«Երևանում մայթերով քայլելն ուղղակի տանջանք է». Հասմիկ Պապյան
«Ես սրտի ցավ եմ ապրում, տեսնելով, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում բնությանը՝ սկսած սարերից, լեռներից մինչև ծառերը: Ես իսկապես չեմ կարող դիմանալ: Երևանում չկան կանաչ տարածություններ: Սա շատ ցավալի է»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է երգչուհի Հասմիկ Պապյանը՝ խոսելով մայրաքաղաքի խնդիրների մասին:
«Ցավ են պատճառում շենքերի վրա ավելացրած կառույցները՝ խելքին փչած ձևով ու կարգով: Ես չգիտեմ կառուցողը ներսից տեսնում է դա, թե չէ: Բայց երբ ես տեսնում եմ Երևանում շատ հազվագյուտ գեղեցիկ շենք, հայացքս բարձրանում եմ, տեսնում եմ վրան կառուցաված անճաշակ, անճոռնի, անթույլատրելի մի բան»,-ասաց աշխարահռչակ երգչուհին:
Հասմիկ Պապյանի մատնանշած հաջորդ խնդիրը մայթերի վիճակն է. «Բոլոր մայթերը զբաղված են, եկել են առաջ, մայթով անցնելը հետիոտնի համար, ուղղակի տանջանք է: Հանգիստ քայլելու փոխերեն պետք է անընդհատ իջնես, բարձրանաս: Անընդունելի երևույթ է: Սնկի պես սրճարաններ են բացվում: Բայց դրա փոխարեն բոլորը սրճարանում ծխում են, չկան առանձնացված սենյակներ ծխողների ու չծխողների համար»:
Նա որպես օրինակ մատնաշեց Վիեննա, որտեղ ապրում է. «Վիեննայում բնակարանների պատուհանները, որոնք բակ են բացվում ու ոչ ոք չի տեսնում, պետք է նույն գույնով ներկված լինեն, անգամ մեզ թույլ չտվեցին ալեհավաք տեղադրել, որովհետև շենքի արտաքին տեսքը կխաթարվեր»:
Միաժամանակ երգչուհին ասաց, որ կան դրական փոփոխություններ. Երևանում շատացել են գեղեցիկ ծաղիկները, որոնք աչք են շոյում:
«Պետք է պահպանենք մեր մշակութային հուշարձանները, փայփայենք: Բաներ կան, որոնց դեպքում պետք է անձնական շահերը մի կողմ դնել: Ժամանակն է, որ քննադատությունները տեղ հասնեն: Ես մեկ-մեկ ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ շարունակ բողոքում եմ, քննադատում եմ, բայց ես դրական մարդ եմ, ուղղակի այդ երևույթներն են շատ: Մի փոքր կտոր հողը պահելու համար մենք չպետք է մեզ վատ բաներ թույլ տանք: Գերմանացիները 86 մլն են, իրենց կարող են թույլ տալ հեռուստատեսությամբ անճաշակ երաժշտություն դնել, իսկ մենք՝ ոչ»,-ասել է նա: