Թուրքիայի քրդամետ կուսակցությունը հայց է ներկայացրել ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների դեմ
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դատական հայց է ներկայացրել` ընդդեմ երկրի բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենի և հանձնաժողովի անդամների: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Կուսակցությունը նրանց մեղադրել է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Խմբակցության ղեկավար Ահմեթ Յըլդըրըմը հատկապես ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանձնաժողովը վավեր է ճանաչել անկնիք քվեները, ինչը դեմ է գործող օրենքներին:
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները բողոքարկել էին հանրաքվեի արդյունքները` հաշվի առնելով այն, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր վերջին պահին վավեր ճանաչել նաև անկնիք քվեները:Ապրիլի 19-ին, սակայն, հանձնաժողովը մերժել էր բողոքարկումը:
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է սահմանադրական դատարան, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մտադրության մասին: