Եթե 2018-ին ոստիկանությունն իրեն այսօրվա պես պահեր, Փաշինյանն իշխանության գալու որևէ շանս չէր ունենա․ Տիգրան Քոչարյան
Ընդդիմադիր դաշտի անկազմակերպվածություն կա, մոտեցումը նման է այն ասացվածքին, որ գեներալները միշտ պատրաստվում են նախորդ պատերազմին։ Ընդդիմությունը պայքարին հիմնականում պատրաստվում է հին ձևերով՝ չհասկանալով, որ այլ ձևեր կան։ Մտածում են՝ եթե Նիկոլն այդպես է իշխանության հասել, միգուցե իրենց մոտ էլ կստացվի։ Ոչ թե հեղափոխությունը, այլ ոստիկանությունն է եղել թավշյա։ Եթե ոստիկանությունն իրեն պահեր այնպես, ինչպես հիմա է պահում, Փաշինյանը որևէ շանս չէր ունենա իշխանության գալու։ Ընդդիմության հիմնական նպատակը պետք է լինի մտածելը, թե ինչպես ոստիկանությունը դարձնել թավշյա։ Փաշինյանին այսօր պահում է միայն մեկ ուժային կառույց՝ ոստիկանությունը, միգուցե նաև ԱԱԾ-ի մի ստորաբաժանում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Աշխարհաքաղաքական որոշ ուժեր շահագրգռված են Փաշինյանի՝ իշխանության մնալով։ Առաջին հերթին դա Արևմուտքն է, ժամանակին նաև Ռուսաստանն էր մտածում, որ միգուցե կկարողանա նրանից կորզել այն, ինչը համապատասխանում է իր շահերին։ Դրա հաշվին Փաշինյանը բավական երկար ժամանակ մնաց, հատկապես, երբ 2021-ին կարողացավ բոլոր կողմերին խաբել և համոզել։ Դրա արդյունքում ընտրություններից ժամեր անց աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները շնորհավորեցին հայ ժողովրդի հաղթանակը։ Քայլ անելու վճռականության պակաս կա, այն է՝ պատրաստ լինել գնալ և բանտարկվել, հանուն քո արդարության՝ զոհվել, ունեցվածք կորցնել, աշխատավարձից կամ պարգևավճարից զրկվել։ Սա համատարած է՝ և՛ ընդդիմության շարքերում է, և՛ Նիկոլին ատող զանգվածի, որն ինչ-որ չափով իշխանության, պետական կառույցների մեջ է»,- ասաց հանրային գործիչը:
«Բուն նիկոլականները ներկայումս երևի մի քանի հարյուր հոգի են, մնացածները կա՛մ շահ ունեն, կա՛մ վախ։ Գաղափարապես նիկոլականները երևի մի 10-15 հոգի են, որոնք իր հետ քայլել են։ Հիշենք 2022-ի դեկտեմբերին շրջափակված Արցախը։ Մոտ չորս-հինգ ամիս այնտեղ որևէ ձայն, ծպտուն, բողոք, ժողովրդական ընդվզում չկար։ Շատ արտասահմանցի գործընկերներ, երբ լսում էին, որ Արցախում շրջափակում է, Ադրբեջանը ճնշում է, զարմանում էին, քանի որ ընդվզում ու պայքար չէին տեսնում։ Արցախցիները չէին ուզում խոսել, վախենում էին, բայց տպավորությունն այնպիսին էր, որ եթե այնտեղից ձայն չէին հանում, ուրեմն ամեն ինչից գոհ էին, շրջափակումն էլ կեղծ էր։ Եվ արցախցիները սկսեցին խոսել, ցույցեր կազմակերպվեցին, Արցախի շուրջ շարժ գնաց։ Եթե շուռնուխցու, տավուշցու կամ արցախցու կողքին ենք կանգնում, իսկ նա չի պայքարում, այդ պայքարն արհեստական է դառնում»,- նշեց Քոչարյանը:
Ընդդիմադիր գործչի պնդմամբ՝ եթե հանձնվող հողի բնակիչը ձայն չի հանում, մյուս պայքարողներին ասում են՝ նա խնդիր չունի, դու ինչո՞ւ ես խառնվում. «Դիմադրության շարժման ժամանակ, օրինակ, Արցախից ձայն չէր գալիս, և շատերն ասում էին՝ ինչո՞ւ եք Արցախի համար պայքարում, եթե իրենց ձեռնտու է կարգավիճակի նշաձողի իջեցումը։ Երբ արցախցին սկսեց խոսել, հարցը միջազգայնացվեց։ ԱՄՆ-ում ի պաշտպանություն Արցախի առաջին ցույցին հինգ գլենդելցի հայ էր, որոնցից չորսը՝ արցախցի։ Դրանից հետո փողոցներ փակվեցին, խոշոր ցույցեր եղան նաև Եվրոպայում, շարժ եղավ։ Երբ դու պայքարում ես, քո կողքին կանգնում են։ Եթե դու խոշոր աշխարհաքաղաքական կենտրոն ես՝ Արևմուտք կամ Ռուսաստան, և երբ տեսնում ես, որ որևէ շարժ ու պայքար չկա, ենթադրում ես, որ դա իրենց համար նորմալ է»:
«Երբ սկսում ես պայքարել և ինքնապաշտպանվել, խաղացնում ես նաև այն ուժերին, որոնք որոշակի շահեր ունեն տարածաշրջանում։ Երբ դիմադրում ես, Ռուսաստանը, Իրանը, ԱՄՆ-ը սկսում են մտածել, որ այս մարդիկ չեն ուզում զոհվել, ուզում են ապրել իրենց հողի վրա, սխալ է նրանց կոտորելն ու ցեղասպանելը, պետք է օգնել նրանց։ Դրսում տեսնում են, որ Հայաստանը դեմ է Փաշինյանի քաղաքականությանը, մարդիկ ընդվզում են, փողոց են դուրս գալիս, եկեղեցին ընդդիմանում է, ուրեմն՝ մի բան սխալ է, և Փաշինյանը խաբել է»,- ամփոփեց Տիգրան Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում