Բաժիններ՝

«Երևանում նոր մետրոպոլիտենի կառուցման խոստումներն առնվազն իրատեսական չեն». Փոխքաղաքապետը՝ «Ելքին»

«Մենք տեսնում ենք, որ ավտոբուսների թիվը՝ ի համեմատ միկրոավտոբուսների, կազմում է 46 տոկոս, ու կարծում ենք՝ այդ հարաբերակցությունը պետք է կտրուկ փոխվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը:

Ըստ նրա՝ պետք է հնարավորինս ազատվել միկրոավտոբուսներից. «Գազելները՝ որպես տրասպորտային միջոց, հարմարավետ չեն ու հարմարեցված չեն Երևանի երթևեկությանը»:

Դ. Խաժակյանը նկատեց, որ այսքան տարիների ընթացքում չի հաջողվել ամբողջությամբ կահավորել կանգառները, ինչը շատ հաճախ դառնում է խցանումների պատճառ. «Կանգառների մեծամասնությունը կահավորված չէ: Տրանսպորտի զարգացման տեսանկյունից՝ պետք է ունենանք առանձին ճանապարհային գոտիներ, որը հնարավորություն կտա երթևեկության կայունությունն ապահովել»:

Նա նաև նշեց, որ իրենց հաղթանակի դեպքում՝ կարող են այս 5 տարվա ընթացքում կառուցել մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան. «Այդ հնարավորությունը մենք տեսնում ենք»:

Ասուլիսին ներկա Երևանի փոխքաղաքապետ, ՀՀԿ ավագանու թեկնածու Վահե Նիկոյանն էլ նշեց, որ ցանկացած քաղաքային իշխանության համար երազանք է երկրորդ մետրոպոլիտեն կառուցելը.

«Մենք 2013 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ և դրամաշնորհային միջոցներով պատվիրեցինք մետրոպոլիտենի երկու նոր կայարանների կառուցման իրագործելիության ուսումնասիրություն: Մանրամասն ուսումնասիրություններ ներկայացվեցին ու ներկայացվեց նաև դրա արժեքային գնահատականը. երկու կայարանների կառուցումը կազմում էր 250 միլիոն եվրո: Ես՝ որպես Երևան համայնքի ֆինանսական պատասխանատու, կարող եմ ասել, որ այն խոստումները, թե Երևանի քաղաքային իշխանություններն իրենց հնարավորությունների շրջանակններում կարող են կառուցել երկրորդ մետրոպոլիտենը, առնվազն իրատեսական չեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս