Միակ ելքը փակուղուց․ քաղաքական պատերազմ՝ ընդդեմ հիբրիդային պատերազմի

Հայաստանի իշխանությունը, որ շատ է սիրում խոսել հիբրիդային պատերազմների մասին, իրականում հիբրիդային պատերազմ է վարում հայ ժողովրդի դեմ։ Դրա գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է, ով տապալելով թշնամական պետության դեմ իրական գլխավոր հրամանատարի իր պարտականությունը՝ հիմա աննահանջ պայքար է մղում սեփական ժողովրդի դեմ՝ այդ ճանապարհին կանգ չառնելով գործնականում ոչնչի առջև։

Հիբրիդային այդ պատերազմում կիրառվում են բազմաթիվ տեխնոլոգիաներ, բայց դրանցից ամենագլխավորն ու ամենազազրելին իշխանությունների վարած այն քարոզչությունն է, որը կարելի է անվանել պայքար բանականության դեմ։ Մինչ ողջ աշխարհը զբաղված է արհեստական բանականության կատարելագործմամբ, Հայաստանի իշխանությունը կերտում է «հակաբանական բանականություն»՝ այդպիսով հասարակությանը դնելով այնպիսի փակուղում, որից ելք բանականության շրջանակներում հնարավոր չէ գտնել։ Այդ տեխնոլոգիայի շրջանակներում հանրային օրակարգը, քաղաքական դիսկուրսը լցվում է բովանդակությամբ, որը, բացի բացահայտ կեղծիքից, մանիպուլյացիայից, իրականության նենգափոխումից, ուղղակի անարգանք է մարդկային բանականությանն ու ազգային արժանապատվությանը։

Օրինակները բազմաթիվ են՝ սկսած Արցախի հայկականությունը կասկածի տակ դնող ամենակեղտոտ թեզերից, մինչև վերջերս հրապարակ նետված Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնող անբարոյական մտավարժանքներ։

Իրավիճակի նրբությունն ու վտանգավորությունն այն է, որ ապաբարոյական, հակագիտական, հակապատմական ու հակաքաղաքական այդ թեզերը գեներացնում է իշխանությունը, որին քաղաքական դաշտը, մամուլը, հանրային գործիչներն օբյեկտիվորեն անտեսել չեն կարող և ստիպված են հակադարձել։ Բայց այդ հակադարձումը բոլոր հակադարձողներին անմիջապես մղում է հարթություն, որում նրանք ի սկզբանե դատապարտված են, որովհետև հակառակ կողմը՝ իշխանությունը, պատրաստ է դեմ գնալ բանականությանը, բարոյականությանն ու արժանապատվությանը։

Կարդացեք նաև

Այս իրականության խտացված աբսուրդն  այն է, որ հիմա, իշխանությունից բացի, Հայաստանում գրեթե բոլորը նույն իշխանության դեմ մղում են ճիշտ նույն պայքարը, ինչ տասնամյակներ շարունակ մղել են Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական, հանրային, դիվանագիտական ներկայացուցիչների դեմ։ Դա մի կողմից՝ առաջացնում է այն, ինչն անվանում են կոգնիտիվ դիսոնանս, մյուս կողմից՝ անհեթեթ է դարձնում քաղաքական, ինտելեկտուալ պայքարն ինքնին, որովհետև իշխանությունը ընդդիմախոսներին մղում է հայաստանյան իսկ օրակարգում ապացուցել այն, ինչի մասին խոսակցությունն անգամ ծառայում է թշնամական օրակարգերին։

Այս իրավիճակից ելք այն տիրույթում, որում օրակարգ է գեներացնում իշխանությունը, գործնականում չկա։ Ամբողջ հասարակությունը չի կարող բանականությունից ու բարոյականությունից դուրս գալ՝ հանուն իշխանության հետ բանավիճելու մի  բանավեճում, որը՝ անկախ ելքից, ծառայում է թշնամական երկրներին։ Հետևաբար՝ հասարակությունը պետք է գտնի ճանապարհն իշխանությանն այդ դիսկուրսից դուրս դնելու համար, քանի որ նրան բանականության ու բարոյականության հարթություն տեղափոխելն անհնար է նույնքան, որքան մի ողջ ազգի խելագարվելը։

Այս պահին անհնարին թվացող այդ սցենարը կարող է միանգամայն հնարավոր դառնալ, եթե իշխանության հիբրիդային պատերազմի դեմ ի սկզբանե դատապարտված պայքար մղելուն ուղղված ջանքերն ուղղորդվեն քաղաքական գործիքակազմով իշխանությանն իրական պատերազմ հայտարարելուն։ Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության դեմ քաղաքական պատերազմից վախենում է բազմապատիկ ավելի, քան պետության դեմ նաև իր պատճառով սանձազերծվելիք հնարավոր պատերազմից, որի սպառնալիքով ահաբեկում է հասարակությանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս