
Մարին Լը Պենն ընտրությունների երկրորդ փուլից առաջ փոխել է ընտրարշավի կարգախոսը

Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի նոր կարգախոսն է դարձել «Ընտրել Ֆրանսիան» արտահայտությունը: Ընտրաշավի նոր կարգախոսի եւ նոր պաշտոնական պլակատի շնորհանդեսը, որոնք հատուկ մշակվել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին նախորդող պայքարի համար, կայացել է ապրիլի 26-ին։
Նոր պլակատին պատկերված է Լը Պենը՝ հագած կապույտ գույնի պիջակ՝ ընտրաշավի պաշտոնական գույնը, եւ բավականին կարճ սեւ շրջազգեստ: Ազգային ճակատի առաջնորդը լուսանկարում նստած է սեղանին՝ մերկացնելով աջ ծունկը, իսկ մատներն իրար հագցնելով՝ ձեռքերը դրել է սեղանին: Պլակատի ձախ ստորին անկյունում կապույտ վարդ է՝ ընտրարշավի խորհրդանշանը, ինչպես նաեւ «Մարինը՝ նախագահ» մակագրությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: