Մանթի հայկական ձևով՝ թուրքականի փոխարեն. ChicagoTribune-ի անդրադարձը
Խմորով ուտեստներից, մսով պելմենիներից ինձ ավելի շատ դուր է գալիս հայկական մանթին, գրում է ամերիկյան Chicago Tribune-ի սննդի մասին սյունակագիր Ռոբին Մատերը: Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ թուրքերը բարձրաձայն հայտարարում են, թե մանթին թուրքական է, իր համար դրանք հայկական են:
«Ես մանթիի մասին լսել եմ իմ հայ ընկերներից Դետրոյթում, այնպես որ դրանք ինձ համար միշտ կլինեն հայկական»,- գրում է հոդվածագիրը:
Ռոբինը նկարագրում է հայկական ու թուրքական մանթիների տարբերությունը՝ հայկական մանթին իր չափով ավելի փոքր է թուրքականից, իսկ ոչխարի մսի խճողակը, որը դրվում է բարակ բացված խմորի մեջ, այդքան յուղոտ չէ:
Ամերիկուհին հայկական ուտեստի ևս մեկ առանձնահատկություն է համարում այն, որ հայկական մանթին պետք է սեղանին մատուցել մածնից, սխտորից ու կանաչուց պատրաստված սոուսով: Նա մանրամասն ներկայացնում է նաև մանթիի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները:
Ռոբին Մատերը ավանդական խոհանոցի մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ է, որոնք հրապարակվում են ամերիկյան ամենատարբեր պարբերականներում:
Նա նաև The Feast Nearby անվանումով էսսների հավաքածուի հեղինակն է, որը պատմում է բյուջետային սննդի մասին: