Հայաստանի օկուպացված տարածքներից, մասնավորապես՝ Արծվաշենից, և միաժամանակ նոր միայն հայկական կողմի զորքը հետ քաշվեր զբաղեցրած դիրքերից, հնարավոր կլիներ որևէ տրամաբանություն տեսնել։ Սակայն Ադրբեջանի ղեկավարը հստակ հայտարարել է, որ հայկական տարածքներից դուրս չեն գալու, և սահմանազատման արդյունքում հայկական կողմն իր տարածքները չի ստանալու։
«Ադրբեջանն այսօր ստացել և շարունակում է ստանալ մարտավարական նշանակության բարձունքներ և ամենակարևորը՝ Ադրբեջանի ղեկավարը ստանում է այդ բարձունքները և սպառնում է պատերազմով։ Առհասարակ լկտիացած թուրքից ավելի վտանգավոր բան չկա, պատմությունն է ցույց տալիս, որ, երբ դու թուրքին սկուտեղի վրա տարածք ես մատուցում, դրան հաջորդում է նրա հարվածը։ Բերձորն իշխանությունը նվիրեց թշնամուն, երկու օր անց նա հարվածեց Ջերմուկին, հիմա էլ նույնն է տեղի ունենում։ Նաև պետք է հիշել՝ թշնամու կողմից հաջորդ գործընթացը լինելու է Կողբից մինչև Սոթք եղած հատվածում, իսկ Սոթքից մինչև Նռնաձոր հատվածն արդեն ՀՀ և Արցախի Հանրապետություն սահմանն է։ Երբ վաղը-մյուս օրն ունենանք պետականակենտրոն իշխանություն, այս հանգամանքը պետք է անպայման հաշվի առնենք»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։