Մեր բոլոր մարզիկները վնասվածք ունեին. Հայաստանի մարմնամարզության ընտրանու գլխավոր մարզիչ Սերոբյան
Հայաստանի մարմնամարզության ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է Եվրոպայի առաջնությունում երիտասարդների և մեծահասակների հավաքականների գրանցած արդյունքներից:
«Ընդհանուր առմամբ`գոհ եմ: Կարող էր ավելի լավ լինել, բայց բնականաբար, որքան լավ արդյունքներ են լինում, ձգտում ենք առավելին: Մենք Դոհայի աշխարհի գավաթում մեր գերագույն խնդիրը կատարել էինք, և գուցե ինչ-որ տեղ թուլացած էինք եկել այստեղ: Նորմալ եմ գնահատում, ունենք մեդալների հավաքածու` առաջին, երկրորդ և երրորդ տեղ: Սակայն ամենակարևորն այն է, որ ունենք երկրորդ օլիմպիական ուղեգիրը: Ուզում եմ շեշտել, որ մեր բոլոր մարզիկները վնասվածք ունեին»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առանձնացրեց նա:
Սերոբյանի խոսքով` առավել շատ ուրախություն պարգևել են երիտասարդ մարմնամարզիկները` Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը:
Անդրադառնալով Արթուր Ավետիսյանի մրցելույթին, Սերոբյանը նկատեց, որ Ավետիսյանը բարդացրել է վարժությունն ու քիչ-քիչ առավել լավ է կատարում այն:
«Հետաքրքիր է, որ մենք երկրորդ տեղի համար այդքան էլ ուրախ չենք, բայց Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալը շատ նորմալ է: Գուցե, Աստծո կամքով Փարիզի Օլիմպիական խաղերում ինքը կանի այն, ինչին ունակ է»,- ասաց նա:
Հայաստանի մարմնամարզության մեծահասակների ընտրանու կազմում Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը:
Երիտասարդների ընտրանու կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Համլետ Մանուկյանը, իսկ Մամիկոն Խաչատրյանն էլ արժանացավ բրոնզե մեդալի: