Բաժիններ՝

Ահաբեկչություն պլանավորած գերմանացի զինվորն իրեն սիրիացի փախստական է ձևացրել

Բավարիայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է բունդեսվերի մի զինվոր, որն իրեն սիրիացի փախստական է ձեւացրել: Այդ մասին հայտնել է Die Welt­-ը:

Այս տարվա հունվարին 28­-ամյա զինծառայողն ատրճանակը թաքցրել էր Վիեննայի օդանավակայանի զուգարանում: Զենքը հայտնաբերել են տեղի իրավապահ մարմինների աշխատակիցները: Նրանք հսկողություն են սահմանել, սպասելով, թե երբ են գալու դրա հետեւից:

Զինվորը վերադարձել է մեկ ամիս անց: Ավստրիայի ոստիկանները ձերբակալել են տղամարդուն եւ, պարզելով նրա ինքնությունը, տեղեկատվություն փոխանցել գերմանացի գործընկերներին: Իսկ զինվորականին բաց են թողել:

Գերմանիայում պարզել են, որ 2015 թվականին տղամարդը, որն իրեն սիրիացի միգրանտ է հայտարարել, Բավարիայի միգրացիոն մարմիններին է դիմել իրեն ապաստան տրամադրելու խնդրանքով: Նա թաքցրել է, որ ինքը Գերմանիայի քաղաքացիություն ունի, եւ արդյունքում նրա խնդրանքը բավարարել են:

Հաղորդվում է, որ նրան բնակարան են տրամադրել եւ նպաստ նշանակել: Ինչպես նշում է Die Zeit-­ը, զրույցի ընթացքում ուշադրություն չեն դարձրել այն բանի վրա, որ նա արաբերեն չգիտի եւ հարցերին պատասխանել է ֆրանսերեն:

Այդ մարդն ավելի վաղ իրավապահ մարմինների տեսադաշտում էր հայտնվել իր ազգայնական հայացքների պատճառով: Դատախազությունում չեն բացառում, որ նա կարող էր գործել՝ ղեկավարվելով այլատյացության համոզմունքներով, նշում է BBC-­ն:

Վարկածներից մեկի համաձայն, նա պատրաստվում էր հարձակում կատարել եւ ատրճանակը նետել հանցագործության վայրում: Զենքի վրայի մատնահետքերի վերլուծությունը հետաքննությանը կհամոզեր, որ գրոհը սիրիացի փախստականի ձեռքի գործն է:

Ինչպես պատմել են դատախազությունում, տղամարդը ազգային անվտանգությանն սպառնացող «լուրջ հանցագործություն էր պլանավորել»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս