Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Հովնանյան» վարժարանի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին։
Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ վարժարանի շրջանավարտ սաների՝ ավանդույթ դարձած այցելությունները Հայաստան հնարավորություն է պատանիների համար սեփական աչքերով տեսնելու այն ամենը, ինչ սովորել են կրթօջախում Հայաստանի ու նրա պատմության մասին, հաղորդ դառնալու հոգևոր ժառանգությանն ու սրբություններին և պահպանելու ազգային ինքնությունը։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն աշակերտներին պատգամեց զորանալ հայրենաճանաչությամբ, իրենց սերն առատացնել հայրենիքի նկատմամբ և ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց «Հովնանյան» վարժարանի պաշտոնեությանը, մանկավարժներին և սաների ծնողներին հայեցի կրթություն ապահովելու և եկեղեցասեր սերունդ դաստիարակելու համար։