Թուրքիայում հետաքննություն է սկսվել ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզելի նկատմամբ

Թուրքիայում քրեական հետաքննություն է սկսվել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի նկատմամբ՝ դատարանի հասցեին հնչեցրած հայտարարությունների պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի դատախազության հաղորդագրության համաձայն՝ Օզելի դեմ քննություն է սկսվել Ստամբուլի քաղաքապետարանի գործով առաջին դատական նիստից հետո։ Այդ գործով դատարանի առաջ կանգնել են 402 մեղադրյալներ, որոնցից 107-ը գտնվում են կալանքի տակ։ Գործի շրջանակում մեղադրյալների թվում է նաև պաշտոնից հեռացված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Դատական նիստից հետո Օզելն Սիլիվրիում լրագրողների հետ զրույցում քննադատել էր դատական կազմին՝ հայտարարելով, որ դատարանը «անկարող է արդար դատավարություն իրականացնել» և որ գործը վստահություն չի ներշնչում հասարակության մեջ։

Դատախազությունը հայտնել է, որ Օզելի հայտարարությունները գնահատվել են որպես վիրավորանք դատարանի հասցեին։ Այդ պատճառով Բաքըրքյոյի գլխավոր դատախազությունը նրա դեմ քրեական գործ է հարուցել Թուրքիայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Օզելը իր ելույթում նաև պնդել էր, որ Էքրեմ Իմամօղլուի մեղավորությունը դեռ ապացուցված չէ և մինչև դատական գործընթացի վերջնական ավարտը նա պետք է համարվի անմեղ։ Ընդդիմադիր առաջնորդը քննադատել էր նաև դատական գործընթացի կազմակերպումը և դատավորների փորձի մակարդակը։

Այս գործը վերաբերում է Թուրքիայում լայն արձագանք ստացած Ստամբուլի քաղաքապետարանի դատավարությանը, որը երկրի ներքաղաքական օրակարգում շարունակում է մնալ ամենաքննարկվող թեմաներից մեկը։

Տեսանյութեր

Լրահոս