Թուրքիան մտադիր է ևս ութ խոշոր ատոմային էներգաբլոկ կառուցել
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հաստատել է երկրի ծրագրերը, ըստ որի Աքքույու ատոմակայանի չորս ռեակտորներից բացի պետք է կառուցել ևս ութ խոշոր ատոմային էներգաբլոկներ։
Ինչպես հայտնում է TRT հեռուստաալիքը, Փարիզում կայացած Միջուկային էներգիայի գագաթնաժողովի արդյունքներով նախարարը նշել է․ «Միջուկային էներգետիկան և այդ ոլորտում գործակցությունը եղել են դեպի Հարավային Կորեա և Կանադա կատարած մեր վերջին այցերի առանցքային թեմաները։ Այժմ Թուրքիան նախատեսում է հիմնել ևս ութ խոշոր ռեակտոր՝ չորսը Սինոպում և չորսը Թրակիայում»։
Բայրաքթարի փոխանցմամբ՝ Թուրքիան նոր ատոմակայանների կառուցման շուրջ բանակցություններ է վարում տարբեր երկրների հետ, ինչպես նաև սերտ համագործակցում է Ֆրանսիայի հետ։ Մասնավորապես, ֆրանսիական ընկերությունների հետ աշխատանքներ են տարվում «Աքքույու» ԱԷԿ-ի համար սարքավորումների մատակարարման և անկախ փորձաքննության անցկացման ուղղությամբ։
Նա հավելել է, որ Ֆրանսիայի հետ քննարկվել են նոր ատոմակայանների կամ փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) կառուցման հնարավորությունները։ Ընդ որում, ըստ նրա, Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնում ՓՄՌ-ներին և «այդ ռեակտորները որպես շատ կարևոր հնարավորություն է դիտարկում միջուկային նոր դարաշրջանում»։
Բայրաքթարը հիշեցրել է, որ ատոմային էներգետիկայի զարգացումը «պահանջում է զգալի ֆինանսավորում, ինչպես նաև կադրերի տպավորիչ պաշար»։ Այս համատեքստում նա նշել է, որ «հարյուրավոր ուսանողներ են վերապատրաստվել Ռուսաստանի հետ համատեղ իրականացվող «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծի շրջանակներում, նրանք ավարտել են ուսումը և անցել աշխատանքի»։
«Աքքույու» ԱԷԿ-ը առաջին ատոմակայանն է Թուրքիայում, որը կառուցվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից։ ԱԷԿ-ի նախագիծը ներառում է չորս էներգաբլոկ՝ ռուսական նախագծի ВВЭР 3+ սերնդի ռեակտորներով։ Յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը կկազմի 1200 ՄՎտ։ «Աքքույու» ԱԷԿ-ի շինարարությունը համաշխարհային միջուկային ոլորտի առաջին նախագիծն է, որն իրականացվում է Build-Own-Operate («կառուցիր-տիրապետիր-շահագործիր») մոդելով։



