Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը` որպես «Ազգ-բանակ» համակարգի առաջավար-ռազմավարագետների աճեցման գիտակրթական հենք

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ,
քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հ. Ս. Քոթանջյանի զեկուցումը «Ազգ-բանակ-2017» համաժողովում:

 Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության համար առկա ռազմական սպառնալիքների և դրանց հաղթահարման ռեսուրսների հաշվեկշռի վերլուծությունը ցույց է տալիս, որ պաշտպանական համակարգի հետագա զարգացման հիմքում պետք է դրվեն նորամուծական հայեցակարգային գաղափարները և կիրառվեն համազգային պաշտպանության ամենաարդիական միջոցները, որոնք համահունչ լինեն Հայաստանի դաշնակիցների ու գործընկերների պաշտպանական-անվտանգային մտքի և տեխնոլոգիաների զարգացումներին: Նման ռազմավարական տրամաչափի գաղափար է «Ազգբանակ» հայեցակարգը, որի ներդրումը ենթադրում է հասարակության և Զինված ուժերի միջև որակապես նոր մակարդակի ու խորության փոխգործության ձևավորում:

Այս համատեքստում հարկ է կարևորել Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ մեր համալսարանում նորերս կատարված «Ազգբանակ» հայեցակարգի մենագրական մշակումը` այժմեական թվային տեխնոլոգիական հեղափոխության պայմաններում ավանդական հայոց աշխարհազոր երևույթի արդիականացմամբ: Ինքնին հասկանալի է, որ նման նորամուծական փոխգործության արդյունավետ ծավալման համար առաջնահերթություններ են համապատասխան գիտելիքներով ու հմտություններով օժտված ղեկավար կադրերի անընդհատ կրթումն ու վերապատրաստումը: Եվ պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը անկախության առաջին տարիներից սկսած իր ուշադրության կենտրոնում է պահել և պահում ռազմակրթական համակարգի ձևավորման ու զարգացման հարցերը:

Այդ քաղաքականության շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախարար, ներկայումս ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում գիտական ստաժավորումների միջոցով ծանոթանալ ԱՄՆ-ի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությանն իր գիտական հետազոտությունների արգասիքներով սնուցող և ղեկավարության բարձրագույն օղակի միջգերատեսչական անվտանգային կրթությունն ապահովող այդ գիտակրթական հաստատության գործունեության սկզբունքներին և մշակել դրա մոդելի տեղայնացմամբ Հայաստանում քույր կազմակերպության ստեղծման նախագիծը: Այդ բազմափուլ ծրագրով է Հայաստանի պաշտպանության նախարարության համակարգում հիմնադրվել Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը:

Իր գործունեության ընթացքում Ինստիտուտը՝ որպես ապագա Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտական հիմնասյուն, քայլեր է ձեռնարկել Հայաստանում պաշտպանական-անվտանգային հետազոտությունների համար անհրաժեշտ որակավոր մասնագիտական միջավայրի ստեղծման ուղղությամբ: Տվյալ գիտական կառույցի հետազոտությունները միտված են ապագայում դառնալու ղեկավար կադրերի անվտանգային կրթության նորամուծական հենքը, իսկ հետազոտողների կազմը` պրոֆեսորադասախոսական թիմի մտավոր միջուկը:

Այս նպատակով վերջին տարիներին հիմնվել են ապագա Հետազոտական համալսարանում դասավանդվող ռազմավարական գիտելիքն արտադրող, համակարգող և հրապարակող գործիքներ՝ ռազմավարական հետազոտությունների «Աշխատանքային տետրեր» գիտակիրառական հանդեսը, որում հրապարակվում են ԱՌՀԻ-ի մասնագետների համադասմամբ և առաջատար հայրենական ու արտասահմանյան փորձագետների ներգրավմամբ կատարված տարածաշրջանային և ֆունկցիոնալ հետազոտությունները ներկայացնող կոլեկտիվ մենագրությունները, Հայաստանի պաշտպանության նախարարության համակարգում առաջին ասպիրանտուրան և քաղաքական գիտությունների գծով թեկնածուի ու դոկտորի գիտական աստիճաններ շնորհող՝ հանրապետությունում առաջին մասնագիտական խորհուրդը:

Հետազոտական բաղադրիչի հաջորդական զարգացմանն է միտված մեր Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կազմում ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի գործակցությամբ ռազմավարական խաղերի և կիբեռանվտանգության խմբերի ստեղծումը: Ռազմավարական խաղերի խմբի ստեղծման նպատակներից է տարածաշրջանային անվտանգության տուրբուլենտ դինամիկայի կանխատեսումներում բարձր մակարդակի անորոշությունների պարագայում պաշտպանական համակարգում կատարվող հետազոտությունների արդյունքների ճշգրտության մակարդակի բարձրացումը նորամուծական վերլուծական մեթոդների կիրառման շնորհիվ: Միևնույն ժամանակ, այդ խմբի ստեղծումը նպատակաուղղված է ապագա կրթական գործունեությունում ուսուցման նորամուծական, մասնավորապես՝ ռազմավարական խաղերի և անվտանգային զարգացումների դժվարկանխատեսելի դինամիկայի սցենարային վերլուծության մեթոդների ներդրմանը:

Կիբեռանվտանգության խմբի գործունեության կարևոր արգասիքներից է Ազգային անվտանգության ռազմավարության նորացման շրջանակներում Կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագծի մշակումը, մի փաստաթղթի, որն արդեն հաջողությամբ գիտական փորձաքննություն է անցել ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Տեղեկատվական ռեսուրսների և կիբեռտարածության կառավարման քոլեջում:

Ինչ վերաբերում է Համալսարանի գործունեության կրթական բաղադրիչին, ապա այնտեղ ինտենսիվ աշխատանքներ են տարվում 2017 թ. սեպտեմբերից միջգերատեսչական և գերատեսչական ձևաչափով վերապատրաստման պիլոտային դասընթացների կազմակերպման ուղղությամբ: Դրանց հիմքում ՆԱՏՕ-ից, ՀԱՊԿ-ից, Միացյալ Նահանգներից և Ռուսաստանից խորհրդատուների մասնակցությամբ անցկացվող Պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հաշվառմամբ դրվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի և ռազմական անվտանգության ասպարեզում մեզ հետ գործակցող առաջատար մասնագետների՝ Պաշտպանական համակարգի բարեփոխմանն ուղղված հետազոտությունների արգասիքը: Պլանավորվում է հետագայում այդ դասընթացների հենքի վրա մշակել Հայաստանի Հանրապետության ապագա սերնդի ռազմավարական առաջավարների պաշտպանական-անվտանգային պատրաստման մագիստրոսական ծրագրերը:

Մեր Համալսարանում ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության կազմակերպմամբ կամբողջացվի Հայաստանում իրականացվող ռազմակրթական բարեփոխումների գործընթացը` արդի անվտանգային մարտահրավերներին արդյունավետ կերպով դիմակայելուն ունակ կադրեր պատրաստող և մարտավարականից մինչև ռազմավարական մակարդակը ներառող ռազմակրթական համակարգի ձևավորմամբ:

 

Տեսանյութեր

Լրահոս