«Խոստում տալու հարցում բավականին ժլատ եմ». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նախընտրական քարոզչության շրջանակում Ավան վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչ քայլեր են ձեռնարկվում բանկերում վարկային տոկոսները նվազեցնելու ուղղությամբ, ասաց.
«Բանկերի տոկոսների բարձր լինելը կախված է մի քանի գործոնից, և բոլորը շատ լավ գիտեն այդ բոլոր գործոնները: Մեկը կախված է ավանդների տոկոսից, և շատ դեպքերում, երբ խոսում ենք բանկերի տոկոսների նվազեցման մասին, պետք է հասկանանք, որ այդ պարագայում ավանդների տոկոսներն էլ պետք է նվազեն: Երկրորդ՝ տնտեսության ռիսկայնությունից, երբ բանկիրը գնահատում է իր ռիսկն ու դրա չափն այնպես է դնում, որ, եթե նույնիսկ կորուստներ ունենա, չտուժի: Երրորդ՝ էժան ռեսուրսի առկայություն: Հոկտեմբերից սկսած՝ Կենտրոնական բանկը 4 անգամ նվազեցրել է ռեֆինանսավորման տոկոսը: 2016 թվականի արդյունքներով՝ բանկերն ունեցել են բավականին լուրջ շահույթ, ու ազատ գումարների լիկվիդայնությունը մեծացել է»:
Վարչապետը նշեց, որ խթանելու են բիզնեսը, որպեսզի այն «զարթնի, աշխուժանա», ինչը, ըստ նրա՝ կազդի նաև բանկերի վրա «Մենք հստակ ներկայացրել ենք 3.2 մլրդ դոլարի ներդրում, որից 840 միլիոնը համարում ենք իրատեսական 2017 թվականին, ու խթանելով բիզնեսին՝ նրա ռիսկայնությունն ենք նվազեցնելու: Հետևաբար՝ բանկերի անհանգստությունը, որն ազդում է տոկոսների վրա, նվազելու են: Ընդհանրապես, բանկերը նույն բիզնեսն է, նույն ծառայություն վաճառողն է, և այնտեղ չունենք ղեկավար, որը կարող է մի հրամանով ասել՝ դու տոկսդ պետք է իջեցնես: Եթե նույնիսկ տեսականորեն մենք պատկերացնենք, որ այդպիսի բան հնարավոր է, դա ուղղակի բոլոր տնտեսական կանոններին հակասում է, դա բերելու է տնտեսության կոլապսի»:
Նոր աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ չի սիրում խոստումներ տալ, և խուսափեց կոնկրետ թվեր նշել. «Խոստում տալու հարցում բավականին ժլատ եմ, որովհետև, երբ խոստում եմ տալիս, անպայման ուզում եմ դրա տակից դուրս գալ: Իրականում ես վստահ եմ, որ ինչ գործողություններ և ծրագրեր ունենք, բերելու է տնտեսության աճի:
Տնտեսության աճը մի գործընթաց է, որը կախված է ոչ միայն կառավարիչներից և կառավարությունից, այլ նաև՝ թե բիզնես միջավայրն ինչպես կարձագանքի, բնակչությունն ինչպես կարձագանքի: Շատ են հարցնում՝ ո՞րն է կառավարության ամենակարևոր խնդիրը: Ճիշտ պատասխանն այն է, որ կառավարության համար բոլոր խնդիրներն էլ կարևոր են, դու չես կարող ասել՝ մանկապարտեզն ինձ համար կարևոր է, աղբահանությունը երկրորդական է: Բայց, որպես կառավարության ղեկավար՝ ինձ համար առաջնային խնդիրը հետադարձ կապն է մեր հասարակության հետ, որպեսզի նա հավատա մեր ծրագրին, այդ ծրագրին արձագանքի: Այդ իսկ պատճառով, դա կախված է նրանից, թե ինչպիսի աշխուժություն, ոգևորություն, փոփոխություն կբերեն բիզնես միջավայրը, գործարար, ստեղծագործ մարդիկ: Հետևաբար, թույլ տվեք՝ թվեր չհնչեցնել»:
Ներկաներից մեկն էլ ասաց. «Հարցս ձևակերպեմ ձեր ոճով՝ ե՞րբ ենք լավ ապրելու»: Ի պատասխան՝ Կարեն Կարապետյանն ասաց. «Դե, որ իմ ոճով, ուրեմն՝ շարունակեք, ես որ հարցը ձևակերպում եմ, պատասխանն էլ եմ տալիս: Ասեմ՝ չի լինելու մի պահ, որ մենք մեր առջև նոր հորիզոն չդնենք, և բավարարված լինենք ամեն ինչով: Մենք մեր հիմնական խնդիրը դնում ենք հետևյալի մեջ, որ մեր քաղաքացիներին հաշվետվություն տալու ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի զգա, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում: Երկրորդ՝ բացի նրանից, որ նա զգա՝ ճիշտ ուղղությամբ ենք գնում, մենք կարողանանք բացատրել, որ այդ փոփոխությունները մաքսիմալին մոտ են այն հնարավորությունների և սահմանափակումների մեջ, որոնք մենք ունենք: Այս հարցում մենք լինելու ենք մաքսիմալ պարզ և թափանցիկ: Մենք անպայման գալու ենք նրան, որ ռեգուլյար հասկանանք՝ ճիշտ ուղղությամբ ենք գնում»:
Վարչապետը նշեց, որ, եթե չես հավատում այդ գաղափարին, ապա դրան հասնելն անհնար է: «Պետք է յուրաքանչյուրս հավատա, որ կարող ենք ուղղակի ֆանտաստիկ լավ երկիր լինել: Մենք մեզ պետք է թասիբի գցենք՝ ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք չենք կարող: Կարողացա՞ ձևակերպել: Ասենք՝ հողն այնքան չոր է, որ եսիմինչքան դեռ պետք է ջրենք, որ սերմ կարողանանք ցանել: Մինչև հագեցման տեղին չհասնենք, այդ սերմը բերք չի տալու,- ասաց նա՝ հավելելով,- Այս մեկը ոնց որ ավելի լավ ստացվեց մոտս»: