Բաժիններ՝

ՖԻԴԵ-ն հաստատել է աշխարհի թագի համար նախատեսված մրցախաղի ժամանակացույցը

Շախմատի աշխարհի թագի համար մրցախաղը կայանալու է այս տարվա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Մրցախաղին մասնակցելու են շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենը (Չինաստան) և հավակնորդների մրցաշարի նորընծա հաղթող, 17-ամյա գրոսմայստեր հնդիկ Դոմարաջու Գուկեշը։

Համաշխարհային թագի մրցախաղի մրցանակային բյուջեն 2,5 միլիոն դոլար է։ ՖԻԴԵ-ն մրցանակային բյուջեի համար ներդնելու է 1,1 միլիոն դոլար։ Մնացած գումարը պետք է տրամադրի մրցախաղն անցկացնող երկիրը, որի անունը հայտնի կդառնա ավելի ուշ։

Դին Լիժենն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2023 թ. ապրիլին` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, ռուս Յան Նեպոմնշյաշչիի դեմ կայացած մրցախաղում։

Դոմարաջու Գուկեշը վերջերս Կանադայի Տորոնտո քաղաքում դարձավ Հավակնորդների մրցաշարի պատմության ամենաերիտասարդ հաղթողը և հնարավորություն ստացավ պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս