23 տոկոս աջակցություն ունեցող Փաշինյանն իրավունք չունի ամբողջ հայ հասարակության անունից շարժում սկսել հասարակության 90 տոկոսի աջակցությունն ունեցող Վեհափառ հայրապետի դեմ. Տեր Վրթանես
Վերջին 2 շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հազվադեպ են հիշում Առաքելական եկեղեցու և Վեհափառի դեմ իրենց սկսած արշավի մասին։ Իշխանություններին իրենց նախընտրական քարոզարշա՞վն է շեղել հակաեկեղեցական ու հակակաթողիկոսական արշավից, թե՞ պարզապես կուլիսներում են գործում՝ իրենց միացած և «տիրադավ» անվանումը ստացած եպիսկոպոսների հետ, թե՞ պարզապես հասկացել են, որ չեն կարող պայքարել եկեղեցու դեմ, և որոշել են «նահանջել»։
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը դժվարանում է ասել, թե իշխանությունն ինչ է հասկացել, միայն Աստված գիտի, թե նրանք ինչ են մտածում։
Հոգևորականը կարծում է, որ իշխանությունն առաջիկա ընտրություններից առաջ եկեղեցու թեմայի առնչությամբ ակտիվություն չուցաբերելով՝ վկայում են այն մասին, որ հասարակության մեջ հակաեկեղեցական արշավն աջակցություն չունի։
«Եթե իշխանությունը ժողովրդի կողմից այս արշավում ունենար լիարժեք աջակցություն, ընտրություններից առաջ ավելի ակտիվ կլիներ։ Բայց սա ցուցիչ է, որ հասարակությունն իրենց այս հարցում չի աջակցում։ Ըստ իս, այս արշավն ուղղորդվում է նաև դրսից՝ Էրդողանի, Ալիևի ու Փաշազադեի կողմից, իշխանությունը գիտի, որ երկրի ներսում հասարակությունն իրենց արշավին չի աջակցում։
Ես չգիտեմ՝ իրենք ընտրություններում կընտրվե՞ն, թե՞ ոչ, բայց եթե ընտրվելուց հետո փորձեն այս ծրագիրը նորից ակտիվացնեն, կնշանակի, որ իրենք դրսի ուժերին ինչ-որ խոստումներ են տվել։ Պարզ է, եթե իրենք չընտրվեն, Եկեղեցու դեմ այս շարժումը երբեք չի վերսկսվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վրթանես Բաղալյանը։
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը հիշեցրեց, որ իշխանությունները 2018 թվականին սկսեցին հակաեկեղեցական շարժում, ձախողեցին ու դադարեցրին, նախորդ տարվա մայիսից կրկին իշխանությունները վերսկսեցին այն։
«Ինքս եմ ականատես եղել՝ թե՛ Մայր Աթոռում, թե՛ այլ վայրերում ինչպես է ժողովուրդը, սովորական քաղաքացիները պայքարում Սուրբ Էջմիածնի ու կաթողիկոսի համար։
Հուսամ, իրավաբանական կրթություն ստացած մարդիկ Նիկոլ Փաշինյանին զգուշացրել են, որ այն, ինչ անում է եկեղեցու դեմ, իր լիազորությունների մեջ չի մտնում, լիազորությունների չարաշահում է։
Ամեն դեպքում, Առաքելական եկեղեցու ու Վեհափառի դեմ իշխանությունների շարժումը դատապարտված է ձախողման»,- հավելեց հոգևորականը։
Ըստ մեր զրուցակցի, շատ երկար ժամանակ իշխանություններն, այսպես ասած՝ «աշխատանքներ» են տարել տարբեր հոգևորականների հետ, նրանց էժանագին խոստումներ են տվել, որպեսզի տրամադրեն Առաքելական եկեղեցու, Վեհափառի դեմ, սակայն քահանայական դասի մոտ իշխանությունները մեծ աջակցություն չեն գտել։ Եթե 20 քահանայից 2-ն է աջակցում իշխանությանը, ապա ստացվում է, որ ամբողջ քահանայաց դասի 10 տոկոսն է աջակցում իշխանությունների այս արշավին։
«Եթե հաշվի առնենք, որ մոտ 57 եպիսկոպոս ու արքեպիսկոպոս ունենք, իշխանությունը նրանցից կարողացել է ընդամենը 9 հոգու ներգրավել իր կողմ։ Վեհափառը, ի տարբերություն իշխանությունների, չունի Դատախազություն, Քննչական, Ազգային անվտանգություն և այլ կառույցներ։ Այսինքն՝ մենք Մայր Աթոռին ի հոգևորս ենք ենթակա։ Տեսնում ենք, որ պետական պաշտոնյաները նաև պետական պաշտպանություն են տրամադրում բոլոր այն հոգևորականների համար, որոնք միանում են վարչապետի հակաեկեղեցական շարժմանը։ Նույնիսկ այս պետական աջակցության ու պաշտպանության պարագայում, իշխանությունը չկարողացավ ամբողջ եկեղեցականների շրջանում 10 տոկոսից ավելի աջակցություն ունենալ։ Եկեղեցականների 90 տոկոսից ավելին Վեհափառի կողքին է, ավելին՝ հայ հասարակության 90 տոկոսից ավելին նույնպես աջակցում է եկեղեցուն ու Վեհափառին»,- հավելեց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Շարունակելով՝ քահանան ասաց, որ, ըստ տարբեր հարցումների՝ Նիկոլ Փաշինյանին աջակցում է հասարակության միայն 23 տոկոսը, հետևաբար՝ 23 տոկոս աջակցություն ունեցող Փաշինյանը որևէ իրավունք չունի ամբողջ հայ հասարակության անունից շարժում սկսել հասարակության 90 տոկոսի աջակցությունն ունեցող Վեհափառ հայրապետի դեմ։
«Եկեղեցին աստվածային կառույց է, հասարակությունը շատ է սիրում Վեհափառին, հակառակ նրան, որ համացանցում նրա դեմ կեղծ լուրեր են շրջանառում, հատկապես այն մարդիկ, ովքեր անձնապես Վեհափառին չեն ճանաչում։ Առասպելներ ու լեգենդներ են շրջանառում Վեհափառի մասին, տարածում բացասական տեղեկատվություն։ Բացի այդ, իշխանությունն է ճնշումներ իրականացնում՝ կալանավորելով Վեհափառի եղբորը, եղբոր որդուն, քրոջ տղային, այսինքն՝ Վեհափառի հարազատների, նրա կողմից շատ սիրված հոգևորականների նկատմամբ՝ Միքայել և Բագրատ սրբազանների, Մկրտիչ և Արշակ սրբազանի, նաև քահանաների։
Մինչև այս պահը քննչականն իմ հեռախոսը չի վերադարձրել, սա խոսում է մեր նկատմամբ իրենց կառույցի վերաբերմունքի մասին։ Հոկտեմբերին վկայի կարգավիճակով հարցաքննվել եմ, իմ հեռախոսն առգրավել են։ Այսքան ժամանակ չե՞ն կարողացել նայել իմ հեռախոսի պարունակությունն ու այն վերադարձնեն ինձ։ Սա խոսում է Քննչականի վատ աշխատանքի մասին»,- ընդգծեց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։



