«Պատերազմին պատրաստվելն այսպիսի տեսք չի ունենում». Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ ղարաբաղաադրբեջանական շփման գծում նոր ոչինչ տեղի չի ունեցել, ավելին՝ կարելի էր սպասել նման զարգացումների։

«Թե ինչո՞ւ էր դա սպասելի ինձ համար, կասեմ, որ հասկանալի էր՝ ադրբեջանցիները նման ակցիաներ ժամանակ առ ժամանակ կանեին՝ կրակոցներ, դիվերսիոն հարձակումներ։ Սա դադարեցնել հնարավոր չէ, որովհետև դա անելու համար բավարար քաղաքական գործիքներ չկան։ Ադրբեջանցիներն առաջին անգամը չէ, որ տեղադրում են կայաններ բնակելի տարածքներին մոտ կամ հենց բնակելի տարածքներում»,- նկատեց բանախոսը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը որոշում է կայացրել ժամանակ առ ժամանակ իրականացնել նման ակցիաներ, որոնք  հաճախ դառնում են ինչ-որ լուրջ իրադարձություններ միջազգային հարթակում։

Ա. Իսկանդարյանը պատերազմի վերսկսման վտանգ չի տեսնում. «Պատերազմին պատրաստվելն այսպիսի տեսք չի ունենում։ Երբ մարդիկ պատրաստվում են պատերազմի, նրանց անհրաժեշտ է  հանկարծակիի բերելու գործոնը, լռությունը, որպեսզի առաջատարի դերը պահպանեն մարտում։ Ռազմական տեսանկյունից սա հասկանալի մոտեցում է»։

Թեև, Ա. Իսկանդարյանի կարծիքով՝ որևէ էական փոփոխություն չկա, բայց ցավալին այն է, որ այս անգամ  երեխա է մահացել։

Բանախոսի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը վատ դեր ունի նաև ադրբեջանցիների համար, որովհետև այն բերում է կոնսոլիդացիայի, և այն, ինչ կատարվում է Արցախում, հատկապես ապրիլից հետո կոնսոլիդացիա է՝ դիմակայելու արտաքին վտանգին։

Խոսելով Արցախում կայանալիք ընտրությունների մասին, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ, ի տարբերություն Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանը միապետություն է։

«Ընտրություններ վաղուց Ադրբեջանում տեղի չեն ունենում։ Ալիևը կկառավարի այնքան, որքան կցանկանա, կամ այնքան, որքան իրեն կթողնի իր ընտանիքը։ Իսկ եթե նա հրաժարվի իշխանությունից, դա կլինի կամ առողջական խնդիրներից ելնելով, կամ ինչ-որ հասարակական «պայթյունի» արդյունքում։ Անհնար է պատկերացնել, որ այնտեղ ընտրություններ կլինեն»,- հավելեց բանախոսը։

Վերջինս, խոսելով G20-ի գագաթաժողովի մասին, նկատեց, որ գագաթաժողովի ընթացքում կքննարկվի սիրիական հարցը, կխոսվի  Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների մասին, Արցախի հարցը, հնարավոր է, որ բարձրացվի, բայց, ըստ բանախոսի՝ այն, որ այդ հարցով լուրջ քննարկումներ կլինեն, իրատեսական չէ։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս