ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԱՅՍ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿԻՑ. ՍԱ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐՇԱՎ Է. ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Այն, ինչ կատարվում է Հայ Եկեղեցու և Մայր Աթոռի դեմ, հակաքրիստոնեական և հակահայկական արշավ է։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Սա պետության ու զուտ Հայ Եկեղեցու դեմ չէ, սա հակաքրիստոնեական արշավ է։ Սա փարիսեցիական և քայքայիչ աղանդների գործունեության դրսևորում է։ Սա հակաքրիստոնեական է, հակահայկական է, և միայն վերջում՝ անձանց այդ թիրախավորումը։ Հակառակ պիտի նայենք տրամաբանությանը։ Ինչո՞ւ են թիրախավորում առանձին անձանց, որովհետև իրենց իրական թիրախը շատ ավելի բարձր մակարդակի վրա է։ Դա քրիստոնեությունն է և Հայ Առաքելական եկեղեցին։ Եվ այս առումով ես ոչ միայն դատապարտում եմ, ես մերժում եմ ամբողջովին այս իշխանությունների այդպիսի՝ ամբողջովին թուրք-ադրբեջանական ռազմավարությանը համապատասխանող քաղաքականությունը»,- իր խոսքում ընդգծեց իրավապաշտպանը։
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ իր համար ներկա իշխանությունների հակահայկական գործունեությունը զարմանալի չէ, քանի որ դեռևս 1960-ականներին Բաքվում բարձրագույն կրթություն ստանալով՝ ինքը դեռ այն ժամանակ է ծանոթացել ադրբեջանա-թուրքական պատմական կեղծարարությանը։

«Ես իմ բարձրագույն կրթությունը ստացել եմ Բաքվում 1960-ականներին, և այդ ամբողջն այնտեղից է։ Ինձ համար զարմանալի չէ այն, ինչ իրենք ասում են պատմության մասին՝ «պատմաբաններն ի՞նչ են արել, ի՞նչ էջեր չեն բացել», այդ բոլորը թուրքական և ադրբեջանական, այսպես ասած՝ պատմաբանների ստեղծագործություններից են։ Հայաստանում ապրող մարդիկ կարծում են՝ սա հայտնություն է։ Սիրելիներս, դա ամբողջովին գրված է դեռ 60-ականներից սկսած։ Երբևէ տեսե՞լ եք, որ որևէ եվրոպական պետություն այդպիսի խայտառակ ձևով իրեն դրսևորի։ Սա Հայ Եկեղեցու խայտառակությունը չէ, սա այս իշխանությունների խայտառակությունն է», – նշեց իրավապաշտպանը։
«Այս թիմը եկել է արդեն իսկ մշակված, հիմնական ռազմավարությամբ, և հընթացս ուղղակի շտկվում են և որոշ ճշտումներ են մտցվում։ Եվ այդ ռազմավարությունը եղել է շատ պարզ՝ Արցախն օր առաջ հանձել Ադրբեջանին, ընդ որում՝ զոհերով, որովհետև այսօրվա ապատիայի պատճառներից մեկը դա է, որ այդ արյունոտ վիճակը, որ ստեղծվել է 2020 թվականին, ո՞վ չգիտի այսօր, որ դա պայմանավորված պատերազմ էր՝ հստակ պայմանավորված հանձնում և կապիտուլյացիա կամ զինադադար և այսօրվա կեղծ խաղաղության մասին փաստաթուղթը։ Բայց քանի որ տեսնում են, որ Եվրոպան ոգևորում է իրենց։ Ինչո՞ւ։ Որովհետև իրենց պետք է, որ այս տարածաշրջանում Հայաստանը՝ որպես քրիստոնյա պետություն, չխանգարի իրենց տրանսպորտային և հեռու գնացող՝ Ռուսաստանին շրջափակելու նպատակներին»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։
Նախկին օմբուդսմենը նաև խստորեն դատապարտեց Հայաստանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, այդ թվում՝ գաղտնալսումները, մարդկանց անձնական տարածք մտնելու շարունակական դեպքերը՝ ընդգծելով, որ անձնական կյանքի անձնեռմխելիությունը, անձի անձեռնմխելիությունը և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը «սուրբ սրբոց» են մարդու իրավունքների մեջ։
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ հավաքականորեն պետք է գտնենք ճանապարհը՝ այս խայտառակ վիճակից դուրս գալու համար։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

