«Արթուր Սարգսյանի պարագայում արդարադատությունը բարոյականության հետ առնչություն չունեցավ». Հրանուշ Խառատյանը՝ «Հաց բերողի» մահվան մասին
«Արթուր Սարգսյանի պարագայում արդարադատությունը բարոյականության հետ առնչություն չունեցավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին՝ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքով՝ եթե արդարադատությունը դատական ամբողջ համակարգն է, վաղուց հայտնի է, որ արդարադատությունը, կարծես թե, հիմնականում պատժող արդարադատություն է, և վաղուց քննարկվում է այն հարցը, թե ինչու այս աստիճան շատ են անազատության ենթարկելով քննություն վարելու դեպքերը:
«Գոնե հանրությանը հայտնի տեղեկություններով՝ Արթուր Սարգսյանը հանրությանը վտանգ չսպառնացող գործողություն էր արել, և թվում էր՝ սա հենց այն դեպքն է, որ իշխանությունը հանգիստ կարող է վստահել մարդուն, և նաև իմանալով հանրային համակրանքը՝ մի քիչ արդարադատության պատժիչ ֆունկցիան տեղափոխել արդարության ֆունկցիայի: Դա տեղի չունեցավ: Ավելին, այդ 3 շաբաթվա հացադուլի երկրորդ շաբաթվա վերջում արդեն նրա հետ հանդիպելու հնարավորություն ունեցող փաստաբանն անընդհատ հանրությանը տեղեկացնում էր, որ իր պաշտպանյալը ծանրագույն վիճակում է գտնվում, հազիվ է խոսում, արյուն է փսխում, և այլն: Այսինքն՝ մենք բոլորս հետևում էինք հոգեվարքի, և այն, որ պատգամավորների միջնորդությունից հետո նրան ազատ արձակեցին, թույլ տվեցին, կարծես թե, նրան տանը մահանա, բայց տանը չմահացավ, մահացավ հիվանդանոցում, ինչին և գնում էր այդ ամբողջ ընթացքը»,- նշեց Հ. Խառատյանը:
Նրա դիտարկմամբ՝ տվյալ դեպքում խախտված է թե՛ արդարադատությունը՝ իրավունքի մասով, թե՛ արդարությունը՝ լայն իմաստով. «Կարող է բարոյականությունը բախվել արդադատությանը, բայց բարոյականությունն արդարությանը չի բախվում, իսկ մենք այստեղ հենց բախում ունենք այս կարգին: Կարող ենք հանգիստ ասել, որ Արթուր Սարգսյանի պարագայում արդարադատությունը բարոյականության հետ առնչություն չունեցավ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: