«Այս կլիմայի փոփոխության պայմաններում սելավի, ջրհեղեղի վտանգ կա»
«Մենք միշտ, իսկ այս տարի՝ հատկապես, արտահայտել ենք մեր անհանգստությունը, որ մեր քաղաքները, բնակավայրերը ու հատկապես՝ Երևանն անպաշտպան են բնության ռիսկերի նկատմամբ։ Ու այս կլիմայի փոփոխության պայմաններում սելավի, ջրհեղեղի վտանգ կա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության (հ/կ) նախագահ Կարինե Դանիելյանը։
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ջրաօդերևութաբան Թրահել Վարդանյանը, նշեց 3 պայման, որոնց առկայությունը կարող է հանգեցնել սելավների կամ ջրհեղեղների:
1․ Ձմռանը պետք է լինի բավարար քանակի ձնածածկ:
2․ Պետք է լինի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, գոնե եղած ջերմաստիճանից 8-10 աստիճան:
3․ Եվ այս ամենին պետք է հետևեն հորդառատ անձրևներ։
«Եթե այս տեսանկյունից նայենք, ապա փաստացի առաջին բանը, որ ունենք, ձյունն է, որը նորմայից ավելի է, իսկ երկրորդ և երրորդ պայմաններն այսօր կանխատեսել անհնար է, բայց, այնուամենայիվ, հավանական է, որովհետև կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով այսօր ամբողջ երկրագնդի վրա էքստրեմալ երևույթներն ավելի հաճախակի են դարձել։ Այս առումով վտանգ կա, բայց ներկայիս դրությամբ մեր ունեցած պայմանների դեպքում վտանգն այդքան լուրջ չէ։ Սրա համար պետք է նախապատրաստական աշխատանքներ տարվեն բոլոր գետերի հուներում։ Իհարկե, ինչ-որ աշխատանքներ արվում են, բայց երևի թե՝ ոչ ճիշտ ժամանակին և ոչ ճիշտ տեղերում»,- ասաց Թրահել Վարդանյանը։
Ջրաօդերևութաբանը նշեց, որ սելավի համար ամենառիսկային ամիսներն են հատկապես մարտը, ապրիլը, մայիսը։
«Տարիներ ի վեր մենք պայքարեցինք, որ Գետառի վտակի գոնե կենտրոնական հատվածը չփակվի, բայց մեզ դա չհաջողվեց անել։ Մեզ միշտ ասում էին․ «ընդամենը մի փոքր առվակ է, բայց այդքան տարածք է տրված կենտրոնում, իսկ դա սխալ է քաղաքաշինության առումով, և այդ տարածքը մենք պիտի օգտագործենք», և օգտագործեցին ճանապարհներ և ռեստորաններ շարելու համար։ Այդ փոքր առվակին այդքան տարածք էր տրված, որովհետև այդ առվակը ներուժ ուներ գարնանը կամ աշնանը ձնհալի ժամանակ դառնալ հորդառատ գետ։ Բայց դա հաշվի չառանք»,- ասաց Կարինե Դանիելյանը։
Թե որքանո՞վ է մայրաքաղաք Երևանը պաշտպանված ձնհալից առաջացող հնարավոր ջրհեղեղի վտանգներից, Թրահել Վարդանյանը պատասխանեց. «Ճանապարհի եզրերը, որտեղով անցնում են ջրատար դիտահորերը, ամբողջովին ծածկված են սառցով, փակ են, եթե ջուրը գա, ապա չի կարողանա այդ դիտահորով ընդունվել և տեղափոխվել։ Կառաջացնի հոսք, դուրս կգա ճանապարհներից։ Բայց մյուս կողմից էլ՝ եթե դա բաց էլ լիներ, նրանց տարողունակությունը չէր բավարարի այսօրվա պահանջներին, որովհետև դրանք ժամանակին կառուցվել են փոքր քաղաքի համար, այսօր դրանք հիմնովին փոխել չենք կարող, բայց ցանկալի է, որ փոխվեն։ Եթե դա արվի, այս խնդիրն ամբողջովին կլուծվի։ Բայց սա պետք է արվի՝ ոչ թե հինը քանդելով, այլ՝ հնի կողքին նորը կառուցելով»։
Կարինե Դանիելյանի խոսքով՝ բացի Երևանից, վտանգված են նաև ՀՀ այլ բնակավայրերը, հատկապես նրանք, որոնց կողքի լանջերն անտառներից զրկված են։ Հիմա կա 21 պոչամբար՝ թունավոր նյութերով, ծանր մետաղներով լցված, ու այս պոչամբարները մեծ վտանգ են ներկայացնում. «Օրինակ՝ 1990-ականներին Դաստակերտի պոչամբարն ամբողջ թույնը բերեց-լցրեց խմելու ջրի ջրամբար, և շատ մարդիկ թունավորվեցին։ Սա շատ վտանգավոր է»։
Թե ի՞նչ է անում ՀՀ Բնապահպանության նախարարությունն այս պարագայում, Կարինե Դանիելյանը պատասխանեց.
«Բնապահպանության նախարարությունը հրավիրում է քննարկումներ այս խնդիրը լուծելու համար։ Պարզ է, որ կա խնդիր, բոլորը տեսնում են, բայց ամեն մեկը տեսնում է իր անելիքի մի փոքրիկ մասը, համատեղ գործունեություն չկա։ Այս առումով, առաջարկեցինք, և նախարարն էլ ընդունեց, որ հասարակական խորհրդի անունից նամակ գնա կառավարություն, որ ստեղծվի աշխատանքային խումբ, որը նախօրոք կմշակի ծրագիր ձնհալին դիմակայելու համար։ Մեզ հիմա պետք է ռազմավարական ծրագիր մշակել»։
Անի Թորոսյան