Բաժիններ՝

ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական հրացաններ և ապօրինի որսված 159 արտույտ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ս.թ. մարտի 1-ից 10-ն իրականացված որսագողության դեմ պայքարի շուրջօրյա խստացված միջոցառումների ընթացքում արձանագրել են ապօրինի որսի դեպքեր։

«Որսաշրջանի արգելքի, տափաստանային արտույտի միգրացիայի ընթացքում Արմավիրի մարզի Շենիկ համայնքի հարակից տարածքում քաղաքացի Վ.Ա.-ն «MR 155» տեսակի 12 տրամաչափի որսորդական հրացանով ապօրինի որսացել էր «Տափաստանային արտույտ» տեսակի 53 թռչուն։

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի հարակից տարածքում քաղաքացի Պ.Հ.-ն «MR 27 EM» տեսակի 12 տրամաչափի երկփողանի որսորդական հրացանով ապօրինի որսացել էր «Տափաստանային արտույտ» տեսակի 63 թռչուն։

Եղվարդ-Աշտարակ ավտոմայրուղու հարակից տարածքում քաղաքացի Ա.Ա.-ն «MR 155» տեսակի 12 տրամաչափի որսորդական հրացանով ապօրինի որսացել էր «Տափաստանային արտույտ» տեսակի 43 թռչուն»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ԲԸՏՄ-ից։

Դեպքերի առթիվ հարուցված վարչական վարույթների շրջանակներում ապօրինի որս կատարած անձանց պատկանող օրինական զենքերն ու ընդհանուր՝ 159 թռչուններն առգրավված են:

Իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Կառույցից իրազեկում են նաև, որ ապօրինի որսի ընթացքում օգտագործվող անձնական սեփականություն հանդիսացող զենքերն ու այլ միջոցները ԲԸՏՄ հայցապահանջով Դատարանի կողմից ենթակա են բռնագրավման։

Միջոցառումները շարունակվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս