Ռումինիան կքննարկի Իրանի դեմ գործողությունների համար տեղական ավիաբազան օգտագործելու ԱՄՆ-ի դիմումը
Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը մարտի 11-ին Ազգային պաշտպանության Գերագույն խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ ինքնաթիռների մուտքն իր ռազմաբազաներ թույլատրելու հարցը՝ Իրանի դեմ գործողություններին աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է Romania-insider կայքը։
Նիստի օրակարգում ներառված են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և Ռումինիայի համար դրա հետևանքներին, ինչպես նաև երկրում ռազմական միջոցների հնարավոր ժամանակավոր տեղակայմանն առնչվող հարցեր։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Միացյալ Նահանգները խնդրել է զորքեր և կործանիչներ տեղակայել Կոնստանցայի շրջանի Միխայիլ Կոգալնիչանու ավիաբազայում, որը ՆԱՏՕ-ի ռազմավարական օբյեկտ է։ Միխայիլ Կոգալնիչանու բազան օգտագործվել է նախորդ ռազմական գործողություններում և համարվում է ՆԱՏՕ-ի կարևոր կենտրոն տարածաշրջանում:
Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն նախորդ տարի մոտ 1000 զինվոր է դուրս բերել Ռումինիայի Կոգալնիչանու ավիաբազայից, քանի որ ԱՄՆ-ն կենտրոնացել էր իր սեփական սահմանների և Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա։ Եվս 1000 ամերիկացի զինվոր շարունակում է մնալ Ռումինիայում։



