ԵՄ-ն չի մեղմացնի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին
ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում անկայունության պայմաններում էլեկտրաէներգիայի և գազի գների աճը զսպելու համար դեռ շատ բան կա անելու, բայց նույնիսկ այդ դեպքում ԵՄ-ն չի մեղմացնի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները. տեղեկացնում է Euronews-ը։
Յորգենսենը կոչ է արել ԵՄ երկրներին կրճատել էլեկտրաէներգիայի հարկերը՝ այդ քայլն անվանելով տնային տնտեսությունների ծախսերը կրճատելու և արդյունաբերական մրցունակությանն աջակցելու ամենաարագ ճանապարհը։
«Մենք շատ հստակ ազդանշան ենք ուղարկել, որպեսզի նվազեցվեն էլեկտրաէներգիայի հարկերը։ Սա կարող է արվել հենց վաղը։ Պետք չէ սպասել նոր օրենսդրական նախաձեռնություններին։ Լուծումը կարող է իրականացվել հնարավորինս արագ», – ընդգծել է Յորգենսենը։
Միևնույն ժամանակ ԵՄ առաջնորդները մտադիր են Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում Եվրահանձնաժողովից պահանջել կոնկրետ և արագ գործողություններ, որոնք նախատեսված էին մերձավոր Արևելքում դեռևս նոր պատերազմի մեկնարկից առաջ։Յորգենսենը շեշտել է, որ ԵՄ գործադիր մարմինը մշտապես քննարկում է խնդիրը՝ միաժամանակ լուծելով հրատապ հարցեր։



